2020 թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղի ունեցավ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին նվիրված միջազգային նամականիշի մարումը: Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «Ավրորայի» այս տարվա միջոցառումները հիմնականում եղել են առցանց, սա տարվա առաջին ոչ առցանց միջոցառումն էր Երեւանում: Այս առիթով եւ մի շարք այլ հանդիպումներ ունենալու նպատակով ավելի վաղ Հայաստան էր ժամանել 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային:
«Յուրաքանչյուր ոք այս աշխարհում տուժել է կորոնավիրուսի համավարակից, բայց Հայաստանն ու Արցախն, անշուշտ, կրկնակի են տուժել: Համավարակից զատ, տեղի ունեցավ աղետաբեր պատերազմ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջնորդվում է «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքով, եւ մենք խորապես հավատում ենք երկրորդ հնարավորությանը: «Ավրորան» բազմաթիվ նախագծերի է աջակցել աշխարհում, եւ հիմա ժամանակն էր, որպեսզի «Ավրորան» գործով արտահայտված այդ երախտագիտությունն ուղղորդեր Հայաստան եւ Արցախ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
Իր այցի ընթացքում Միրզա Դինային եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրում, հանդիպել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորված մարդկանց: Նա նաեւ կայցելի Արցախ «Ավրորայի» միջազգային ծրագրի շրջանակում, որով տարածաշրջան են հրավիրվում մարդասիրության ոլորտի առաջատարները:
«Ես ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին: Իրավիճակն այժմ շատ բարդ է, դուք անցնում ենք ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ պատերազմի եւ հետպատերազմյան դժվարությունների միջով: Ես հասկանում եմ այն միայնության զգացումը, որ կարող եք ունենալ: Բայց հավատացեք ինձ, աշխարհի մեծ մասը ձեր կողքին: Քաղաքական գործիչները մտածում են ուժի, փողի եւ նավթի մասին, իսկ մեզ նման սովորական մարդկանց դրանք չեն հուզում: Մեզ հուզում են մարդկային արժեքները, մեզ հուզում են մարդու իրավունքները եւ խաղաղությունը: Մենք ձեզ հետ ենք»,- նշեց 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային:
«Այս նամականիշը մեծ պատիվ է ոչ միայն Ձեզ համար, պարոն Դինայի, այլեւ Հայաստանի համար: Մենք հույս ունենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում պարոն Դինային հնարավորություն կունենա տեղում ծանոթանալու իրավիճակին, որպեսզի համագործակցություն եւ մարդասիրական առաքելություն սկսի նաեւ Արցախում»,- ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:
Նոր նամականիշը թողարկվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջեւ համագործակցության արդյունքում: Միրզա Դինայիի պատկերով նամականիշի անվանական արժեքը 350 դրամ է, որին կցված է նաեւ 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն։ Կտրոնից գոյացած հասույթը «Հայփոստը» կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ աջակցելու նրա մարդասիրական նախագծերին աշխարհով մեկ:
«Շարունակելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով նամականիշ թողարկելու այս ավանդույթը, «Հայփոստը» ցույց է տալիս իր հանձնառությունն՝ աջակցելու այս համաշխարհային մարդասիրական շարժմանը, ինչպես նաեւ աշխարհին ցույց տալու հայկական մշակույթն ու պատմությունը»,- ասաց «Հայփոստի» գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Հիմա մենք դժվար ժամանակներ ենք ապրում, երբ համավարակին հետեւեց պատերազմը: Վիրավորված է մեր ազգային արժանապատվությունը: Բայց ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք աշխարհին կներկայանանք՝ որպես առաջնակարգ պետություն»,- ավելացրեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես «Ավրորայի» նախորդ երեք նամականիշները, այնպես էլ Միրզա Դինայիին նվիրված նամականիշը ստեղծել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: