«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջեւ, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է իր ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է ստորեւ ներկայացված 46 նախագծերին։ Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։
Միաժամանակ «Ավրորան» շարունակում է #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին արտահայտել իրենց երախտագիտությունը գործով եւ երկրորդ հնարավորություն պարգեւել դժվարին դրության մեջ գտնվողներին։ Նախաձեռնությունը նաեւ Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը։
Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին
- Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու գործին (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 6.4 մլն դրամ (12,500 ԱՄՆ դոլար),
- Մարդասիրական անհապաղ օգնություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 1,000 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 6.5 մլն դրամ (12,700 ԱՄՆ դոլար),
- Արցախի բնակիչների համար 450 տաք բաճկոնների արտադրություն Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 6.1 մլն դրամ (12,000 ԱՄՆ դոլար),
- Պատերազմից տուժած 600 արցախցիների մարդասիրական աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 210 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 1.3 մլն դրամ (2,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն առցանց հարթակի մշակմանը, որը կներգրավի սփյուռքի ռեսուրսները՝ ճգնաժամը մեղմելու և տեղական տնտեսությունը զարգացնելու համար (AMIA հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմի այրիների համար տեքստիլ արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն տեղահանված մարդկանց Արցախում հրատապ մարդասիրական օգնության հատկացմանը (Street Workout Armenia համայնքային կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Կրթական եւ հոգեբանական աջակցության ծրագիր Վայոց Ձորում ապաստանած արցախցիների համար (Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ)՝ 1.456․000 դրամ (2,800 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախից տեղահանված կանանց մասնագիտական վերապատրաստման եւ նրանց համար աշխատատեղերի ստեղծման գործին («Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (2,885 ԱՄՆ դոլար),
- Արցախում սպորտային եւ կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով ապահով տարածքների ստեղծում երեխաների եւ երիտասարդ կանանց համար (GOALS Armenia կազմակերպության հետ համատեղ)՝ 2.5 մլն դրամ (4,800 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն քաղաքացիական բնակության գոտիներում կասետային ռումբերի եւ այլ պայթուցիկների անհապաղ վնասազերծման աշխատանքներին՝ տեղահանվածների վերադարձն Արցախ հնարավոր դարձնելու համար (HALO Trust կազմակերպության հետ համատեղ՝ հավասար դրամական ներդրմամբ)՝ 13 մլն դրամ (25,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն «Արտադրված է Արցախում» ծրագրին՝ Արցախում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով (Support Market առեւտրային հարթակի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությանը դրամաշնորհի տրամադրման միջոցով աջակցության ցուցաբերում պատերազմից տուժած անապահով մարդկանց՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 425 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 2.86 մլն դրամ (5,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած 83 արցախցի ընտանիքներին սննդով եւ կացարանով ապահովելու գործին («Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ)՝ 2.4 մլն դրամ (4,700 ԱՄՆ դոլար),
- Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում Սյունիքի մարզում ապաստանած արցախցիների համար (Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համատեղ` հավասար դրամական ներդրմամբ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար)։
Բժշկական օգնություն
- Դրամական հատկացում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենյան սարքավորման վերանորոգման համար՝ 5.4 մլն դրամ (10,500 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին Արցախի եւ Հայաստանի անմատչելի վայրերում տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերման գործին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Կենսական կարեւորության դեղորայքի ձեռքբերում արցախաբնակ տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1 մլն դրամ (2,000 ԱՄՆ դոլար),
- 55 ծալովի մահճակալների ձեռքբերում Արցախից բռնի տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Հայաստանում պատերազմի օրերին նախագծված եւ թողարկված հետկոմատոզ վերականգնողական սարքավորումների արտադրությանը («Քայլ Թեք» կազմակերպության հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Օրթոպեդիկ բժշկական պարագաների տրամադրում վիրավոր զինվորներին («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն շարժունակության խնդիրներ ունեցող հայաստանցի եւ արցախցի վիրավոր զինվորներին (Arites Tour կազմակերպության հետ համատեղ)՝ 1.040.000 դրամ (2,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Արցախում տեղացիների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին՝ ուղղված ասեղնաբուժության միջոցով ցավի մեղմացմանը եւ մտավոր առողջության պահպանմանը պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն շարժական կլինիկայի ստեղծմանը, որն Արցախի վիրավոր զինվորներին եւ քաղաքացիներին կմատուցի վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնություն (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած երեխաների եւ մեծահասակների վերականգնմանը՝ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին դրամաշնորհի տրամադրման միջոցով՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 500 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 2.7 մլն դրամ (5,300 ԱՄՆ դոլար)։
Վերականգնում, կահավորում
- Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնմանը (Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Մարտունու քաղաքապետարանին՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտում հացի փռի բացմանը, որը 6 ամիս շարունակ անվճար հաց կտրամադրի եւ կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտի հանրակացարանի կահավորմանը՝ տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն պատերազմից տուժած անձանց համար բնակարանաշինության եւ վերանորոգման աշխատանքներին («Մենք Հայ ենք» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Մարտակերտի հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին («Աջակցություն մեր հերոսներին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար),
- 120 կՎտ հզորությամբ էլեկտրական գեներատորի հատկացում Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ խմելու ջրի մատակարարումն ապահովելու համար՝ 10.4 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),
- 2 էլեկտրական գեներատորների հատկացում Ասկերանի շրջանի մեկ դպրոցի եւ մեկ մանկապարտեզի, եւ եւս 4-ը՝ Մարտունու շրջանի գյուղերին (Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 2.7 մլն դրամ (5,200 ԱՄՆ դոլար)։
Սնունդ
- Սեւանում, Դիլիջանում եւ Երեւանում ապաստանած 166 անձանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),
- 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաներին եւ մեծահասակներին՝ 5 մլն դրամ (9,750 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն Նորշեն սահմանամերձ գյուղի 300 բնակիչների սննդի մատակարարմանը (Դիլիջանի «Նոր Շին» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար)։
Առաջին անհրաժեշտության պարագաներ
- Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 200 արցախցի ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար),
- Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում (Արարատի մարզ) ապաստանած երեխաներին (Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 1.050.000 մլն դրամ (2,050 ԱՄՆ դոլար),
- 20 անվադողերի ձեռքբերում Արցախի շտապօգնության մեքենաների համար՝ 830․000 դրամ (1,631 ԱՄՆ դոլար),
- Աջակցություն արցախցի 85 նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերի փաթեթների հատկացմանը (Prolife կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար)։