Վահե Բերբերյան

Վահե Բերբերյան

«Ես չեմ միանա հեղափոխությանը, քանի դեռ չեմ կարող պարել»,- ասում է նա` վերաձեւակերպելով Էմմա Գոլդմանի խոսքերը: Վահեի երկար, սպիտակ հյուսքերը, ականջօղերն ու մորուսը նրան դարձնում են հայկական աշխարհի ամենաճանաչելի դեմքերից: Շատերը նրան գիտեն իր հանրահայտ սթենդ-ափ երգիծական մենախոսություններից, սակայն երգիծանքը բազմաթիվ արտահայտչամիջոցներից միայն մեկն է այս ստեղծագործ մարդու համար. նա իր պատմությունները պատմում է նաեւ կտավին, թղթին, ֆիլմում եւ բեմում:

Նրա հյուրասենյակի պատերին արվեստի գործեր են: Վահեի հետ զրուցելիս անհնար է խուսափել զգացողությունից, թե գիտի մի բան, որ հայտնի չէ քեզ, բայց ո՛չ այն պատճառով, որ ինքնամփոփ է: Հակառակը, նա անկաշկանդ կիսվում է իր մտքերով՝ Վոննեգուտ մեջբերելով եւ հիշելով ռուսական պոեզիայի ընթերցումները 1980-ականների Նյու Յուրքում: Ի վերջո գիտակցում ես, որ նա պատմում է քեզ իր գլխում ունեցած գրեթե փիլիսոփայական պլանն այն ամենի, ինչ անում է, եւ երբ բավարար ուշադիր ես լսում, պատկերն ամբողջանում է:

   Անթիլիաս, 60 x 72, ակրիլ կտավի վրա, 2008թ.

Նրա ժպիտն անկեղծ է, խոսքը՝ համեմված հայերեն «հոգիս» փաղաքշական բառով, սակայն այս շռայլ հմայքի հետեւում ընտանեկան մռայլ պատմություն է:

Նա չէր մահանում

Բերբերյանի հայր Րաֆֆին 1 տարեկան էր, երբ Սիրիայի Դեր Զոր անապատով մահվան երթի քշվեց իր մոր՝ Վահեի տատի հետ: Մինչ Բեյրութ գաղթելը երկուսն էլ հիմնավորվեցին Հալեպում, որտեղ էլ ծնվել եւ մեծացել է Վահեն: Նրա մոր ողջ ընտանիքն սպանվել էր ցեղասպանության ժամանակ:

 Վահե Բերբերյանի մայրը ապրիլի 24-ի ցույցերի ժամանակ

 

Շատ ընտանիքներ խուսափում էին նոր սերնդին պատմել, թե ինչ սարսափների միջով են անցել, բայց Բերբերյանների տանն այդպես չէր. «Իմ դեպքում լրիվ հակառակն էր: Նրանք ասում էին. «Ահա թե ինչ է կատարվել, եւ եթե դա չհիշես, համարիր, որ դավաճանել ես մեզ: Երկար ժամանակ ես մեղքի մեծ զգացում ունեի, չնայած ոչինչ չէի արել»: Նրա տատիկի հատկապես ցնցող պատմություններից մեկն այն մասին էր, թե ինչպես է մահվան երթի ընթացքում երեք անգամ փորձել խեղդել Վահեի հորը, բայց Եփրատ գետն այնքան լիքն էր մարմիններով, որ նա չէր մահանում:

  Վահե Բերբերյանի հայրն իր աշակերտների հետ. Հալեպ, Սիրիա

 

Երգիծանքը՝ որպես ապաստան

Վահեն անկաշկանդ ու անմիջական է այն հարցում, թե ինչ հետեւանք է ունեցել հավաքական վիշտն իր հոգեբանության վրա. «Ընդհանուր առմամբ ես երջանիկ մարդ չեմ: Հակված եմ ընկճախտի եւ ընդգծված տագնապայնության, դրա համար էլ հումոր եմ փնտրում: Եթե երջանիկ լինեի, ինչի՞ս էր պետք հումորը»,- հարցնում է նա: Հաշվի առնելով, թե որքան հանրահայտ է դարձել հայերի շրջանում, նա հավանաբար միայն իրեն չէ, որ նկատի ունի: Դատելով նրա կատակներից՝ Վահեն թերեւս միակը չէ, որ ապաստան է փնտրում երգիծանքում:

 

17 տարեկանում թողնելով Բեյրութը՝ նա մեկնել է Եվրոպա, որոշ ժամանակ ապրել այնտեղ, սակայն հետո կրկին վերադարձել Լիբանան: Այնտեղ անցկացնելով քաղաքացիական պատերազմի առաջին տարիները՝ մեկնել է Լոս Անջելես: Ապահովության զգացումը երկար չտեւեց. շուտով նրա մոտ միզապարկի քաղցկեղ ախտորոշեցին, ինչը հանգեցրեց մի շարք վիրահատությունների:

Արվեստը միջոց դարձավ՝ թեթեւացնելու այն ահռելի պատմական եւ զգայական բեռը, որ Վահեն կիսում էր իր հայրենակիցների հետ։

Բայց սկզբում դա ակնհայտ չէր: «Փոքր տարիքում սիրում էի նկարել եւ հիշում եմ, որ գանգեր էի նկարում՝ Դեր Զորի գանգերը»,- մտաբերում է նա: Միայն 1980-ականների վերջին գիտակցեց, որ՝ «այն, ինչ մենք անում էինք, սարսափելի էր, գրեթե [ինչպես] դիապղծությունը»։ Դա կարեւոր բացահայտում էր:

Վահեի գրելու առաջին փորձերը

 

Չարքերից ազատվելով

Նա հանգեց եզրակացության, որ ընդունել իր կյանքում ցեղասպանության դերը՝ չի նշանակում կաշկանդված լինել դրանով, ոչ էլ խանգարում է բացահայտել իրեն այնքան հմայող հայկական մշակույթի խորքերը: «Վերջապես ինձ հասու դարձավ, որ փոփոխություն է պետք, եւ դա անելու միակ ճանապարհը հետեւյալն է. եթե ուզում ես այլ կերպ  ընկալվել, ինքդ քեզ պետք է այլ կերպ ընկալես: Հայ լինել՝ բնավ չի նշանակում ապրել մազապուրծի հոգեբանությամբ, գրողի ծոցը կորչի այն: Հայ լինելը գրավիչ է, հայ լինելը գեղեցիկ է, հայ լինելն ուրախություն է, հայ լինելը զիլ է, հայ լինելը զվարճալի է»,- պնդում է նա:

Այսպիսով Վահեն սահմանում է իր առաքելությունը՝ կյանք ներարկել այդքան սիրելի մշակույթի մեջ, որպեսզի չավարտվի այն ամենը, ինչ չի կարողանում վերարտադրվել։

Բերբերյանը պատրանքներ չի ունեցել այն առումով, թե որքան դժվար պիտի լիներ: «Մեր ուսերին 1,5 միլիոն մարդ կա, եւ մենք փորձում ենք առաջ շարժվել, ու դա այնքա՜ն դժվար է»,- ասում է նա: Սակայն դաջվածք կրող 61-ամյա այս տղամարդը, որը զվարճացնում է ամբոխին՝ ծաղրելով նրանց (եւ իր սեփական) առանձնահատկությունները հայերեն, երբեք չի առնչվել մի սահմանափակ հարացույցում պարփակվելու խնդրին։ Հինգ գրքի, 13 ներկայացման, 6 երգիծական շոուի եւ արվեստի հարյուրավոր գործերի առկայությամբ նրա մեծաթիվ երկրպագուները պետք է որ գնահատեն դա:

Նա անվերապահորեն ընդունում է իր մշակույթի ազդեցությունն իր ստեղծագործության վրա՝ ասելով, որ դա բոլորովին նոր մի չափում է ավելացնում իր ինքնությանը.«Իմ հայ լինելը միշտ արժեք է եղել, միշտ, առանց բացառության, աշխատել է իմ օգտին»: Մշակույթն այնքան է ձուլված նրան. թվում է՝ նրա գործերում այն նրա ինքնության բնական հետեւանքն է, ոչ թե լսարանին գոհացնելու կամ անցյալում կատարվածի համար մեղքի զգացումից ազատվելու միջոց: Եվ նա օգտագործում է դա մեծ թեթեւությամբ՝ ցույց տալով, որ այն կարող է լինել ոգեշնչող՝ առանց ճնշելու, կարող է գունավորել հեռանկարն՝ առանց կուրացնող լինելու:

Իսկապես, իր արտաքին տեսքով, կատակներով կամ ստեղծագործություններով մշակութային նորմերին դեմ գնալը բացարձակապես ներդաշնակ է նրա հայկական ինքնությանը, ինչը թույլ է տալիս նրան բարձրագույն, նախանձելի հավասարակշռության հասնել։

 Վահե Բերբերյանը Փարիզի շոուից առաջ

Հայ ազգի ապագան լուսավոր է երեւում Բերբերյանին. «Մեր երաժշտությունն ավելի լավատեսական է դարձել՝ փորձարարության արդյունքում: Ես խոսում եմ սփյուռքի եւ Հայաստանի որոշ խմբերի մասին, որոնք հիմնվում են մեր ժառանգության վրա՝ ինչ-որ բան ավելացնելով դրան, հարստացնելով այն եւ դարձնելով ժամանակակից»։ Նույնիսկ եթե նրանք ձեւացնում են՝ հոգ չէ։ «Մենք այն ենք, ինչ ձեւացնում ենք, այնպես որ՝ պետք է միայն զգույշ լինել ձեւացնելիս»,- ասում է նա՝ հղում անելով Վոննեգուտին։

«Գերազանց որակի երաժշտություն եւ ֆիլմեր կան։ Եկել ենք եզրակացության, որ հայկական ֆիլմը պարտադիր չէ, որ լինի անպայման ցեղասպանության մասին։ Հնարավոր է՝ գրեթե տեղ ենք հասել, երբ զգում ենք՝ ասես ազատվել ենք ցեղասպանության չարքերից։ Լավ տեղում ենք հիմա»։

 

  Վահե Բերբերյան. լուսանկարը՝ Արմեն Քելեշյանի

Վահեի համար, սակայն, կանգառ չկա։ Բերբերյանը շարունակում է իր՝ մեկ անձով մշակութային հեղափոխությունը՝ բացահայտելու հայկական անընդգրկելի տարածությունում պարփակված գեղեցկությունն ու արվեստը։ Եվ այդ ճանապարհը նա անցնում է պարելով։