Համաշխարհային եւ տեղական նշանակության խնդիրների պատճառով, որոնք 2020 թ. իրենց ազդեցությունն ունեցան թե՛ «Ավրորայի», թե՛ UWC/Միացյալ աշխարհի քոլեջների վրա, այս տարվա մրցույթն ուղեկցվեց լրացուցիչ մարտահրավերներով եւ փոփոխություններով: Ելնելով դրանից՝ մենք ավելի քան ուրախ ենք հաղորդել եզրափակիչ դուրս եկած երեք նախագծերի ներկայացման մասին եւ հայտարարել հաղթող թիմին UWC Արեւելյան Աֆրիկայից իր «Փեթակ-բաժանարար» (Beehive Divide) նախագծով: Դրա հետագա զարգացման համար թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Այս տարի UWC Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սինգապուրի UWC Հարավարեւելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողներն իրենց նախագծերը հեռավար ներկայացրին 2020 թ. Aurora Dialogues առցանց քննարկմանը՝ «Արձագանքելով փոփոխություններին. Նոր հորիզոններ կրթության ոլորտում», որին Ֆեյսբուքով եւ «Զում» օնլայն հարթակում ընդհանուր հետեւում էր ավելի քան 3.200 մարդ: Քննարկմանը հետեւում էր նաեւ ականավոր եւ փորձառու մարդասերներից բաղկացած ժյուրին, որոնց թվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի համահիմնադիր Աննա Աֆեյանը, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Teach For All» համաշխարհային ցանցի համայնքային ազդեցության եւ ուսանողների առաջնորդության գծով տնօրեն Սանայա Բարուչան եւ «UWC International»-ի նախագահ, դոկտոր Մուսիմբի Քանյորոն: Միջոցառումը կազմակերպվել էր Futures Studio քննարկումների հարթակի հետ համագործակցությամբ:
RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց եզրափակիչ դուրս եկած թիմերին, ժյուրիին եւ բանախոսներին՝ նշելով. «Աշխարհը հայտնվել է բարդ խաչմերուկում. ամբողջ աշխարհում կենտրոնական տեղ են զբաղեցնում գաղափարական, մշակութային եւ արժեքային բախումները, որոնք սպառնում են մարդասիրական, էկոլոգիական եւ տնտեսական խաղաղ ու կայուն զարգացմանը: <…> Այսօր մենք գնահատում ենք UWC/Միացյալ աշխարհի քոլեջների կրթությունն ու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գաղափարները, որոնք սերտորեն կապված են»:
Ուսանողներն իրենց ծրագրերը ներկայացրին՝ համոզելով ժյուրիին, որ «նրանք այն երիտասարդներն են, որոնք կարող են փոխել աշխարհը»:
Բարձրացրած մարդասիրական խնդիրներն այնքան ընդգրկուն էին, որքան հնարամտությունը, որը նպաստել էր ուսանողական նախագծերի իրագործմանը: UWC Արեւելյան Աֆրիկայի թիմը ներկայացրեց Տանզանիայի Սանյա Հոյի գյուղի բնակիչների բերքը փղերից պաշտպանելու լուծում՝ առաջարկելով կառուցել փեթակ-ցանկապատ եւ «կծու» պատնեշ, որոնք չեն վտանգի արդեն իսկ վտանգված փղատեսակները եւ կապահովեն եկամտի լրացուցիչ աղբյուր: UWC Մահինդրա քոլեջի թիմը կենտրոնացել էր առողջապահական խնդրի վրա՝ ներկայացնելով ախտորոշիչ եւ կանխարգելիչ մոտեցում, որը կխրախուսի Մուլշի Տալուկայի գյուղական շրջանի բնակիչներին ու կօգնի նրանց անկախ եւ տեղեկացված որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ՝ սուբսիդավորելով եւ ավելի մատչելի դարձնելով բժշկական ստուգումները: UWC Հարավարեւելյան Ասիայի թիմի ուշադրության կենտրոնում Սինգապուրում օտարազգի տնային աշխատողների խնդիրներն էին, որոնց օգնելու համար ուսանողները նպատակ ունեն ավելի մատչելի դարձնել իրավունքների մասին տեղեկատվությունը՝ նրանց տրամադրելով հարթակ՝ ներկայացնելու իրենց պատմությունները եւ օգնելու մարդկանց աջակցել նրանց:
Մինչ ժյուրին բարդ ընտրություն էր կատարում՝ որոշելով հաղթող թիմին, չորս բանախոսները, որոնք գործունեություն են ծավալում կրթության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ «Common Purpose» ընկերության հիմնադիր եւ նորարարությունների պատասխանատու Ջուլիա Միդլթոնը, Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Քրիս Բրեդֆորդը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի շրջանավարտ Պրյանկա Մահաթը եւ «Պատրաստելով գլոբալ առաջնորդների» ֆորումի հիմնադիր եւ նախագահ, Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր Սեմ Պոտոլիքիոն լսարանին ներկայացրին կրթության առանցքային դերը մարդասերների հաջորդ սերունդներին քաջալերելու գործում, ինչպիսին «Երիտասարդական Ավրորայի» հավակնորդներն են, որոնք կօգնեն հաղթահարել ապագա ճգնաժամերն ամբողջ աշխարհում:
Քննարկումը եզրափակվեց 2004 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, բնապահպան-ակտիվիստ, քենիացի մանկավարժ Վանգարի Մաթայի զորեղ եւ կարեւոր մի խոսքով, որը փոխանցեց «African Youth Leadership Experience» կազմակերպության հիմնադիր Էնդրյու Նալանին. «Պատմության ընթացքում լինում են պահեր, երբ մարդկությունը պետք է գիտակցության նոր մակարդակ անցնի՝ հասնելու բարոյական ավելի բարձր նշաձողի: Պահ, երբ մենք պետք է ցրենք մեր վախն ու հույս տանք մեկս մյուսին: Այդ պահը հիմա է»:
«Teach For All» համաշխարհային ցանցի համայնքային ազդեցության եւ ուսանողների առաջնորդության գծով տնօրեն եւ ժյուրիի անդամ Սանայա Բարուչան հայտարարեց 2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողին: Նա գովասանքի խոսքեր ուղղեց նրանց այդքան հանճարեղ եւ կայուն լուծում առաջարկող գաղափարի համար. «Երբ մտածում ես այս լուծման մասին, այն միաժամանակ հանճարեղ է, պարզ ու այնքան բնական: Ու հետաքրքիր է, թե ինչո՞ւ մինչեւ այս այն լայն կիրառում չի ստացել: Մենք նաեւ գնահատում ենք, թե ձեր նախագիծը որքան լավ է տեղայնացված: Այն հաշվի է առնում ձեր միջավայրի սահմանափակումները, խնդիրը, որին բախվում են տեղացիները, մարդ-կենդանի բնական պայքարը, եւ գտել է այդ երկու առաջնահերթությունների փայլուն բալանսը»:
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում ենք եզրափակիչ հասած բոլոր երեք թիմերին եւ հատուկ «Փեթակ-բաժանարար» նախագծի հեղինակ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմին, որն ապահովեց ֆինանսավորում իր նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար, որը կօգնի բարելավել Տանզանիայի Սանյա Հոյի գյուղի բնակիչների եւ փղերի կյանքը՝ օգնելով նրանց խաղաղ ապրել կողք կողքի:
Քննարկումն ու նախագծերի ներկայացումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ: