«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Մարտի 15, 2016թ.- «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտարարեց մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անունները. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: 

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: 

«Չորս հավակնորդներն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության եւ բռնության դեմ: Մենք «Ավրորա» մրցանակով ոչ միայն խրախուսում ենք, այլ նաեւ սատար  ենք կանգնում այն հերոսներին, որոնք հանուն մարդասիրության պայքարում են հալածանքների եւ անարդարությունների դեմ: 100 տարի առաջ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին, այսօր մենք շնորհակալություն ենք ասում նրանց՝ փառաբանելով նույն ոգով այսօր պայքարող հերոսներին»,– ասաց Ընտրող հանձնաժողովի անդամ եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ 

 

«Ավրորա» մրցանակի հավակնորդները

Մարգարիտ Բարանկիցե

 

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

 

Թոմ Քաթինա

 

Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից:  TIME պարբերականը  2015թ. նրան ճանչել է  ամենաազդեցիկ անհատներից մեկը։

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

 

Հայր Բերնարդ Կինվի

 

Հայր Բերնարդ Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

«Ավրորա» մրցանակի հավակնորդների հայտերն ընդունվում էին 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսներին՝ «Ավրորա» մրցանակի կայքի միջոցով: Հավակնորդներն առաջադրվել են իրենց անձնազոհ աշխատանքի համար՝ բռնությունների դեմ պայքարից մինչեւ կոնֆլիկտային գոտիներում մարդկանց բուժօգնություն ցուցաբերելը:

Հավակնորդներից մեկը կլինի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիրը: «Ավրորա» մրցանակի հավակնորդները ճանաչման կարժանան երկօրյա միջոցառումների ընթացքում՝ մասնակցելով նաեւ աշխարհում մարդասիրության կարեւորագույն հիմնախնդիրների շուրջ քննարկումներին, որոնց մասնակցելու են միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ International Center for Journalists, Not On Our Watch, International Rescue Committee:

«Ավրորան» դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին, Երեւանում:

 

Photo: Father Bernard Kinvi © 2014 Human Rights Watch