logo
ՓԱԿԵԼMenu
Ծառայելու եւ փրկելու սրբազան կոչումը

Ծառայելու եւ փրկելու սրբազան կոչումը

Ժամանակն է հիշել «իսկապես ամենակարեւորն ու էականը՝ մարդկանց փրկել է պետք, ոչ թե ոչնչացնել»:

Սրանք Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր, Կամիլլիանների Միաբանության քահանա Բերնարդ Կինվիի խոսքերն են։

Հայր Բերնարդ Կինվին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն առաջին անգամ ոտք է դրել 2010 թվականին, իր հայրենի Տոգոյում հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո։ Սկզբում նա շատ քիչ բան գիտեր իրեն հյուրընկալած երկրի մասին, բացի այն, որ դա «ռազմական ճգնաժամերի մի վայր է»։ Հայր Բերնարդի կյանքում, սակայն, զրկանքներն ու տառապանքը նոր չէին։ Տոգոյում իր մանկության տարիները զերծ չեն եղել դժվարություններից։ Նա ականատես է եղել, թե քաղաքական ու ռազմական հակամարտությունների ժամանակ մարդիկ ինչպես են զոհվում անընդհատ փոխհրաձգություններից։ Նա որոշ ժամանակ թաքնվել է հայրենի գյուղում` կաթվածահար ու անկողնային հիվանդ հորը խնամելու համար։ Փոքր քույրը սպանվել է իր իսկ աչքի առջեւ։ Մեծ քրոջը սպանել է նշանածը։

Այս փորձությունները Հայր Բերնարդի ոգուն տոկունություն տվեցին: Նա անձնվիրաբար ծառայում է Աստծուն եւ մարդկանց։

«Ուրիշների տառապանքը ես ամբողջ ոգով եմ զգում։ Սեփական կյանքս ինձ համար այլեւս իմաստ չունի։ Բոլոր վախերիս հակառակ՝ ես ուրախությամբ եմ օգնության ձեռք մեկնում մարդկանց»,- ասում է նա:

Սակայն երբ Հայր Բերնարդը եկավ Բոսեմտելե, նա կանխատեսել անգամ չէր կարող, թե աղքատին, հիվանդին ու տառապյալին ծառայելու իր ջանքերն ինչպիսի փորձությունների է ենթարկվելու։ 2012 թվականի դրությամբ, երկիրը դարձել էր մուսուլմանական Սելեկայի ապստամբների եւ նրանց գրոհներին ի պատասխան գլուխ բարձրացրած «անտիբալակա» քրիստոնյա ռազմականների միջեւ քաղաքացիական պատերազմի դաշտ:  Ֆրանսիական նախկին գաղութը թաղվեց կրոնական բռնությունների անելանելի շղթայի մեջ՝ ուղեկցվելով էթնիկ ու կրոնական լայնածավալ զտումներով։

Երբ կողմերի բախումները հասան Բոսեմտելե, Հայր Բերնարդը փրկեց այնքան կյանք, որքան կարող էր՝ անկախ կրոնական կամ քաղաքական պատկանելությունից։ Նա ապաստան ու բժշկական օգնություն տրամադրեց երկու կողմին էլ՝ հասնելով նրան, որ միսիայի տարածք մուտք գործելուց առաջ բոլորը վայր դնեն զենքերը։ Նա հազարավորների համար ապաստարան ստեղծեց եւ հետապնդումից հարյուրավոր կյանքեր փրկեց:

Չնայած երկկողմանի ահաբեկումների, լռակյաց տառապանքի և առօրյա բարդությունների, Հայր Բերնարդը չկորցրեց իր համոզմունքները: Ոգեշնչման աղբյուրը մեկն էր. ծառայել Աստծուն՝ ծառայելով նրա ժողովրդին։ «Մարդկային կյանքն ինձ համար սուրբ է,– ասում է նա,-սուրբ է յուրաքանչյուր անհատի կյանքը` ով էլ լինի, ինչ էլ արած լինի»։ 

Սրանք են այն արժեքները, որոնք դավանում ու փորձում է կյանքի կոչել Կամիլլիանների Միաբանությունը։ Հայր Բերնարդը պարտական է այս միաբանությանը. «Ինը տարի արդեն Կամիլլիանների Միաբանությունը ինձ տպավորել է իր հետեւյալ նշանաբանով՝ մարդուն ծառայելով է միայն հոգիդ երջանկանում»։ Որպես Միաբանության վանահայր՝ Հայր Բերնարդն ուխտ է արել ծառայելու հիվանդներին, ընդ որում՝ ոչ միայն նրանց, ովքեր հիվանդ են մարմնով, այլ նրանց, ովքեր թույլ են ու տառապած, նրանց, ում օգնություն է հարկավոր։

Եվ սա է պատճառը, որ ամեն օր Հայր Բերնարդը ձգտում է անել ավելին՝ նեցուկ լինել աղքատին ու կարիքավորին, դեղորայք բաժանել եւ առավել հոգ տանել, բացել նոր դասարաններ, որպեսզի երեխաները հնարավորություն ստանան դպրոց հաճախելու։ Հայր Բերնարդը մեծ ծրագրեր ունի։ Նա աշխատում է նոր սարքավորումներ ձեռք բերել հիվանդանոցի համար, այդ թվում՝ ստեղծել ատամնաբուժական ու ակնաբուժական ծառայություն, որը ներկայումս հասանելի է միայն 300 կմ հեռու՝ մայրաքաղաք Բանգիում։ Նա ընդլայնում է շարժական բժշկական ծառայությունները, որպեսզի հնարավոր լինի հասնել հեռավոր ու աղքատ գյուղերի բնակիչներին, ովքեր չունեն ոչ էլեկտրականություն, ոչ ինտերնետ, գյուղերին, ուր առանց օժանդակության մարդիկ ավելի ու ավելի ընչազուրկ են դառնում։

Հայր Բերնարդը հաշտություն ու խաղաղություն է երազում։ Նա աշխատում է սոցիալական միասնություն ձեւավորելու ուղղությամբ՝ հանդիպելով Կամերունի ճամբարներում տարիներով լքված փախստականների հետ ու շարունակելով առավել կայուն ու բարգավաճ համայնքներ ստեղծելու վերաբերյալ երկխոսությունը:

Քանի որ, ինչպես նա է ասում` «Հիմա աշխարհը կարիք ունի այնպիսի մարդկանց, որոնք հաստատակամորեն կանգնում են ամենաթույլերի ու ամենաընչազուրկների կողքին… Մարդկության ապագան սրանից է կախված»։
 

Հայր Բերնարդ Կինվին The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի 2016թ. չորս հավակնորդներից մեկն էր: Մրցանակի Ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: «Ավրորա» մրցանակի  առաջին դափնեկիրը հայտնի դարձավ 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում։

*Հայր Բերնարդ Կինվիի լուսանկարը՝ © 2014 Human Rights Watch