logo
ՓԱԿԵԼMenu
2018թ. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար.  UWC Մահինդրա քոլեջ

2018թ. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար. UWC Մահինդրա քոլեջ

UWC ցանցի հետ համագործակցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից ներկայացված «Ավրորա» մարդասիրական նախագիծը, որը բաց է UWC ցանցի բոլոր դպրոցների եւ քոլեջների համար, նպատակ ունի քաջալերելու UWC ցանցի աշակերտներին՝ գործնականորեն, տնտեսապես, սոցիալականորեն եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից կայուն կերպով ներգրավվելու իրենց համայնքների կյանքում առկա հումանիտար հիմնախնդիրների լուծմանը։ Խիստ մրցակցային ընտրական գործընթացի ավարտին UWC International-ը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակել են UWC ցանցի այն երեք քոլեջների անունները, որոնց ներկայացրած նախագծերն ընտրվել են մասնակցելու UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագծի 2018 թ. մրցույթի եզրափակիչ փուլին։ Դրանք են՝ Չինաստանի UWC Չանգշու Չինաստան, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սվազիլենդի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջները։ Ստորեւ ներկայացնում ենք UWC Մահինդրա քոլեջի ներկայացրած նախագծի հիմնական դրույթները։

AMAAVASYA

Amaavasya նախագիծը ձգտում է ներգրավել տեղի համայնքների բնակիչներին՝ ներառյալ տղամարդկանց եւ տղաներին, դաշտանի շուրջ եղած սոցիալական խարանի շուրջ քննարկումներ ծավալելու, դաշտանային առողջության վերաբերյալ հանրային իրազեկությունը բարձրացնելու, եւ սեփական դաշտանային պրակտիկաների հարցում տեղացի կանանց տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռելու համար։ Մեր մոտեցումը նկատի է առնում նաեւ դաշտանային անբավարար հիգիենայի եւ դաշտանի նկատմամբ խարանի փոխպայմանավորվածությունը։ Սույն խնդրին դրա համատեքստի նկատմամբ զգայուն միջամտությամբ անդրադառնալիս նախագիծը գտնելու եւ աջակցելու է տեղում փոփոխություն մտցնելու պատրաստակամ անձանց՝ դրանով իսկ նոր հնարավորություններ ստեղծելով համայնքում կայուն եւ տեւական ազդեցություն ունենալու համար։ Նախագծի նպատակն է հարցին ձեռնամուխ լինել զուգընթաց մոտեցմամբ. առաջին մեթոդն ուսուցողական նախաձեռնությունն է, որը մշակվում եւ իրականացվում է տեղի ակտիվիսիտների հետ համատեղ, մարդակենտրոն մոդելի (HCD) մեթոդաբանության հենքի վրա, իսկ երկրորդը՝ դաշտանային մնայուն ապրանքների (դաշտանային անոթներ, բազմակի օգտագործման միջադիրներ) հասանելիության ապահովումը։

 

 

Նախագծի շրջանակում ընդգրկված Ասդե եւ Սավարգաոն գյուղերում բնակվող 400 կանանցից  նախաձեռնությունը կենտրոնանում է վերարտադրողական տարիքի հատվածի վրա, որը մեր գնահատմամբ կազմում է մոտ 250 մարդ։ Անմիջական աշխատանք է տարվելու նրանց 50%-ի հետ, որոնք եւ կազմելու են թիրախ խումբը՝ բաղկացած 125 հոգուց, որոնք ծրագրի արդյունքում ձեռք կբերեն հարմար, ապահով, շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից կայուն ու տեւական կարողություններ։ Այս նախաձեռնության արդյունքներից մեկը կլինի նաեւ այն, որ մոդել կծառայի նմանատիպ մարտահրավերների եւ համադրելի իրավիճակների հետ աշխատող թիմերի եւ կազմակերպությունների համար։

Մահարաշտրա նահանգի գյուղական համայնքներում կնոջ դաշտանն ավանդաբար ծածկվում է սոցիալական խարանով եւ ամոթի քողով, ինչն ավելի է սաստկանում հարցի շուրջ դաստիարակության բացակայության պատճառով։ Տարածված կրոնական հավատալիքների հետեւանքով օրգանիզմի բնական ցիկլերն ընկալվում են իբրեւ անմաքուր, ինչն իր հերթին հանգեցնում է անճիշտ դաշտանային պրակտիկաների պահպանմանը։ Տեղացի շատ կանանց համար կյանքի ընթացքում դաշտանի վրա ծախսված 6-8 տարիները նշանակում են արյունահոսել անհարմար, ոչ հուսալի եւ գուցե անգամ հակահիգիենիկ պայմաններում։ Դրա միակ այլընտրանքն է դառնում ծախսել եկամտի նշանակալի բաժինը մեկանգամյա օգտագործման միջադիրների վրա, որոնք կյանքի տեւողության ընթացքում գոյացնում են մեծածավալ աղբ, որը չի ենթարկվում բնական քայքայման։ Մի կողմից՝ սեփական պատվի ստորադասումը խարանումին, իսկ մյուս կողմից՝ տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային եւ շրջակա միջավայրի պարտադրած պայմանները, անտեսելու են տալիս դաշտանային հիգիենան:

Նախագծի առջեւ ծառացած խոշորագույն մարտահրավերը եղել է դաշտանի խիստ անձնական բնույթի հետ աշխատելը՝ մի հարց, որը թաղված է ավանդույթներում եւ ծանրաբեռնված է մշակութապես զգայուն թյուրընկալումներով ու խարանով։ Այս նախագիծը պահանջում է հարցը նեղ անձնական ոլորտից դուրս բերել լայն քննարկման. այս մոտեցման հաջողությունը կախված է տեղի համայնքներում այս երկխոսության ձայնն ու դեմքը դառնալու հարցում երիտասարդ կանանց ցուցաբերած հոժարակամությունից։ Մեթոդի ընտրության մեջ  վստահությունը գալիս է այն խիզախությունից  ու խանդավառությունից, որ դրսեւորեցին նախագծին մասնակցելու պատրաստ տեղացի 10 կանայք, որոնք արդեն իսկ ներգրավվել են կանանց զորացման եւ համայնքի մոբիլիզացիայի՝ այս քոլեջի նախաձեռնություններում։ Առաջ շարժվելու գործում մեծագույն մարտահրավերը լինելու է այս կանանց անհրաժեշտ հմտություններով զինելը, որպեսզի նրանք կարողանան կոտրել դաշտանի շուրջ պահպանվող լռության քողը։

Մրցանակային գումարով ձեռք է բերվելու դաշտանային պարագաների 125 կոմպլեկտ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դաշտանային անոթ, կտորից պատրաստված բազմակի օգտագործման չորս միջադիր եւ դաշտանային անոթի մանրէազերծման թասիկ։ Գումարն ապա օգտագործվելու է նախագծի ավարտին կանանց առողջության հարցերով համաժողովի կազմակերպման վրա, ինչը թույլ կտա շահագրգիռ կողմերին կարծիքներ փոխանակել եւ սերտ հարաբերություններ ձեւավորել։ Ավելին, դա հնարավորություն կընձեռի նաեւ պատվավճարներ տրամադրել տեղական թիմի անդամներին՝ նախագծի ստեղծմանն ու գործունեությանն օժանդակելու համար։

Թիմի անդամներն են՝

  1. Մանդու Ռեյդ, խորհրդատու, WK 1996 թվականի շրջանավարտ
  2. Ռայիսա Միրզա, խորհրդատու, PCUWC 2006 թվականի շրջանավարտ
  3. Հելինա Պանքուրստ, ուսանող, թիմի անդամ
  4. Ջոզեֆին Հենցե, ուսանող, թիմի անդամ
  5. Լենյա Ֆլուչ, ուսանող, թիմի անդամ
  6. Ռաքել Պեդրոսա Գոմես, ուսանող, թիմի անդամ
  7. Վանշիկա Ջոտսինգհանի, ուսանող, թիմի անդամ
  8. Լիլի Սթիլ, ուսանող, թիմի անդամ
  9. Մարիա Ուզունովա, UWC Մահինդրա քոլեջի Արտադասարանային եւ արկածային ուսուցման հարցերով պատասխանատու, ֆակուլտետի մենտոր