«Աֆղան աղջիկների եւ կանանց առօրյան թալիբների ռեժիմի ներքո դարձել է մռայլ եւ հուսահատեցնող: Խնդիրը միայն այն չէ, որ վերացրել են նրանց հնարավորությունները, այլեւ այն, որ հիմա ամեն օր նրանք ունեն անպետքության եւ նպատակի կորստի խոր զգացում»,– այսպես էր իր բացման խոսքում նշել 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին «Կրթության իրավունքը» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում։ Քանի որ տիկին Աֆղանին չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, նրա ելույթն ընթերցեց քննարկման մոդերատոր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:
Մյուս բանախոսների թվում էին Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, իրավագիտության պրոֆեսոր, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի՝ իրավահավասարության, բազմազանության եւ ներառականության գծով նախկին պրոռեկտոր Աննա Սփեյն Բրեդլին եւ «Ավրորա» մրցանակի Փորձագիտական խորհրդի անդամ, MV հիմնադրամի հիմնադիր, Հայդարաբադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Շանթա Սինհան:
«Կրթության իրավունքը» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.