Միրզա Դինայի. «Ետպատերազմյան շրջանը պատերազմից բարդ է»

Միրզա Դինայի. «Ետպատերազմյան շրջանը պատերազմից բարդ է»

2020 թ. դեկտեմբերի 7-11-ը «Ավրորա» մրցանակի 2019 թ. դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային հատուկ այցով ժամանել էր Հայաստան եւ Արցախ՝ իր զորակցությունը հայտնելու ընթացիկ մարդասիրական ջանքերին։ 
 

«Պատերազմից մեկնարկից ի վեր մինչեւ դրա կանգնեցումը ես երազում էի այցելել Հայաստան՝ ցանկանալով տեսնել իմ սիրելի ժողովրդին, իմ սիրելի ընկերներին, տեսնել, թե ինչ է կատարվել նրանց հետ։ Հոգեպես ինձ համար կարեւոր էր սեփական աչքերով տեսնել իրավիճակը»,- ասել է ակտիվիստը Մեդիամաքսին։

Միրզա Դինային իր այցելությունն սկսեց վիրավոր զինվորներին տեսակցությամբ, որոնք բուժում էին ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրում։ Իր կյանքը նվիրաբերած լինելով  զինված հակամարտություններից տուժածներին լավագույն բուժօգնություն ապահովելուն՝ Դիանյին, տպավորված տեղի հիվանդանոցների տրամադրած բժշկական ծառայությունների մակարդակով, անհապաղ ցանկություն հայտնեց քննարկելու «Օդային կամուրջ Իրաք» եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրի միջեւ համագործակցության հնարավորությունը։ «Մենք զգալի փորձ ունենք վնասվածքների եւ հետտրավմատիկ խանգարումների բուժման գործում, ուստի կարող ենք կենտրոնանալ այսպիսի նախագծերի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ ետպատերազմյան շրջանը պատերազմից բարդ է։

 

Միրզա Դինային «Հերացի» հիվանդանոցային համալիրում. դեկտեմբերի 8, 2020թ․

Դրանից հետո Միրզա Դինային, որի հայրը՝ Հասան Ալի Աղան, իրաքաբնակ Դինայի ցեղի երբեմնի առաջնորդն էր, այցելեց աշխարհում խոշորագույն եզդիական տաճարը՝ Քուբա Մերե Դիվանե, որը գտնվում է Հայաստանի Ակնալիճ գյուղում՝ հանդիպելու տեղի համայնքի անդամների հետ։ Մինչ այդ, անդրադառնալով հայերի եւ Հայաստանում խոշորագույն ազգային փոքրամասնությունը կազմող եզդիների պատմական կապերին՝ Դինային նշել էր. «Ցեղասպանություն եւ մարդկության դեմ այլ հանցագործություններ վերապրած ժողովուրդները որոշակի ընդհանրություններ ունեն։ Նրանք բոլորը՝ հայերը, հրեաները, ռուանդացիները, կոնգոյացիները, բոսնիացիները եւ եզդիները հավատում են մեկ սկզբունքի՝ ճակատագիրը նրանց սահմանել է գոյատեւել, քանի որ իրենց պարտքն է պայքարել մարդկության մնացյալ հատվածի համար»։ Այցից հետո «Ավրորա» մրցանակի 2019 թ. դափնեկիրը մասնակցեց միջազգային նոր նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը՝ կազմակերպված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «ՀայՓոստի» եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն համագործակցությամբ։

 

Հանդիպում եզդի համայնքի ներկայացուցիչների հետ. Ակնալիճ, Հայաստան, դեկտեմբերի 8, 2020թ․

Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային մեկնեց Արցախ՝ հանդիպելու պատերազմից տուժած մարդկանց եւ տեղական պաշտոնյաների հետ։ Նա հնարավորություն ունեցավ ծանոթանալու Արցախում «Ավրորայի» աջակցությամբ գործող  նախագծերին՝ այցելելով նաեւ թիվ 1 մանկապարտեզ, որի պատուհաններն ամբողջովին փշրվել էին հրետակոծումից եւ ներկայումս վերականգնվում են կազմակերպության ֆինանսավորմամբ։ Նրա հաջորդ կանգառը Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն էր,  որում 2008 թվականից ի վեր վերականգնվում են հաշմանդամ երեխաներ եւ մեծահասակներ, իսկ ներկայումս ամենօրյա բուժօգնություն են ստանում պատերազմից տուժած զինվորներ եւ քաղաքացիներ։ Միրզա Դինային հանդիպեց կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանի հետ, իսկ ապա ուղեւորվեց Ստեփանակերտի հագուստի ֆաբրիկա, որտեղ որդիներին եւ ամուսիններին պատերազմում կորցրած կամ դեռ որոնող կանայք հնարավորություն ունեն աշխատելու եւ շփվելու միմյանց հետ՝ փորձելով վերադառնալ բնականոն կյանքի։

 

Ստեփանակերտի թիվ 1 մանկապարտեզը՝ պատերազմից հետո․ Արցախ, դելտեմբերի 9, 2020թ․

«Ավրորա» մրցանակի 2019 թ. դափնեկիր Միրզա Դինային հանդիպեց նաեւ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ քննարկելու ետպատերազմյան իրողությունները եւ պատերազմի հասցրած վնասը երկրի քաղաքացիական բնակչությանը, որն այժմ կանգնել է հումանիտար մեծ ճգնաժամի առջեւ։ Դինային ընդգծեց միջազգային հանրության՝ տարածաշրջանում իրադրության մասին իրազեկության բարձրացման կարեւորությունը,  քանի որ «երբ յուրաքանչյուրը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի վրա, քչերը գիտեն, թե ինչ է կատարվում այստեղ՝ Արցախում»։ Միրզա Դինային եւ Արտակ Բեգլարյանը միասին այցելեցին Անհայտ զինվորի գերեզման (Ստեփանակերտ), որտեղ թաղված են Արցախյան երկու պատերազմների զինվորներ։ Դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանից հեռանալուց առաջ, Միրզա Դինային այցելեց նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հայ զինվորների հիշատակին։

 

Միրզա Դինային «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ Երեւան, Հայաստան, դեկտեմբերի 11, 2020թ․

Միրզա Դինայիի այցը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային նոր ծրագրի մեկնարկն էր, որով համաշխարհային մարդասերները հրավիրվում են Արցախ, որտեղ նրանց փորձառությունը կարող է նոր հնարավորություններ ընձեռել արցախցի ժողովրդին օգնելու եւ Արցախի միջազգային վարկանիշին աջակցելու համար՝ նոր լույս սփռելով նաեւ տարածաշրջանում «Ավրորայի» իրականացրած ծրագրերի եւ, որպես միջազգային մարդասիրական հանրության ակտիվ անդամ, ստանձնած դերի վրա։ Եզրափակելով արցախյան այցը՝ Միրզա Դինային ասաց. «Աշխարհը քիչ բան գիտի Արցախում ստեղծված իրավիճակի մասին, որի տարաբախտ ժողովրդին բաժին է ընկել շատ վատ ժամանակաշրջան, քանի որ Եվրոպան եւ աշխարհն ամբողջությամբ զբաղված են COVID-19 համավարակով։ Ուստի, մենք պետք է մարդասիրական տեսանկյունից իրազեկենք աշխարհին այս մարդկանց դժբախտության մասին»։

 

Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Հովհաննիսյանին եւ «Համահայկական աշխարհագրական ասոցիացիային» «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի հերթական թողարկմանը Միրզա Դինայիի Հայաստան եւ Արցախ կատարած այցին անդրադառնալու եւ այդ մասին ֆիլմ պատրաստելու համար: