Դոկտոր Երվանդ Զորյանն աշխարհում մոտ 10.200 աշխատակից ունեցող «Սինոփսիս» (Synopsys) ընկերության գլխավոր ճարտարապետն է եւ նախագահում է ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ մոտ 700 աշխատակից ունեցող «Սինոփսիս Արմենիան»։ «Սինոփսիսը» հիմնադրվել է 1986 թվականին եւ այժմ ապահովում է տարեկան 2,2 միլիարդ դոլարի եկամուտ։ Այն մշակում է կիսահաղորդիչների նախագծման ծրագրեր եւ պատրաստի բլոկներ, ինչպես նաեւ դրանց արտադրությանը նպաստող լուծումներ, ինչպիսիք են կիսահաղորդչային չիպերի համար նախատեսված ինքնաթեստավորող եւ ինքնանորոգող միավորները։
«Կիսահաղորդիչների ներկայիս արտադրությունը գերճշգրիտ է, սակայն շարունակում է մնալ ոչ կատարյալ։ Արդյունքում՝ չիպերի մեծամասնությունն արտադրվում է ներքին թերություններով,– ասում է դոկտոր Զորյանը,– սա է պատճառը, որ մենք ստեղծում ենք այնպիսի խելացի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս, որ չիպերն ինքնաստուգվեն ու ինքնանորոգվեն։ Այս ինքնակարգավորվող համակարգերը ներդրվում են չիպի կառուցվածքում եւ գործարկվում են ամեն անգամ, երբ միացնում եք էլեկտրական սարքը՝ լինի դա հեռախոս, ավտոմեքենա, թե շարժական համակարգիչ»։
Վերջին 30 տարիներին դոկտոր Զորյանն ստեղծել ու նպատակասլաց առաջ է մղել նորարարական այս տեխնոլոգիան՝ դառնալով ինքնանորոգվող էլեկտրահամակարգերի ոլորտի համաշխարհային առաջատար հեղինակություն։ Ներկայումս նա ունի ամերիկյան 35 պատենտ եւ կարող է հպարտանալ թեմային առնչվող իր 350 գիտական հրատարակություններով ու չորս գրքերով։ EE Times պարբերականը նրան դասել է կիսահաղորդչային ինդուստրիայի 13 ամենաազդեցիկ անձանց շարքը։ Վերջերս նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ գիտության բնագավառում։
Երվանդ Զորյանն ու նրա թիմը Սինոփսիսի հայկական մասնաճյուղում |
Դոկտոր Երվանդ Զորյանն իր նշանակալի ներդրումն ունի նաեւ Հայաստանի տեղեկտավական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման մեջ։ Նա առաջիններից էր, որ դեռեւս 1990-ականների առաջին տարիներին բացահայտեց երկրի ՏՏ ներուժը եւ բացեց այն օտարերկրյա ընկերությունների առջեւ։ «Հայ ժողովրդի եւ պետության բարգավաճումը միշտ կարեւոր է եղել ինձ համար,– ասում է հալեպահայ գիտնականը,– մանկությունից տեսել եմ, թե ինչպես են ծնողներս ու նրանց ծնողներն անդուլ եւ անձնազոհ աշխատել հանուն հայ համայնքի։ Վաղ տարիքից նրանց օրինակն ինձ սովորեցրել է ունեցածս գիտելիքներով ու փորձառությամբ ծառայել ազգին»։ Ահա թե ինչու է դոկտոր Զորյանը մասնագիտական գործունեության առաջին իսկ տարիներից որոշել, որ իր փորձառությամբ ունակ է օգնելու հայությանը։
«Երբ Հայաստանը 1991 թվականին անկախություն ձեռք բերեց, ես եկա այստեղ՝ հանդիպելու իմ բնագավառում աշխատող մասնագետների հետ։ Արմեն Սարգսյանը, որը հետագայում դարձավ վարչապետ, ինձ ծանոթացրեց Գիտությունների ակադեմիայի եւ Մերգելյանի անվան ինստիտուտի ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների հետ, եւ մենք սկսեցինք համագործակցության կամուրջներ ձեւավորել»,– ասում է Զորյանը։
Երվանդ Զորյանը կնոջ՝ Ռիտայի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ. Էջմիածին, 1986թ. |
1990-ականների տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ ՏՏ մի շարք մասնագետներ պատրաստվում էին լքել երկիրը։ «Ուղեղների արտահոսքը» կասեցնելու եւ շրջադարձելու նպատակով Երվանդ Զորյանը հատուկ ֆինանսավորում ստացավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանից եւ երկրում աշխատանքային թիմ ձեւավորեց։ «Սկզբում մենք 20 մասնագետից բաղկացած մի լաբորատորիա ստեղծեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանում»,– հիշում է նա։ Այդ տարիներին Երվանդ Զորյանը դեռ նոր էր Կանադայում ստացել փիլիսոփայության դոկտորի կոչումը եւ աշխատում էր Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքի «AT&T Bell Laboratories» առաջատար գիտահետազոտական ինստիտուտում։ Նա կանոնավոր այցելում էր Հայաստան եւ իր փորձագիտական խմբի համար սեմինարներ վարում ՏՏ զանազան խնդիրների շուրջ։ «Երկու տարի անց նրանք արդեն պատրաստ էին մի շարք հետազոտական նախագծեր վերցնելու AT&T ընկերությունից եւ կնքեցին իրենց առաջին արտասահմանյան պայմանագիրը»,– հպարտությամբ նշում է դոկտոր Զորյանը։ Դրանից հետո այլ երկրներ եւս սկսեցին Հայաստանի ՏՏ շուկա մուտք գործելու հետաքրքրություն ցույց տալ։ Երվանդ Զորյանը նրանց ծանոթացրեց երկրում առկա լավագույն ՏՏ մասնագետների հետ եւ ուղղորդեց նրանց աճը՝ չորս-հինգ հոգանոց փոքր խմբերից մինչեւ մերօրյա մեծ կազմակերպությունները, որոնք այսօր կազմում են Հայաստանի ՏՏ եւ գիտահետազոտական հատվածը։
Հիմա դոկտոր Զորյանը ներգրավված է մի քանի նախաձեռնություններում, որոնք ուղղված են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումն ապահովելուն եւ երիտասարդության շրջանում տեխնոլոգիական կրթությունն առաջ մղելուն։ Նրա կարծիքով՝ մասնագիտական կրթությունը հզոր զենք է։ Եվ իսկապես, նրա նախնիների համար այն ոչ միայն հաջողության տանող ուղի է եղել, այլեւ բառացիորեն՝ փրկության միջոց։
Երվանդ Զորյանի պապը՝ Մարզվանի ամերիկյան Անատոլիա քոլեջն ավարտելուց հետո |
Կրթությունը կյանք է փրկում
Երվանդ Զորյանն անվանակոչվել է հորական Երվանդ պապի անունով (1882-1954 թթ.), որը տրապիզոնցի նշանավոր վաճառական Հարություն Զորյանի կրտսեր որդին էր։ Իր ժամանակների համար բացառիկ առաջադեմ արժեքների ու հայացքների տեր Հարությունն իր երկու որդիներին՝ Աբիկին ու Երվանդին համալսարանական կրթության տվեց։ Նա հասցրեց տեսնել ավագ որդու՝ Աբիկի իրավաբան դառնալը, սակայն Երվանդի հաջողությունը չտեսավ. սպանվեց 1985 թվականին Աբդուլ Համիդ Բ-ի հրամանով գործող «Համիդիե» գնդերի կողմից։
Նախքան կոտորածը Հարությունն իր ընտանիքը դուրս բերեց Տրապիզոնից, սակայն ինքը վերադարձավ ունեցվածքն անձամբ պաշտպանելու։ «Երբ ընտանիքը հետ դարձավ, Հարությունն այլեւս չկար, իսկ ունեցվածքն ամբողջովին կողոպտված էր։ Նրանք պիտի ստիպված զրոյից սկսեին»,– պատմում է Երվանդ Զորյանը։ Պապը՝ Երվանդը, այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր. «Քսան տարի անց, երբ մոլեգնում էր Հայոց ցեղասպանությունը, պապս արդեն ավարտել էր Մարզվանի ամերիկյան «Անատոլիա» քոլեջն ու տեղափոխվել Բեյրութ՝ Ֆրանսիական համալսարանում առեւտրի բնագավառում իր ուսումը շարունակելու։ Բեյրութում ուսումը շարունակելու վերաբերյալ ընտանեկան որոշումը փրկեց նրա կյանքը»։
Երվանդ Զորյանի պապը (ձախից նստած) ՀԲԸՄ ղեկավար կազմում. Հալեպ, 1920թ. |
Երվանդ Զորյան ավագը 1920-ական թվականներին Հալեպ պետության (հետագայում ընդգրկվել է սիրիական պետության կազմում) գլխավոր հաշվապահն էր ու գանձապետը եւ աշխատել է մինչեւ 1943 թվականին թոշակի անցնելը։ Նա անչափ նվիրված էր հայ համայնքին, հատկապես՝ հայ երիտասարդությանը։ Զբաղեցրած պաշտոնը նրան թույլ էր տալիս հայրենակիցներից շատերին ապահովել աշխատանքով։ «Ափսոս, որ ես անձամբ չեմ ճանաչել նրան։ Պապս մահացել է դեռ ծնվելուցս առաջ։ Բայցեւայնպես, մարդիկ հաճախ էին խոսում նրանից եւ դիմում նրան»,– պատմում է Երվանդ Զորյանը։ 25 տարի շարունակ Երվանդը ՀԲԸՄ-ում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել եւ 1931 թվականին հիմնադրել է ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը, որը շարունակում էր հայ երիտասարդության շրջանում ակտիվորեն քարոզել կրթության եւ մասնագիտական ուսուցման կարեւորությունը։ 1946-1947 թվականներին նա կարեւոր դեր է կատարել դեպի Խորհրդային Հայաստան հայրենադարձության կազմակերպման գործում։
Աշոտ Զորյանը նշանավոր հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի դիմանկարը նկարելիս |
Աբիկը, սակայն, նույն բախտը չունեցավ։ Նա մնաց Տրապիզոնում, որտեղ էլ ձերբակալվեց օսմանյան զինվորների կողմից եւ անհետ կորավ, իսկ կինն ու երեք երեխաները բռնությամբ քշվեցին լեռնաշխարհով ձգվող մահվան քայլերթի։ Ճանապարհին մայրն իր երկու երեխաներին վստահեց մի թուրք գյուղացու՝ այդպիսով փրկելով նրանց կյանքը։ Որդին՝ Աշոտ Զորյանը, հետագայում դարձավ հայտնի նկարիչ։ 1915-ի մեծ ոճրից հետո նրան եւ քրոջը պահելու վերցրեց նրանց զարմիկն՝ իր արաբ ամուսնու հետ, որը բանակային սպա էր եւ կարողացավ անցկացնել երեխաներին՝ ներկայացնելով որպես արաբ ազգականներ։ Կոստանդնուպոլսի գիշերօթիկ դպրոցում բացահայտվեց ու զարգացավ Աշոտի նկարչական տաղանդը, եւ դրամաշնորհ ստանալով՝ նա մեկնեց ուսումը շարունակելու Վիեննայի ու Հռոմի գեղարվեստի համալսարաններում։ 1929 թվականին նա տեղափոխվեց Եգիպտոս, որտեղ սկսեց աշխատել հայկական դպրոցում եւ դասավանդել իր սեփական ստուդիայում։ «Ասում են՝ նույնիսկ Եգիպտոսի թագավորի կինն էր նրա մոտ նկարչություն սովորում,– պատմում է դոկտոր Զորյանը,– այդտեղ էր նաեւ, որ նա ստեղծեց Կահիրե այցելող շատ ու շատ նշանավոր մարդկանց դիմանկարները»։ Նանսենի անձնագրի օգնությամբ Աշոտը պարբերաբար այցելում էր Հալեպում բնակվող Երվանդ հորեղբորն ու նրա ընտանիքին։ «Հիշում եմ՝ նա հաճախ էր խաղում ինձ ու քույրերիս հետ։ Բայց այդպես էլ չամուսնացավ ու սեփական երեխաներ չունեցավ։ Մանկական հուշերը, թվում է, ամբողջ կյանքում հետապնդեցին նրան»,– վերհիշում է Երվանդը։
Երվանդ Զորյանի մորական պապ Արամ Մինասյանը կնոջ՝ Արփինեի հետ. Հալեպ, 1927թ. |
Դոկտոր Զորյանի մորական պապը՝ Արամ Մինասյանը, ստիպված չի եղել անձամբ ապրել Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները։ Նա սերում էր հայտնի վաճառականների տոհմից, որը դարերով բնակվում էր Հալեպում՝ առանց սեփական ինքնությունը թաքցնելու նվազագույն անհրաժեշտության։ «Երբ հայ գաղթականները հասան Սիրիա, Արամի հայր Կարապետն էր, որ լինելով հայ առաքելական համայնքի առաջնորդներից մեկը, օգնեց կազմակերպել նպաստամատույց կոմիտեն, որպեսզի հնարավոր լիներ օժանդակել ողջ մնացածներին՝ բժշկական օգնություն տրամադրելու եւ կրթության ու աշխատանքի հնարավորություններ ստեղծելու միջոցով»,– ասում է Զորյանը։ Հետեւելով հոր օրինակին՝ Արամ Մինասյանը, Բեռլինում ուսումն ավարտելով, վերադառնում է Սիրիա եւ շարունակում ծառայել ստվարացած հայ համայնքին։ Հետագայում՝ 1953-1967 թվականներին, նա գլխավորում է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը։ Այդ շրջանում նա օգնում է հիմնել ՀԲԸՄ-ի Հալեպի դպրոցը։
Աբիկ եւ Հիլդա Զորյանները երեխաների՝ Երվանդի, Մաիդայի եւ Հուրիի հետ. Հալեպ, 1968թ. |
Երվանդ Զորյանի ծնողները՝ Աբիկն ու Հիլդան, շարունակել են Հալեպի հայ համայնքին ծառայելու ընտանեկան ավանդույթը՝ զբաղվելով գերազանցապես կրթության ոլորտով։ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի ճարտարագիտության բաժինն ավարտելուց հետո Աբիկը 30 տարի աշխատել է որպես Հալեպի Էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ընկերության տեխնիկական գծով տնօրեն։ Ազատ ժամանակ, ի հավելումն ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղի կրթական կոմիտեն գլխավորելուն, նա ուսումնասիրել է հայկական արվեստ եւ ճարտարապետություն՝ արդյունքում հրատարակելով հայ մշակույթի ազդեցության վերաբերյալ երեք մենագրություն, որոնք արժանացել են բազմաթիվ պարգեւների։
Երվանդ Զորյանը 2010 թ. դասախոսություն է կարդում Բուենոս Այրեսի ՀԲԸՄ դպրոցի համակարգչային դասարանում |
Այս ամենի արդյունքում հայկական ինքնությունն ու ժառանգությունը դեռ մանկուց դառնում են Երվանդ Զորյանի կյանքի անբաժան մասը։ Հալեպում նա ուսանում է ՀԲԸՄ ավագ դպրոցում՝ դառնալով աշակերտական միության նվիրյալ անդամ։ Ապա շարունակում է ուսումը Լոս-Անջելեսում եւ Մոնրեալում, որտեղի բժշկական համալսարաններից մեկում սովորում էր նաեւ նրա ապագա կինը՝ Ռիտա Շատարեւյանը։ Զույգն ի վերջո հաստատվում է Սիլիկոնյան հովտում, որտեղ Երվանդը հիմնում է Սիլիկոնյան հովտի ՀԲԸՄ մասնաճյուղը, իսկ 2006-ին՝ Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ), որն աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն է տալիս առնչվելու իր ինքնությանը՝ կազմակերպելով հայոց պատմության, մշակույթի եւ լեզվի առցանց դասընթացներ։
«Բոլորս պետք է ինչ-որ բան վերադարձնենք մեր ազգին եւ, հատկապես, հաջորդ սերնդին՝ շարունակելու մեր ստացած ժառանգության անընդհատությունը։ Յուրաքանչյուր հայ կարող է գտնել իր գիտելիքների ու հմտությունների միջոցով երկրի բարօրությանը նպաստելու հնարավորություն։ Որպես տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչ՝ ես իմ ուշադրությունը կենտրոնացրել եմ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի, ինչպես նաեւ տեխնոլոգիայի միջոցով «հայկական գիտելիք» տրամադրելու վրա,– հպարտությամբ նշում է դոկտոր Զորյանը եւ հավելում,– արդյունքում՝ այսօր աշխարհի ամենաառաջատար ինքնանորոգվող տեխնոլոգիան արտադրվում է Հայաստանում՝ «Սինոփսիսի» մեր թիմի կողմից։ Բացի այդ, արդեն 16 հազար առցանց ուսանող օգտվել է Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներից եւ էլեկտրոնային գրքերից։ Սերնդեսերունդ՝ իմ ընտանիքը բախտ է ունեցել ամենադժվարին պահերին անգամ որպես զենք ունենալ կրթությունը։ Իմ գործունեությամբ ես ընդամենը հույս ունեմ այդ նույն հնարավորությունն ընձեռել նաեւ հայության հաջորդ սերնդին»։