«Աֆղան աղջիկների եւ կանանց առօրյան թալիբների ռեժիմի ներքո դարձել է մռայլ եւ հուսահատեցնող: Խնդիրը միայն այն չէ, որ վերացրել են նրանց հնարավորությունները, այլեւ այն, որ հիմա ամեն օր նրանք ունեն անպետքության եւ նպատակի կորստի խոր զգացում»,– այսպես էր իր բացման խոսքում նշել 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին «Կրթության իրավունքը» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում։ Քանի որ տիկին Աֆղանին չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, նրա ելույթն ընթերցեց քննարկման մոդերատոր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:
Մյուս բանախոսների թվում էին Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, իրավագիտության պրոֆեսոր, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի՝ իրավահավասարության, բազմազանության եւ ներառականության գծով նախկին պրոռեկտոր Աննա Սփեյն Բրեդլին եւ «Ավրորա» մրցանակի Փորձագիտական խորհրդի անդամ, MV հիմնադրամի հիմնադիր, Հայդարաբադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Շանթա Սինհան:
Սկսելով քննարկումը՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը պատմեց կրթության ոլորտում ունեցած իր գործունեության եւ այն մասին, թե որքան մեծ առավելություն է կրթություն ունենալու հնարավորությունը: «Ես համալսարան գնացի իմ տասնյոթ տարին լրանալուց անմիջապես հետո եւ միայն անցած տարի թողեցի այն, քանզի ես խորապես հավատում եմ կյանքը փոխելու՝ կրթության ուժին: Ինչպես այստեղ ներկաներից շատերը, ես էլ կրթություն եմ ստացել այլոց առատաձեռնության շնորհիվ, բայց ոչ բոլորն են այդքան հաջողակ: Այսօր աշխարհում յոթ հարյուր հիսուն միլիոն մարդ գրել-կարդալ չգիտի»,- նշեց տիկին Ռիչարդսոնը:
Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը նույնպես ուշադրություն հրավիրեց շատ տարածաշրջաններում կրթության հասանելիության խիստ բացակայության խնդրի վրա եւ ընդգծեց մանկավարժների կարեւոր դերն ապագայի կերտման գործում: «Մենք հավատում ենք, որ որպես մանկավարժ մենք ամենամեծ դերն ունենք աշխարհի վերափոխման գործում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր դասարաններում, կկանխատեսի, թե ինչպիսի աշխարհ կունենանք վաղը»,- ասաց տիկին Քոփը՝ մինչեւ մի տխուր օրինակի մասին խոսելը. «Ես պետք է ասեմ, որ դատելով այն ամենից, ինչ տեսել ենք աշխարհի մարգինալ համայնքներում՝ [տխուր] իրականություն է շատերի համար: Ես նոր եմ եղել Նիգերում, որն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է: Այնտեղ 10 տարեկանների 99 տոկոսը չի կարողանում կարդալ տարրական նախադասություն կամ կատարել մաթեմատիկական պարզ գործողություն»:
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն մի տխուր պատմություն հիշեց իր պատանեկության տարիներից: Երբ իր հայրենի Բուրունդիում պատերազմ սկսվեց էթնիկ խմբերի միջեւ, նա ականատես եղավ, թե ինչպես զինվորականները մտան իր կաթոլիկ դպրոցի դասարան՝ տանելու ուսուցչին: Այն ժամանակ, երբ բոլորը լուռ էին՝ թողնելով ուսուցչին մենակ, նրա մոտ հարց էր առաջացել՝ թե ինչու. «Ես մեծացել եմ խորը քրիստոնյա ընտանիքում եւ երբ գնացի դպրոց, հավատում էի, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք եւ կարող ենք կիսվել [ամեն ինչով]: Մայրս ինձ հետ երբեք նույնիսկ չի էլ խոսել իմ էթնիկ խմբի մասին, որովհետեւ ասում էր՝ «Դու Աստծո զավակն ես: Բոլորը քո եղբայրներն ու քույրերն են»»:
Արմատացած անհավասարությունների հետ գործ ունենալը, որն ստեղծում է նման ողբերգական իրականություն, ավելի են բարդացնում պահպանողական խմբերը, որոնք ուզում են պահպանել կարգավիճակն ինչպես կա՝ հաճախ իրենց շահերը գերադասելով երեխաների կրթության իրավունքից. «Երբ մենք սկսեցինք մեր աշխատանքը, մտածում էինք, որ պետք է զբաղվենք երեխաների ստրկության եւ անչափահասների աշխատանքային շահագործման խնդիրներով: Դա շատ վիճելի հարց է, որը խաթարեց միջկաստայական հարաբերությունները։ [Հնդկաստանում] ստրկության մեջ գտնվող երեխաների մեծ մասն անդիպչելիների համայնքից է՝ ամենամարգինալ Դալիթ համայնքից: Եվ ընթացքում քաղաքական բազմաթիվ արձագանքներ են եղել, ինչպես նաեւ բռնություն։ Մենք պետք է կարողանայինք աշխատել այդ իրավիճակում»,- ասաց «Ավրորա» մրցանակի Փորձագիտական խորհրդի անդամ, MV հիմնադրամի հիմնադիր, Հայդարաբադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Շանթա Սինհան:
Իրավագիտության պրոֆեսոր, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի՝ իրավահավասարության, բազմազանության եւ ներառականության գծով նախկին պրոռեկտոր Աննա Սփեյն Բրեդլին նշեց, որ կրթության իրավունքը եւ դրա հետ կապված պարտավորությունները դիտարկելիս կարեւոր է մտածել իրավունքի շրջանակից այն կողմ՝ ներառելով դրա իրագործման քաղաքական բաղադրիչը. «Կրթություն ստանալը քաղաքական ակտ է։ Կրթություն տալը քաղաքական ակտ է: Այսօր աշխարհում այնպիսի իրավիճակ է, երբ բնակչության մի հսկա զանգվածի կրթությունը (որն արժե չակերտների մեջ վերցնել, որովհետեւ ներառում է շատ այլ բաներ) ստեղծում է քաղաքացիական ակտիվություն, որը կառավարությունների մեջ շատերին եւ այլ առաջատար դերակատարների կարող է դուր գալ կամ չգալ»,- բացատրեց պրոֆեսոր Բրեդլին:
«Կրթության իրավունքը» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.