logo
ՓԱԿԵԼMenu
Հույսի պարգեւը

Հույսի պարգեւը

Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը ղեկավարում են Սոմալիում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Տարիներ շարունակ մայր ու դուստր պայքարել են մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության համար, նպաստել խաղաղաշինությանը եւ կատարել մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ։ Նրանց խիզախությունը, տոկունությունն ու Սոմալիի ժողովրդի հանդեպ նվիրվածությունը Ֆարթուն Ադանին ու Իլվադ Էլմանին թե՛ ազգային եւ թե՛ համաշխարհային մակարդակի ճանաչման են արժանացրել։ Նրանք ստացել են 2015 թ. Գլեյցման միջազգային ակտիվիստի մրցանակ եւ դարձել 2017 թ. Ավրորայի հերոսներ։

Ֆարթուն Ադանն իր գործունեությունն սկսել է ամուսնու՝ ավտոմեքենաների վերանորոգման սրահի սեփականատեր Էլման Ալի Ահմեդի շնորհիվ, որը խաղաղության գործիչ էր եւ անվերապահորեն հավատում էր, որ Սոմալիի ապագան պաշտպանելու միակ ճանապարհը  երկրի երեխաներին փրկելն է։ Նա լի էր իր երկրին դրական փոփոխություն բերելու վճռականությամբ՝ կողքին ունենալով անձնվեր գործընկերոջը՝ Ֆարթունին։

Նրա ծրագրած «Զենքը վայր դիր, վերցրու գրիչը» հայտնի քարոզարշավն օգնեց զինյալ խմբերի զինվորագրած երիտասարդներին՝ ընձեռելով նրանց կրթության հնարավորություններ: Ռազմատենչ հրամանատարները, որոնց զայրացրել էր հավանական մեծարժեք զորակոչիկների կորուստը, պարբերաբար սպառնում էին Ահմեդին, սակայն նա կանգ չէր առնում։ 1996 թվականին նրան գնդակահարեցին սեփական տան մոտ՝ իբրեւ մահապատիժ։ Գործն այդպես էլ չբացահայտվեց։

Առաջնորդվելով իրենց զավակներին անվտանգ օթեւան եւ պայծառ ապագա ապահովելու ցանկությամբ՝ Ֆարթունը տեղափոխվեց Կանադա, սակայն հայրենի երկրի ծանր կացությունը նրա մտքից դուրս չէր գալիս։ 2006 թ., երբ արդեն դուստրերն այնքան մեծացան, որ կարող էին իրենք իրենց հոգ տանել, նա վերադարձավ Սոմալի, որովհետեւ գիտեր, որ այնտեղ հազարավոր ուրիշ երեխաներ հուսահատորեն իր օգնության կարիքն ունեին։ «Բազմաթիվ առումներով, այն զգացումն ունեի, որ այդ երիտասարդ տղաներն ու աղջիկները եւս իմ երեխաներն էին։ Իսկ ոչ մի մայր պարապ չի կանգնի, երբ իր երեխաները նման վայրագությունների են բախվում», - բացատրում է Ֆարթուն Ադանը TIME-ում լույս տեսած հոդվածում։ Նա որոշեց, որ ժամանակն է տեր կանգնելու ամուսնու ժառանգությունը եւ շարունակելու նրա գործը։

Մոգադիշու հասնելուց հետո Ֆարթունն իր ամուսնու հիշատակին հիմնեց «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Այն իր գործունեությամբ աջակցում է նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը. երիտասարդներին օգնում է, որ կրթություն ստանան, աջակցում է սեռական բռնությունների զոհերին, կանանց տալիս է սեփական ուժերին ապավինելու համար անհրաժեշտ հմտություններ։

2010 թ. Իլվադ Էլմանը Սոմալիում միացավ մորը: Երիտասարդ կնոջ համար, որը տարիներ էր անցկացրել բոլորովին այլ միջավայրում, դա մեծ փոփոխություն էր, սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի լավ ըմբռնել, թե մայրն ինչու էր հետ գնացել, եւ որոշեց նրան օգնության ձեռք մեկնել։ «Երբ այցելեցի, ես վախեցա. այնքան նախապաշարումներ ունեի, որ պարզապես ցանկանում էի փախչել եւ նորից ինձ ապահով զգալ։ Սակայն այն մարդիկ, որոնց մայրս օգնում էր, այդ հնարավորությունը չունեին։ Սա պարզապես նրանց կյանքն էր։ Եվ հասկացա, որ պետք է թողնեի, որ մայրս օգներ նրանց, իսկ ես պետք է իրե՛ն օգնեի», - ասում է Իլվադը, որը ներկայումս «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ծրագրերի մշակման ու վերահսկման պատասխանատուն է։

Իլվադ Էլմանը (կենտրոնում) Կանադայից Սոմալի տեղափոխվեց 2010 թվականին:

2017 թվականին «Ավրորայի» հերոս ընտրվելուց հետո Ֆարթունը եկավ Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը։ Իլվադը չկարողացավ գալ, սակայն հոգով մոր հետ էր։ «Դուստրս չկարողացավ այստեղ գտնվել, քանի որ մանկահասակ զինվորի հարցի շուրջ բանակցելու խնդիր ունեինք, եւ նա այնտեղ պետք է լիներ։ Նա այնպիսի՜ հուզմունքով էր ուզում այստեղ լինել, բայց այստեղ չէ։ Սակայն մենք շատ հպարտ ենք, որ Սոմալիում մեր կատարած աշխատանքը ճանաչման է արժանանում։ Աշխատանքը դժվար է ու վտանգավոր, բայց այն է, ինչ մենք ենք ընտրել։ Եվ մեզ հարկավոր է բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են մեզ օգնել», -  ասաց Ֆարթունը 2017 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ընթացքում իր ելույթի ժամանակ։

Մայր ու դուստր միասին օրուգիշեր աշխատում են՝ օգնելով նախկին մանկահասակ զինվորներին ու բռնաբարության զոհերին խիստ անհրաժեշտ օժանդակությամբ: Նրանց ամենօրյա աշխատանքում բազմաթիվ խնդիրներ են առաջ գալիս, բայց առաջին տեղում մնում են վտանգն ու անորոշությունը: «Երբ նոր էի տեղափոխվել Սոմալի, տարօրինակ կերպով այն ժամանակ փոքր-ինչ ավելի ապահով էր, քանի որ գոնե գիտեիր, թե որտեղ է առաջնագիծը, ու գիտեիր, թե որ տարածքներից պետք է խուսափել: Հիմա, կարծես, կուրորեն տեղաշարժվենք»,- բացատրում է Իլվադը:

Ֆարթուն Ադանը՝ հուզիչ պահեր 2017 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: 2017 թ. մայիսի 28, Երեւան, Հայաստան:

Անցյալ տարի այս կանանց կյանքը խաթարվեց եւս մեկ անձնական ողբերգությամբ: 2019 թ. նոյեմբերի 20-ին Ֆարթունի դուստր եւ Իլվադի քույր Ալմաս Էլմանը, որը նույնպես աշխատում էր սոցիալական արդարության, Սոմալիում կանանց իրավունքների եւ մանկահասակ զոհերի վերականգնման ոլորտում, Մոգադիշուում մահացավ պատահական փամփուշտի զարկից։

Դժվար է պատկերացնել, թե դա ինչ ծանր հարված էր ընտանիքի համար, բայց նրանք, այդուհանդերձ, չընկրկեցին։ «Ո՛չ նրա մահը, ո՛չ էլ հորս մահը, հաստատ, ապարդյուն կամ անհետեւանք չեն: Անձնապես ինձ համար ապրելն ու նպատակին ծառայելը նրանց կորուստը սգալու մի մասն է եղել: Չկա այլ ճանապարհ, որը կօգներ մեզ հաղթահարելու քրոջս մահը, եթե չապրեինք ու մեր ամենօրյա գործունեությամբ չծառայեինք այն նպատակին, որի համար նա մահացավ: Մենք չենք մոռանում կորստի մասին, բայց շարժվում ենք առաջ»,- ասում է Իլվադը:

2020 թ. կորոնավիրուսի համավարակը լրացուցիչ լարվածություն մտցրեց «Էլման» կենտրոնի աշխատանքում, որն այժմ նաեւ բարձրացնում է իրազեկությունն այն մասին, թե ինչ քայլեր ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար: «Սոմալիում իրավիճակը տարբեր է այն վայրերից, որտեղ ասում են՝ ձեռքերը 20 վայրկյան լվացեք հոսող ջրի տակ: Մարդիկ այստեղ չունեն հոսող ջուր: Մենք ունենք մասնագիտացած ուսումնական կենտրոններ, որտեղ պատրաստում ենք դիմակներ կամ ձեռքերն ախտահանող նյութեր: Պարզապես փորձում ենք մարդկանց ապահովել առաջնային պարագաներով, որպեսզի նրանք կարողանան պայքարել հիվանդության տարածման դեմ»,- ասում է Իլվադը եւ ավելացնում. «Ամենամեծ մարտահրավերը մարդկանց հասկացնելն է, որ, այս քայլերին հետեւելով, կարող ես ապահով լինել: Այս ուղղությամբ հանրային ուսուցողական մեծ արշավ ենք իրականացրել»:  

Որքան էլ երկար ժամանակ պահանջվի իրենց տեսլականը կյանքի կոչելու, միեւնույն է, Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը կանեն ամեն ինչ: Ինչպես Իլվադն է ասում, նրանք երբեք էլ պատրանքներ չեն ունեցել, թե հեշտ գործ են ստանձնել. «Մենք ուզում ենք երկարաժամկետ լուծումներ ներդնել, որոնք կապահովեն զարգացում, վարքի եւ սոցիալական չափորոշիչների փոփոխություն: Մարդկանց մեծ մասն աշխատում է ոլորտներում, որտեղ մենք ուզում ենք արագ արդյունք ունենալ, բայց գիտենք, որ երեխաների եւ երիտասարդների վերաինտեգրումն ու վերականգնումն արագ ներգործության ծրագրեր չեն: Դրանք երկարաժամկետ նվիրում են պահանջում: Այդուհանդերձ, հետ նայելով ընդամենը տասը տարի առաջ եւ հիշելով այս ընթացքում տեղի ունեցած շատ փոփոխություններ՝ ես ու մայրս ուժ ու եռանդ ենք ստանում շարունակելու մեր գործը»:

Երեք տասնամյակից ավելի Սոմալիում քաղաքացիական պատերազմ է մոլեգնում, եւ շատերը կարծում էին, թե իրենք ապագա չունեն: Այդ մռայլ հեռանկարը մարդկանց հասցրել էր զայրույթի ու հուսահատության՝ է՛լ ավելի բորբոքելով բռնության արատավոր շրջանը: Սակայն Ֆարթունն ու Իլվադն ամենակարիքավոր սոմալացիներին տալիս են ավելի լավ կյանք ունենալու երկրորդ հնարավորություն:

Սա ավելին է, քան աջակցությունը. սա հույսի պարգեւն է: