«Առողջությունն ունի քաղաքական բաղադրիչ»,- ասաց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, բնակչության եւ հանրային առողջության եւ իրավունքի պրոֆեսոր Սոֆյա Գրասկինը «Համաշխարհային առողջապահական ճգնաժամ» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում: Բանախոսների թվում էին նաեւ Major Inc. կազմակերպության համահիմնադիր, երգահան, բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր Ալոե Բլեքը, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի գլխավոր տնօրեն Մարի Բեթ Փաուերսը, ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոքենգը եւ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյլա Դեյվիսը: Քննարկումը վարում էր «Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից Էլիս Փարքը:
Քննարկումն սկսվեց ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոքենգի հիմնական ելույթով, որն անդրադարձավ անցյալի առողջապահական մարտահրավերներին՝ վեր հանելով մարդկության ուժեղ եւ թույլ կողմերը, անգնահատելի դասեր տալով դիմացկունության եւ համակարգերի շարունակական բարելավման անհրաժեշտության մասին: «Ետ նայելով կորոնավիրուսի համավարակին՝ մենք պետք է շատ հարցերի պատասխանենք: Չնայած դաժանությանն ու անսպասելիությանը՝ բազմաթիվ հնարավորություններ կային ամեն ինչ ճիշտ անելու եւ մարդու կյանքն իսկապես առաջնահերթություն դարձնելու համար: Կորոնավիրուսի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի արտադրության արտասովոր արագությունը ցույց տվեց, որ, ըստ էության, կա մարդկության մի շարք մեծագույն մարտահրավերներին ժամանակին արձագանքելու կարողություն»,- շեշտեց տիկին Մոֆոքենգը: