logo
ՓԱԿԵԼMenu
Waterford Kamhlaba UWCSA թիմը՝ 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող

Waterford Kamhlaba UWCSA թիմը՝ 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող

Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջի թիմի «Հույսի սերմեր» նախագիծը դարձել է հինգերորդ ամենամյա «Երիտասարդական Ավրորայի» հաղթող։ Եզրափակիչ էին հասել UWC Ատլանտիկ, UWC Արեւելյան Աֆրիկա եւ Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջների թիմերը: 

««Ավրորայի» նպատակներից մեկն է աջակցել երիտասարդներին եւ նրանց համար ընդօրինակման նոր մոդելներ ստեղծել: [«Ավրորան»] բացահայտում է, ինչպես նաեւ պարգեւատրում մեր աշխարհի իրական հերոսներին, որոնք ուրիշների համար ինչ-որ շատ կարեւոր աշխատանք են կատարում՝ անկախ դժվարություններից եւ իրենց շուրջ կատարվող բարբարոսություններից: Նրանք շարունակում են իրենց սկսած աշխատանքը եւ հավատում են, որ կարող են հաղթել, եւ ուրիշների հանդեպ գործած բարիքը կարող է դրական ազդեցություն բերել»,- ասաց սոցիալական ներդրող եւ գործարար, RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը` նշելով, որ հաղթող թիմի պարգեւատրումը կլինի 5.000 ԱՄՆ դոլար:

«Երիտասարդական Ավրորան» իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC International-ի, Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: Այն մեկնարկել է 2017 թ.` քաջալերելու, աջակցելու եւ ներկայացնելու ուսանողական նախագծեր, որոնք ուղղված են մարդասիրական կոնկրետ խնդիրների հաղթահարմանը՝ նորարարական եւ կայուն լուծումների օգնությամբ:  

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով երկրորդ տարին անընդմեջ միջոցառումն անցկացվեց առցանց եւ սկսվեց հուզիչ ու ոգեշնչող տեսանյութով, որն անդրադառնում էր «Երիտասարդական Ավրորայի» անցած հինգ տարիներին՝ ցույց տալով հայտնի դեմքեր անցած տարիներին եզրափակիչ հասած թիմերից, որոնք եւս մեկ անգամ համախմբվել էին շնորհավորելու «Երիտասարդական Ավրորայի» հնգամյակը:

Մարդասիրական խնդիրները, որոնց հաղթահարման լուծումներ էին առաջարկել ուսանողներն այս տարի, ընդգրկում էին երեք ոլորտ՝ հոգեկան առողջություն, շրջակա միջավայր, կրթություն եւ աջակցություն փախստականներին: UWC Ատլանտիկը, որպես հոգեկան առողջության խնդրի լուծում, առաջարկել էր ընդլայնել հասակակից ունկնդիրների ցանցը հարեւան դպրոցների համար, որն արդեն հաջողությամբ կիրառվել էր իրենց դպրոցում: UWC Արեւելյան Աֆրիկայի թիմն առաջարկել էր լուծել հողի էրոզիայի եւ անտառահատման խնդիրն իրենց դպրոցի շրջակայքում՝ «սերմ-ռումբերի» տարածմամբ եւ անձրեւաջրերի հավաքման համակարգի ապահովմամբ: Եվ, ի վերջո, Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկայի թիմն առաջարկել էր լուծում՝ աջակցելու Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծելով երիտասարդական կենտրոն, որը միաժամանակ կծառայի նաեւ որպես առցանց կրթական կենտրոն եւ սոցիալական տարածք: 

Ժյուրին ուսումնասիրել է ներկայացված նախագծերը՝ հաշվի առնելով այս խնդիրների տարածվածությունն ու կարեւորությունը: Ժյուրիի կազմում էին. 

  • Միրզա Դինայի՝ եզդի ակտիվիստ, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր,
  • Մարիա Ինես Կավամուրա՝ UWC International խորհրդի անդամ,
  • Սայիդա Ղուլամ Ֆաթիմա՝ մարդու եւ աշխատանքային իրավունքների ակտիվիստ, «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար, 2016 թ. «Ավրորայի» հերոս,
  • Ալիս Պետրոսյան՝ UWC Դիլիջանի խորհրդի անդամ եւ կրթական գծով խորհրդատու,
  • Ջոն Փրենդերգասթ՝ մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ։

Ժյուրին մանրակրկիտ ուսումնասիրել է նախագծերը, հարցեր ուղղել յուրաքանչյուր թիմի եւ հետո ժամանակ ունեցել ընդունելու դժվար, բայց կարեւոր որոշում, թե որ թիմն է դառնում 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողը: Մինչ ժյուրին կայացնում էր իր վերջնական որոշումը,  տեղի ունեցավ այս տարվա՝ «Գաղափարների բազմազանություն» թեմայով քննարկումը: Թեման ուսումնասիրելու համար քննարկման մոդերատոր, համաշխարհային քաղաքականության ուսուցիչ եւ մանկավարժ Խայմե Նիեմանին էին միացել բանախոսներ UWC International խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն եւ UWC Դիլիջանի 2021 թ. շրջանավարտ, «Համարձակվիր երազել» ծրագրի կրթաթոշակառու Զաք Մերիդան:

Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկայի թիմի համար ժամանակը լի էր եղել մարտահրավերներով՝ հաշվի առնելով Էսվատինիում տիրող քաղաքական անկարգությունները: Թիմի անդամ Փրինսը, որը ստիպված է եղել լքել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը 2017 թ.՝ որպես փախստական, ասաց. «Լսելով այս հրաշալի նորությունը՝ խոսքեր չունեմ: Այնքան մեծ ջանքեր ենք ներդրել այս նախագծի մեջ: Սա մեզ հույս է տալիս, որ մենք կարող ենք լինել բարեփոխումներ իրականացնող եւ մեր ձայնը կարող է լսելի լինել: Ես չափազանց հուզված եմ: Շատ շնորհակալ ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն օգնում է մեզ լինել այդ փոփոխություն իրականացնողը: Շնորհակալություն: Շնորհավորում ենք նաեւ մյուս թիմերին՝ դուք բոլորդ բարեփոխում եք մեր աշխարհը: Աշխարհը սպասում է մեզ եւ մեր բերած փոփոխություններին»: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ կլինի հետեւելու «Հույսի սերմեր» նախագծի զարգացմանն ու այն փոփոխությանը, որը կիրականացվի Մալինձա փախստականների ճամբարում: