«Գործընկերություն հանուն Արցախի» մայիսյան քննարկումն իր շարունակությունն ունեցավ սեպտեմբերի 11-ին Արցախում․ առողջապահական, տնտեսական զարգացման, կրթական ու մշակութային, սոցիալական հարցերի աշխատարանների մոդերատորները ներկայացրին վերջին ամիսների իրենց թիմային աշխատանքների արդյունքները եւ դիտարկեցին «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» նախագծին ներկայացված նոր հայտերը՝ հետպատերազմյան Արցախում երկարաժամկետ զարգացում ապահովելու միտումով:
«Մայիսի 2-ի դիլիջանյան միջոցառումից հետո կարող ենք արձանագրել, որ մի քանի արդյունք ունենք՝ նախ կապի հաստատումը եւ ամրապնդումը տարբեր կազմակերպությունների, դերակատարների, այդ թվում՝ պետական մարմինների միջեւ, երկրորդ՝ համակարգման մակարդակի որոշակի բարձրացումը նաեւ այդ կապի շնորհիվ, երրորդ՝ նախորդ երկուսի շնորհիվ որոշակի ծրագրեր են մեկնարկել, որոնք համատեղ ենք իրականացնում: Առաջընթացը տեսանելի է: Եվ կարեւորն այն է, որ հիմնական դերակատարները, այդ թվում՝ «Ավրորան» հետեւողականություն են ցուցաբերում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածություններն ու հիմնական աշխատանքները շարունակական լինեն, որի ցուցիչը նաեւ այս հանդիպումն է»,- նշեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մայիսի 2-ին ուղղություններ որոշվեցին, եւ այժմ ունենք Արցախի տնտեսական զարգացման մի քանի նախագծեր, որոնք կամաց-կամաց իրականացնում ենք: Մեկը կարի արտադրությանն է վերաբերում, մեկը՝ գորգագործությանը, մյուսը՝ խաղողի նոր այգիների ստեղծմանը եւ գինեգործության զարգացմանը: Բոլոր երեք նախագծերն էլ հաջողությամբ իրագործվում են, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր»,- ասաց տնտեսական զարգացման աշխատարանի մոդերատոր, Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը:
Ստեփանակերտում ավելի քան յոթ ժամ տեւած հանդիպմանը մասնակիցները քննարկեցին նաեւ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի համար ներկայացված նոր նախագծերի հայտերը: Տեղական եւ միջազգային 51 կազմակերպությունից ստացված հայտերն ընդգրկում են 7 ուղղություն` մարդասիրական օգնություն, առողջապահություն, սոցիալական զարգացում, կրթություն, մշակույթ եւ սպորտ, ենթակառուցվածքների վերականգնում, շրջակա միջավայր, տեղեկատվություն եւ իրազեկության բարձրացում:
«Մենք հասկացանք, որ ունենք կադրային խնդիր ու ենթակառուցվածքների եւ սարքավորումների կորուստներ եւ համալրման անհրաժեշտություն: Խնդիր կար նաեւ կառավարման եւ ֆինանսավորման մեթոդների վերանյման: Այս ամենն իրականացնելու համար մենք պետք է կարողանայինք համադրել ծրագրերը եւ ռեսուրսներ ներգրավեինք: Իսկ «Ավրորան» տվեց մի հարթակ՝ հնարավորություն, որպեսզի համախմբվենք, քննարկենք եւ համատեղ որոշումներ ընդունենք, թե որ ուղղություններով է պետք աշխատել»,- ավելացրեց առողջապահական աշխատարանի մոդերատոր, «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը:
Հստակ ձեռքբերումներ կան նաեւ սոցիալական ոլորտում: Ստեղծվել է Արցախի դիմակայունության բարձրացմանն ուղղված հայեցակարգային փաստաթուղթ, որն արժանացել է Արցախի կառավարության հավանությանը: Սոցիալական աշխատողների ասոցիացիան այժմ վերապատրաստում է 75 համայնքային սոցիալական աշխատողի: Ըստ հայեցակարգի՝ մասնագետների ընդհանուր թիվը կհասնի 170-ի: Այս տարվանից Արցախի մեկ, իսկ մյուս տարվանից արդեն երկու բուհերում կսովորեն նաեւ սոցաշխատողի մասնագիտությամբ ուսանողներ:
«Մեր հայեցակարգում համայնքային սոցիալական աշխատողներ ունենալու գաղափարն ուղղված է նրան, որ Արցախում մեկուսացած, օտարված կամ լուսանցքում հայտնված մարդիկ ու ընտանիքներ չլինեն: Համայնքներում սոցիալական աշխատողները նրա համար են, որպեսզի օր առաջ միջամտեն, հայտնաբերեն, նույնականացնեն, տեղեկացնեն, չթողնեն, որ սոցիալական խնդիրները խորանան: Այսինքն՝ նրանք ունեն կանխարգելիչ եւ վաղ միջամտության գործառույթ»,- տեղեկացրեց սոցիալական հարցերի աշխատարանի մոդերատոր, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
Անդրադառնալով երկու կարեւոր խնդիրների, որոնք առանձնացվել էին դեռ նախորդ քննարկմանը՝ մարդկային ռեսուրսների զարգացում եւ կրթություն, «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը նկատեց, որ այս երկու ուղղությամբ էլ «Ավրորան» նախաձեռնել է ծրագրեր եւ աջակցել դրանց: Իսկ նոր հայտերի ընդունումով վերահաստատում եւ ամրապնդում է իր ներկայությունն Արցախում:
«Ավրորան նաեւ ընդլայնում է գործընկերության շրջանակը։ Ուրախ ենք արձանագրել, որ «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել 30-ից ավելի նոր գործընկերներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ։ 2020 թ․ պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին անհապաղ արձագանքելուց ուղիղ մեկ տարի անց մեկնարկում է «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» աջակցության ծրագրի նոր փուլը՝ ունենալով հետպատերազմյան հիմնախնդիրների լուծմանն ուղղված շուրջ 70 նախագծային առաջարկություն, որոնց իրագործմանը կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են իրենց նպաստը բերելու Արցախը վերականգնելու եւ ուժեղացնելու հարցում»,- նշեց կրթական ու մշակութային հարցերի աշխատարանի մոդերատոր, «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն օգնության ձեռք է մեկնել 2020 թ․ Արցախյան պատերազմից տուժած ավելի քան 131․000 մարդու: «Ավրորան» արդեն ավելի քան 900 մլն ՀՀ դրամ (1.7 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելով 80 նախագծի, որոնք իրականացվում են տեղական եւ միջազգային գործընկերների միջոցով: