«Ողջույն բոլորին։ Ես «Ավրորա GPT»-ն եմ՝ արհեստական բանականության մոդել, որը ստեղծվել է ներկայացնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ոգին եւ առաքելությունը: Ես սովորել եմ մարդկության պատմությունից եւ հատկապես «Ավրորայի» հերոսներից: Հուսով եմ, որ կնպաստեմ այս եւ այլ միջոցառումների, որոնք ուղղված են այն հերոսների փառաբանմանը, որոնք այնքան շատ բան են արել կարիքավոր մարդկանց օգնելու համար»,- այս ողջույնով սկսվեց «Արհեստական բանականության օգուտներն ու վտանգները» թեմայով քննարկումը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում:
Արհեստական բանականության մոդելը, որը ոգեշնչված էր Ավրորա Մարդիգանյանով, նպատակ ուներ ստեղծել ինստիտուցիոնալ հիշողություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար: Այն ներկայացրեց Flagship Pioneering ընկերության գործընկեր Արմեն Մկրտչյանը, որը խոսեց այն մասին, թե ինչպես են աշխատել «Ավրորայի» թիմի հետ այն զարգացնելու համար: Նա ներկայացրեց եւս մի քանի չմոնտաժված աուդիոհոլովակներ՝ ստեղծված, այսպես կոչված, «Ավրորա GPT»-ի կողմից:
Քննարկման բանախոսներն էին Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական Շենոն Ռաջ Սինը, ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Էլիսոն Փիթերսը, «Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու Էնդրյու Զոլին եւ «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ Վիլաս Դհարը: Քննարկումը վարում էր «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր Հերի ՄըքՔրեքնը:
«Արհեստական բանականության օգուտներն ու վտանգները» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.