«Ողջույն բոլորին։ Ես «Ավրորա GPT»-ն եմ՝ արհեստական բանականության մոդել, որը ստեղծվել է ներկայացնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ոգին եւ առաքելությունը: Ես սովորել եմ մարդկության պատմությունից եւ հատկապես «Ավրորայի» հերոսներից: Հուսով եմ, որ կնպաստեմ այս եւ այլ միջոցառումների, որոնք ուղղված են այն հերոսների փառաբանմանը, որոնք այնքան շատ բան են արել կարիքավոր մարդկանց օգնելու համար»,- այս ողջույնով սկսվեց «Արհեստական բանականության օգուտներն ու վտանգները» թեմայով քննարկումը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում:
Արհեստական բանականության մոդելը, որը ոգեշնչված էր Ավրորա Մարդիգանյանով, նպատակ ուներ ստեղծել ինստիտուցիոնալ հիշողություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար: Այն ներկայացրեց Flagship Pioneering ընկերության գործընկեր Արմեն Մկրտչյանը, որը խոսեց այն մասին, թե ինչպես են աշխատել «Ավրորայի» թիմի հետ այն զարգացնելու համար: Նա ներկայացրեց եւս մի քանի չմոնտաժված աուդիոհոլովակներ՝ ստեղծված, այսպես կոչված, «Ավրորա GPT»-ի կողմից:
Քննարկման բանախոսներն էին Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական Շենոն Ռաջ Սինը, ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Էլիսոն Փիթերսը, «Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու Էնդրյու Զոլին եւ «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ Վիլաս Դհարը: Քննարկումը վարում էր «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր Հերի ՄըքՔրեքնը:
«Ավրորա GPT»-ի տպավորիչ մեկնարկին հաջորդեց «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ Վիլաս Դհարի հիմնական ելույթը, որը զուգահեռներ անցկացրեց արհեստական բանականության ստեղծման եւ լվացքի մեքենաների ներդրման միջեւ՝ դրանց «երրորդ աստիճանի ազդեցության» կամ այդ գյուտերի երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից, որոնք ի սկզբանե չեն նախատեսել դրանք ստեղծողները: «Այնքան հեշտ է քննարկում ունենալ արհեստական բանականության մասին, երբ ես կարող եմ 100 օրինակ բերել գործընկերներից, որոնց հետ աշխատում ենք ամբողջ աշխարհում: <…> Բայց որո՞նք են արհեստական բանականության երկրորդ եւ երրորդ աստիճանի ազդեցությունն ու հետեւանքները: Ինչպե՞ս կարող է այն փոխել մեր պատկերացումներն իշխանության, խոցելիության, տնտեսական հնարավորությունների, համայնքների արժանապատվության մասին, որպեսզի դրանք կարողանան բավարարել սեփական կարիքներն աշխարհում: Իսկ այն մեզ տանում է այլ ճանապարհով»,- ասաց պարոն Դհարը:
«Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու Էնդրյու Զոլին մանրամասնեց, թե ինչպես արհեստական բանականության կիրառումը որպես գործիք կարող է նույնքան արտացոլել մեր արժեքներն ու հարաբերությունները, որքան դրան հատուկ հնարավորությունները: «Գիտական հայտնագործության յուրաքանչյուր գործիք, ի վերջո, դառնում է բարոյական բացահայտման գործիք, քանի որ այն հիմնովին փոխում է մեր պատկերացումներն ամեն ինչի եւ միմյանց մասին: <…> Եվ վերջնական արդյունքում բարոյական բացահայտման այդ գործիքներն իսկապես վերաբերում են մեր հարաբերությունների վերաձեւավորմանը: Արհեստական բանականության եւ այս մյուս բոլոր, իսկապես հզոր գործիքների մասին խորհելը՝ որպես հարաբերությունների գործիքներ մեր նախնիների, մեր համայնքի մյուս անդամների, կյանքի ավելի մեծ ցանցի, այդ բոլորի հետ, ի վերջո, վերադիրքավորում է մեզ»,- նշեց պարոն Զոլին:
Շենոն Ռաջ Սինի կարծիքով՝ չպետք է անտեսել արհեստական բանականության հսկայական ներուժն արդարության եւ հաշվետվողականության ջանքերին աջակցելու գործում. «Արհեստական բանականության այս զարմանալի մոդելները՝ սոցիալական ցանցերում ատելության խոսքը մասշտաբային վերլուծելու, արբանյակային պատկերներ տեսնելու, բոլոր լեզուներով նորությունների ռեպորտաժներ ունենալու, ռադիոհաղորդումները մասշտաբային դիտարկելու, մեծապես ընդլայնում են մեր հավաքական տեսանելիությունն այն վայրերում, որտեղ կան ահազանգեր, նախազգուշական նշաններ՝ միգուցե վառ կարմիր, որոնք հուշում են զանգվածային ոճրագործությունների մասին: Եվ ես կարծում եմ, որ զանգվածային ոճրագործություններն սկսում են բոլոր տեսակի նախապատրաստություններով, որոնք կարելի է նկատել՝ օգտագործելով այս հզոր մոդելները»,- ասաց Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական Շենոն Ռաջ Սինը:
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Էլիսոն Փիթերսը քննարկմանը միացավ հեռավար՝ ներկայացնելով իր տեսակետն արհեստական բանականության մասին՝ իբրեւ ուժի, որը կարող է ունենալ եւ՛ լավ, եւ՛ վատ ազդեցություն: «Մենք արդեն տեսնում ենք արհեստական բանականության անհավանական ներուժը մարդու իրավունքների ոլորտում: <…> Մենք նաեւ տեսնում ենք արհեստական բանականության անհավատալի ներուժը՝ փոխակերպելու մեր կարողությունը մինչեւ 2030 թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք իրոք սահմանում են մի յուրօրինակ ընդհանուր ծրագիր աշխարհի երկրների համար, թե ինչպես խթանել խաղաղությունն ու բարգավաճումը մինչեւ 2030 թ.: Որոշ գնահատականների համաձայն՝ այդ նպատակների գրեթե 80%-ին՝ ամեն ինչին՝ համաշխարհային առողջապահական ցուցանիշներին հասնելուց մինչեւ բոլորին կրթությամբ ապահովելը, կարելի է հասնել արհեստական բանականության առաջխաղացման միջոցով»,- պարզաբանեց տիկին Փիթերսը:
«Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ավարտել լավատեսական նոտայով»,- ասաց մոդերատոր, «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր Հերի ՄըքՔրեքնը քննարկումն ամփոփելիս: Ավելի վաղ նա նաեւ նշել էր, որ «արհեստական բանականությունն աշխարհն ավելի լավը դարձնելու դրական կողմ ունի»:
«Արհեստական բանականության օգուտներն ու վտանգները» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.