Եզդի ակտիվիստը կհանդիպի տեղի համայնքի հետ եւ կայցելի Արցախ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երեւան: Մինչեւ Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 11-ը:
Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:
Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը: «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով ամենամյա նամականիշ թողարկելու ավանդույթի հիմքը դրվեց 2017-ին՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով թողարկված առաջին նամականիշով: Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին եւ պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։
«Հատկապես այս տարի շատ դժվար է բոլորիս համար, եւ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի «Ավրորան» մնա հույսի շողացող փարոս կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրի համար, -նշեց Միրզա Դինային,- ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելու այս երկար սպասված հնարավորության համար, որպեսզի անձամբ արտահայտեմ իմ համերաշխությունն ու աջակցությունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ այն ամենին, ինչի համար նա պայքարում է: Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել եւ դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգեւում»:
Հենվելով զինված հակամարտությունների հետեւանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին եւ հանդիպելու անմիջական շահառուների հետ: Նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց արցախցիներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր: #AraratChallengeforArtsakh դրամահավաքից բացի, նախաձեռնությունը նաեւ կոչ է արել իր միջազգային գործընկերներին, որպեսզի կիսվեն գիտելիքով եւ տրամադրեն աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ լուծումներ ապահովելու համար: