2020 թ. պատերազմից հետո Արցախը կանգնեց աննախադեպ մարդասիրական ճգնաժամի առաջ, ուստի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց անհապաղ օգնության ծրագիր` տեղացիներին աջակցելու համար: Այսօր «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն աջակցություն է տրամադրում հինգ առաջնահերթ ուղղությամբ՝ մարդասիրական անհապաղ օգնություն, առողջապահություն, ենթակառուցվածքների վերականգնում, սոցիալական զարգացում, կրթություն, մշակույթ եւ սպորտ: Արցախի ժողովուրդն աստիճանաբար ամոքում է վերքերն ու վերսկսում կյանքը, իսկ այս հոդվածն այն մասին է, թե ինչպես է «Ավրորան» օգնում նրանց:
Տրամադրելով մարդասիրական անհապաղ օգնություն
Առաջին փուլում «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն օգնեց իրականացնել մարդասիրական բազմաթիվ նախագծեր, որոնք անհապաղ օգնություն էին տրամադրում պատերազմից տուժած Արցախի երեխաներին եւ մեծահասակներին: Նրանց մեծ մասն ստիպված էր լքել իր տունը՝ հաճախ թողնելով ողջ ունեցվածքն ու տեղավորվելով ժամանակավոր կամ մշտական կացարաններում: Իսկ առջեւում ձմեռ էր, առաջին ու գլխավոր խնդիրը փախստականներին ծալովի մահճակալներով եւ անկողնային պարագաներով, տաքացուցիչներով, սնունդով եւ տաք հագուստով ապահովելն էր, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ իրերով, այդ թվում՝ դեղորայքով:
Ներքին տեղահանված անձանց մեջ կային հղիներ, որոնք ուժասպառ էին եւ ունեին բժշկական օգնության ու խորհրդատվության խիստ կարիք, ինչն էլ անմիջապես տրամադրեց «Պրոլայֆ» հասարակական կազմակերպությունը: «Շատ դժվար էր անցնել պատերազմի միջով եւ կորցնել այն ամենն, ինչ կառուցել էիր տարիների ընթացքում: Ու երբ իմ դուստրն ինձ հարցնում է, թե երբ ենք վերադառնալու Ղարաբաղ, հավատացեք, շատ դժվար է: Հոգեբանի հետ հանդիպումը կարող է օգնել ցավը հաղթահարելու գործում»,- ասում է Մետաքսյա Աբրահամյանը, որն արդեն երկու երեխա ուներ եւ սպասում էր երրորդին, երբ պատերազմն սկսվեց:
Բուժելով վիրավորներին
Առողջապահության ապահովումը եւ ամենախոցելի խմբերին անհրաժեշտ բարձրորակ ծառայություններ մատուցելը հակամարտության ընթացքում կարող է շատ խնդրահարույց լինել: Որոշ հայկական եւ միջազգային կազմակերպություններ միավորեցին ջանքերը, որպեսզի արցախցիներն ստանան համապատասխան բուժօգնություն հակամարտության ընթացքում եւ դրանից հետո: Այդ նպատակով ստեղծվեց շարժական կլինիկա վիրավորներին բուժելու համար, ինչպես նաեւ կենսական դեղորայք բաժանվեց տարեցներին, իսկ հաշմանդամություն ունեցող զինվորներն անցան վերականգնողական բուժում: Պատերազմից հետո զգալի թվով բժիշկներ ստիպված էին թողնել իրենց համայնքները, ինչը լրացուցիչ խնդիր առաջ բերեց: Այսօր Արցախի առողջապահության նախարարությունն «Ավրորայի» աջակցությամբ իրականացնում է մի ծրագիր, որով տարածաշրջան են բերում Հայաստանի եւ արտերկրի առողջապահության ոլորտի մասնագետներին՝ խրախուսելով նրանց` սեփական փորձը փոխանցել տեղի անձնակազմին:
«Հայաստանի ճամփորդող բժիշկներ» հասարակական կազմակերպությունն աշխատել է հաշմանդամություն ունեցող հիվանդների համար պատշաճ հարմարեցված տրանսպորտային ծառայություն ստեղծելու ուղղությամբ, որպեսզի նրանց տեղափոխեն ստուգումների Երեւան, ապա՝ Արցախի իրենց տներ եւ այլուր: «Քանի որ Հայաստանի առողջապահական ծառայությունները գերծանրաբեռնված են, «Հայաստանի ճամփորդող բժիշկների» նպատակն է անհրաժեշտ ծառայություններ առաջարկել մշտական բժշկական ուշադրության կարիք ունեցող մարդկանց, որոնք այլապես դրանց հասանելիության խնդիր կունենան: Մենք շնորհակալ ենք «Ավրորային» այս նախագծին աջակցելու համար»,- ասում է «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» ՀԿ հիմնադիր, բժիշկ Արմինե Բարխուդարյանը:
Վերականգնելով վնասը
Պատերազմի ընթացքում Արցախի բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում էին եւ գնդակոծվում ծանր զինատեսակներով՝ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքն ու վնասելով կամ նույնիսկ ավերելով բազմաթիվ շենք-շինություններ: Հրադադարի հաստատումից հետո ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հիվանդանոցների, դպրոցների եւ մանկապարտեզների վերականգնումը դարձավ «Ավրորայի» աջակցությունն ստացած նախագծերի, կառույցների եւ կազմակերպությունների, այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի եւ Արցախի քաղաքաշինության նախարարության համար առաջնահերթություններից մեկը:
Երիտասարդ սերունդը, կրելով պատերազմի պատճառած դժվարությունները, նույն ոգով եւ տոկունությամբ, ինչպես իրենց ծնողներն ու պապերը, անհամբեր սպասում է, թե երբ է մասնակցելու այս ոգեշնչող, բայց միեւնույն ժամանակ վախեցնող ձեռնարկին: Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղից 10-ամյա Սլավիկ Սեյրանյանը պատրաստվում է ճարտարապետ դառնալ, որպեսզի օգնի իր հայրենիքին՝ վերականգնելու իր փառքը։ «Արցախում շատ բան է ավերվել: Ինչ-որ մեկը պետք է վերակառուցի այդ ամենը»,- ասում է նա։ Առայժմ նա իր երազանքի տունն է կառուցում սեղանի վրա՝ փայտե խորանարդիկներով։
Արցախից տեղահանված հայերին ընդունած համայնքներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղն է։ Տասն ընտանիք, ի վերջո, որոշեց մնալ այնտեղ երկար ժամանակով, ինչն առաջ էր բերում ինտեգրման եւ աշխատանքի խնդիր։ Դա լուծելու համար Մերձավոր Արեւելքի հիմնադրամը որոշեց «Ավրորայի» հետ ֆինանսավորմամբ բացել «Հացի ուժը» արտադրամասը: Հացի այս արտադրամասում աշխատում է հինգ մարդ Արցախից եւ երեք տեղացի՝ անապահով ընտանիքներից: Այն նաեւ անվճար կամ ավելի ցածր գնով հաց է տրամադրել տեղի կարիքավոր բնակչությանը: ««Հացի ուժը» ձեռնարկությունը հացի միակ արտադրամասն է համայնքում, ուստի այնտեղի բնակիչները՝ ընդհանուր 230 հոգի, ժամանակ եւ գումար են խնայում, ինչը ծախսում էին հարեւան համայնքներ հասնելու եւ հաց կամ հացաբուլկեղեն գնելու վրա: Արտադրամասը ծառայում է նաեւ իբրեւ տեղի դպրոցի եւ մանկապարտեզի մատակարար»,- բացատրում է Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հայաստանյան տնօրեն Արփինե Բաղդոյանը։ Բացի այդ, որոշ տեղական եւ միջազգային կազմակերպություններ, այցելելով հացի արտադրամաս, որոշել են ավելի շատ նախաձեռնություններ ֆինանսավորել, որոնք հետագայում կաջակցեն հացի փռի աշխատանքին:
Խթանելով տնտեսությունը
Հակամարտությունը ծանր հարված հասցրեց Արցախի տնտեսությանը եւ տեղահանված հազարավոր մարդկանց՝ նրանցից շատերին զրկելով եկամտի կայուն աղբյուրից։ Այսօր հենց տեղում անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ, եւ «Ավրորան» կրկին օրակարգ է բերում երկարաժամկետ սոցիալական զարգացումը՝ ֆինանսավորելով այն նախագծերը, որոնք խթանում են տնտեսությունը եւ աջակցում տարածաշրջանում միկրո եւ փոքր ձեռնարկություններին: Դրանց թվում են երիտասարդների համար ձեռնարկատիրական եւ մասնագիտական դասընթացները, աջակցությունը տեղական ապրանքանիշներին եւ ներքին տեղահանված անձանց համար նոր աշխատատեղերի ստեղծումը։
Հադրութցի Նաիրա Օհանյանը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղական ինքնակառավարման գծով գլխավոր մասնագետն է։ Նա նաեւ աներեւակայելի գեղեցիկ ծածկոցներ է գործում «Նախշուն Հադրութ» ապրանքանիշի համար, որն ստեղծել է «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը: «Մարդիկ մեզ մոտ են գալիս իրենց խնդիրներով եւ մտահոգություններով։ Համաձայնեք, որ հեշտ չէ… Երեւի դա է պատճառը, որ երբ ինձ առաջարկեցին միանալ «Նախշուն Հադրութ» ապրանքանիշի ստեղծմանն, ես առանց մտածելու համաձայնեցի: Իհարկե, անմիջապես զգուշացրի, որ զարդանախշն առաջին անգամ եմ փորձելու: Ինտերնետում որոնեցի, ուսումնասիրեցի, սովորեցի: Հիմա արդեն գիտեմ, թե ինչպես գործել այն»,- հպարտությամբ ասում է Նաիրան:
Ներդրում ապագայի համար
Aurora Dialogues «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով քննարկումը տեղի ունեցավ 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում, որին հետեւեց մեկ այլ միջոցառում Արցախում՝ 2021 թ. սեպտեմբերի 11-ին: «Ավրորան» համախմբեց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի կազմակերպություններին, հիմնադրամների, պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պարզելու լավագույն լուծումներն առողջապահության, տնտեսական զարգացման, կրթական, մշակութային եւ սոցիալական խնդիրների համար, ինչպես նաեւ քննարկելու «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի նոր հայտ-առաջարկները, որոնց նպատակն է ապահովել երկարաժամկետ զարգացում տարածաշրջանում:
Այս ամենից բացի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հավատարիմ է մնում երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում հայկական ներկայությունը պահպանելու եւ խթանելու գործին: Այդ նպատակով այն Հայաստան եւ Արցախ է բերում Միրզա Դինայիի եւ Բեռնարդ Քուշների նման առաջատար մարդասերների՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ: «Ավրորան» աջակցում է նաեւ մի շարք նախագծերի, որոնք նպաստում են պատերազմից տուժած երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վերականգնմանը, օգնում երիտասարդներին՝ ուսումնասիրելու դրամատուրգիա եւ խոհարարական արվեստ, ինչպես նաեւ ձեւավորելու սպորտային թիմեր՝ ամրապնդելու տեղացի երեխաների ոգին:
Պատերազմից տուժած երեխաներին ուրախություն պարգեւելու համար 2020 թ. դեկտեմբերին Մարգարիտա Վարդանյանը եւ Դիանա Պետրոսյանը նախաձեռնեցին «Ամանորի հրաշք Արցախի համար» նախագիծը եւ, «Ավրորայի» հետ համագործակցությամբ կատարյալ տոն նվիրեցին 5.500 արցախցի երեխաների: Արցախից տեղահանված երեխաները նամակ գրեցին Ձմեռ պապին, իսկ թիմն ընթերցեց բոլոր նամակները եւ նվիրաբերված միջոցներով իրականություն դարձրեց նրանց՝ ամանորի բոլոր երազանքները:
Նելլի Մարությանն աշխատում է Գորիսում ապաստանած արցախցի երեխաների հետ, որտեղ իրականացվում է «Առաջնորդվելով կարեկցանքով» iACT փախստականների միացյալ ֆուտբոլային ակադեմիայի եւ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) կազմակերպության համատեղ նախագիծը: «Չեմ կարծում, թե բոլոր ֆուտբոլ խաղացողները կգնան այս ուղով: Բայց հիմա այդ աղջիկների ու տղաների համար, որոնք իրենց պատանեկան կյանքում պատերազմի սարսափների ու զրկանքների վկան են դարձել, դա, ուղղակի, անհրաժեշտ է: Սպորտով զբաղվելը հանում է սթրեսը, կազմակերպում է մարդուն, տալիս է թիմային մտածողության հնարավորություն, մոտիվացիա: Իմ հիմնական նպատակն է սպորտի միջոցով ուրախություն պարգեւել երեխաներին: Ուզում եմ, որ նրանք ժպտան, որ առողջ ու երջանիկ մեծանան»,- ասում է Նելլին:
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի առայժմ վերջին փուլի համար 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 14 նախագիծ, որոնցից յոթն իրականացվում է մրցանակի ֆոնդով՝ մեղմելու տեղի բնակչության կարիքները: «Ավրորայի» համահիմնադիրներն, իրենց հերթին, կրկնապատկեցին այդ գումարը, եւ այս փուլում «Ավրորան» ընդհանուր 500.000 ԱՄՆ դոլար է հատկացրել Արցախի ծրագրերին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը եւ գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում իր մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը: Արցախի օգնության ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորան» ավելի քան 2.200.000 ԱՄՆ դոլար է ուղղել Արցախում 65 տեղական եւ միջազգային գործընկերների կողմից իրականացվող 94 նախագծերի, որոնք օգնել են 131.000 մարդու:
«Ավրորայի»՝ Արցախի եւ արցախցիների համար ավելի լավ ապագա կերտելու տեսլականին ու ջանքերին միանալու համար խնդրում ենք աջակցել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին՝ նվիրաբերելով այստեղ: