logo
ՓԱԿԵԼMenu
2021 թ. «Երիտասարդական Ավրորա»

2021 թ. «Երիտասարդական Ավրորա»

2021 թ. «Երիտասարդական Ավրորա» նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել  UWC դպրոցների եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի 17 թիմ․ հունիսին նրանք կառաջադրեն իրենց նախագծերը: 

«Երիտասարդական Ավրորան» ամենամյա նախաձեռնություն է, որն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների», Scholae Mundi կրթական հարթակի եւ Teach For All համաշխարհային ցանցի համագործակցությամբ: Ամեն տարի այն հնարավորություն է տալիս մասնակից ուսանողական թիմերին ներկայացնելու նախագծերի առաջարկներ՝ հաղթահարելու մարդասիրական խնդիրները եւ դրական ազդեցություն ունենալու իրենց համայնքի կյանքի վրա: Բոլոր առաջարկները գնահատվում են ըստ ստեղծարարության, առաջարկված կայուն լուծումների, հետազոտության որակի եւ հնարավոր ազդեցության: Եզրափակիչ անցած երեք թիմերն այս տարվա հոկտեմբերին իրենց ծրագրերն ու գաղափարներն առցանց կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ակնառու մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Նրանք կմրցեն 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար, որը հնարավոր կդարձնի նախագծի հետագա զարգացումը: Բոլոր մասնակից թիմերը ստանում են նաեւ մանրամասն կարծիք-վերլուծություն եւ աջակցություն՝ իրենց նախագծի կատարելագործման եւ հետագա զարգացման համար: 

«Ինչպես միշտ, ես շատ ուրախ եմ ավելին իմանալու «Երիտասարդական Ավրորայի» այս տարվա նախագծերի մասին»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ Scholae Mundi կրթական հարթակի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: «2017 թվականից ի վեր, երբ մեկնարկեց «Երիտասարդական Ավրորան», այն խրախուսել է երիտասարդներին՝ ստանձնելու անձնական պատասխանատվություն եւ իրենց համայնքներում հաղթահարելու մարդասիրական ամենահրատապ խնդիրները: Այս անհանգիստ ժամանակաշրջանում  անհրաժեշտ է ամրապնդել համամարդկային արժեքների կարեւորությունը եւ արժանին մատուցել նրանց, ովքեր ձգտում են օգնության ձեռք մեկնել այլոց: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կրթական ծրագիր՝ «Երիտասարդական Ավրորան» նպատակ ունի խրախուսել երիտասարդներին բարեփոխելու իրենց շրջապատը՝ առաջարկելով իրենց ստեղծարար լուծումները, դրսեւորելով կարեկցանք, նվիրում եւ հնարամտություն»:

UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը նշեց. «2020 թ. կորոնավիրուսը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ի պաշտպանություն սեւամորթների «Black Lives Matter» շարժումը UWC դպրոցների ուշադրության կենտրոնում էին: Մարդասիրական մյուս խնդիրները շատ քիչ ուշադրության են արժանացել: Մենք երախտապարտ ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեր գործընկերներին, որոնք շարունակում են աջակցել «Երիտասարդական Ավրորային» եւ հարթակ տրամադրել մեր ուսանողներին իրենց սեփական մարդասիրական նախագծերի համար: Սա խթան է նրանց համար, որը փոխանցում է ուշադրություն եւ չափազանց կարեւոր մի զգացողություն՝ նրանք կարող են փոխել իրենց շրջապատող աշխարհը»: 

2017 թվականից սկսած «Երիտասարդական Ավրորան» ուսանողական շատ նախագծերի է աջակցել՝ ստեղծելու երկարաժամկետ ազդեցություն իրենց համայնքներում: Դրանց թվում են նաեւ երկրորդ տեղ զբաղեցրած այնպիսի նախագծեր, ինչպիսիք են 2017 թ. Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկայի «Խիզախ աղջիկ ճամբար» նախագիծը (BraveGirl Camp), որը մինչեւ հիմա օգնել է Էսվատինիի 10 դպրոցի 150 աղջիկների մասնակցելու աղջիկների զորացման ուսանողական ճամբարին, կամ UWC Մահինդրա քոլեջի 2018 թ. նախագիծը՝ «Amaavasya», որը շարունակում է Հնդկաստանի Մահարաստրա նահանգի կանանց ներգրավել դաշտանի շուրջ եղած սոցիալական խարանի շուրջ քննարկումներին: Ծրագիրն, իհարկե, ներառում է նաեւ հաղթող նախագծեր, ինչպիսին 2020 թ. հաղթողներն էին UWC Արեւելյան Աֆրիկայից իրենց «Փեթակ-բաժանարար» (Beehive Divide) նախագծով: Նրանք այժմ ավարտել են փեթակ-բաժանարարի շինարարությունը եւ այն կտեղադրեն մայիսին, որը կօգնի հաղթահարել մարդ-փիղ հակամարտությունը Տանզանիայի Սանյա Հոյի գյուղում:   

««Երիտասարդական Ավրորան» պարզապես օգնեց մեզ հավատալու սեփական ուժերին, եւ մենք գիտենք, որ մեր նվիրումը նախագծին ու ներդրած ջանքերն, ի վերջո, դրականորեն են փոխում մարդկանց կյանքը տարբեր առումներով: Այն սովորեցրեց մեզ, որ երբ կա փոփոխություն անելու կամք, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ»,- ասել է «Փեթակ-բաժանարար» թիմը: 

Չնայած անկայուն ժամանակահատվածին՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, «Երիտասարդական Ավորորան» շարունակում է ոգեշնչել դպրոցներին ու ուսանողներին՝ իրենց եռանդը գործի վերածելու հանուն բարեփոխումների: 

Լուսանկարում՝ UWC Մահինդրա քոլեջի թիմը («Amaavasya» նախագիծ, 2018 թ.)