«Առողջությունն ունի քաղաքական բաղադրիչ»,- ասաց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, բնակչության եւ հանրային առողջության եւ իրավունքի պրոֆեսոր Սոֆյա Գրասկինը «Համաշխարհային առողջապահական ճգնաժամ» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում: Բանախոսների թվում էին նաեւ Major Inc. կազմակերպության համահիմնադիր, երգահան, բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր Ալոե Բլեքը, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի գլխավոր տնօրեն Մարի Բեթ Փաուերսը, ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոքենգը եւ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյլա Դեյվիսը: Քննարկումը վարում էր «Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից Էլիս Փարքը:
Քննարկումն սկսվեց ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոքենգի հիմնական ելույթով, որն անդրադարձավ անցյալի առողջապահական մարտահրավերներին՝ վեր հանելով մարդկության ուժեղ եւ թույլ կողմերը, անգնահատելի դասեր տալով դիմացկունության եւ համակարգերի շարունակական բարելավման անհրաժեշտության մասին: «Ետ նայելով կորոնավիրուսի համավարակին՝ մենք պետք է շատ հարցերի պատասխանենք: Չնայած դաժանությանն ու անսպասելիությանը՝ բազմաթիվ հնարավորություններ կային ամեն ինչ ճիշտ անելու եւ մարդու կյանքն իսկապես առաջնահերթություն դարձնելու համար: Կորոնավիրուսի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի արտադրության արտասովոր արագությունը ցույց տվեց, որ, ըստ էության, կա մարդկության մի շարք մեծագույն մարտահրավերներին ժամանակին արձագանքելու կարողություն»,- շեշտեց տիկին Մոֆոքենգը:
Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի գլխավոր տնօրեն Մարի Բեթ Փաուերսը համաձայնեց նրա հետ եւ նշեց, որ նույնիսկ լավագույն մտադրությունները երբեք արդյունավետ չեն լինի առանց իրականացման արդյունավետ ծրագրի: «Եթե մենք մտածում ենք ապագայի մասին, այդ դեպքում որքանո՞վ ենք պատրաստ հաջորդ համավարակին: Որովհետեւ այն կլինի: Կարծում եմ՝ մենք լսել ենք որոշ լավ խորհուրդներ, բայց նույնիսկ առկա պաշարների եւ այլնի դեպքում մեզ իսկապես ծրագիր պետք կլինի: Իսկ սիստեմատիկ անբավարար ներդրումներն առողջապահական համակարգերում եւ հատկապես հանրային առողջապահական համակարգերում, հավանաբար, ամենամեծ խնդիրն է եւ կորոնավիրոուսի համավարակի միջոցով քաղած ամենամեծ դասը»,- նկատեց տիկին Փաուերսը:
Համավարակի մասին մտքերը թարմ էին նաեւ մյուս բանախոսի՝ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյլա Դեյվիսի մոտ: Նա հիշեց, թե ինչ դժվարություններ է ունեցել իր կազմակերպությունը թե՛ մատակարարումների, թե՛ մարդկային ռեսուրսների պակասի պատճառով: «Մեր գաղափարը համագործակցությունն է պետական մարմինների հետ՝ կառուցելու կայուն առողջապահական համակարգ, որը ներառում է առողջապահական ծառայություններ մատուցողների ուսուցում: Բայց ռեանիմացիոն խնամքն այն բաներից է, որին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում: Փաստն այն է, որ եթե մենք նույնիսկ ունեինք թթվածնի պաշարներ, օդափոխման սարքեր, հազվադեպ էր լինում, որ մատակարարը կարողանար իրականում ապահովել ամենաբարձր մակարդակի խնամք»,- բացատրեց տիկին Դեյվիսը:
Այնուհետեւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, բնակչության եւ հանրային առողջության եւ իրավունքի պրոֆեսոր Սոֆյա Գրասկինը խոսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած Համավարակի դեմ պատրաստվածության պայմանագրի եւ դրա՝ մարդկության ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին: «Պարզապես պետք է ընդունել, որ առողջապահության հասանելիությունը քաղաքական որոշում է: Եվ այս քաղաքական դերակատարումը վճռորոշ է, ոչ միայն այն առումով, թե ինչ է կատարվում տեղում, բայց նաեւ կարեւոր է այն իմաստով, թե ինչ է կատարվում Պայմանագրի հետ: <…> Ի վերջո, անկախ այն բանից, թե տեխնիկապես որքան հիմնավորված ձեւակերպումներ մենք կներկայացնենք Պայմանագրում, փաստը, թե իրականում ինչ ձեւակերպումների շուրջ մենք ձեռք կբերենք համաձայնություն Պայմանագրով, հիմնված է քաղաքականության վրա»,- ասաց պրոֆեսոր Գրասկինը:
Major Inc. կազմակերպության համահիմնադիր, երգահան, բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր Ալոե Բլեքի կարծիքով՝ հասարակությունը որպես ամբողջություն, ինչպես նաեւ առանձին անհատներ, պետք է ավելի շատ ներգրավված լինեն այս խնդրի լուծման գործում. «Որպես մեծ լսարան ունեցող մարդ՝ խնդրի մասին բարձրաձայնելը, այն մարդկանց իրազեկումը, որոնք կարող են նվիրատվություններ անել, այն մարդկանց իրազեկումը, որոնք կարող են օգնել անհրաժեշտ պարագաներով, օգտակար է եղել: Բայց ինչպես հասկացանք քննարկման ընթացքում, քաղաքականությունը մեծ տեղ ունի, եւ հիմա իսկապես դժվար է շոշափելի փոփոխության հասնել»:
Լսարանի հետ կարճ հարցուպատասխանից հետո «Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից եւ մոդերատոր Էլիս Փարքը եզրափակեց քննարկումը՝ ներկայացնելով այն, ինչ զգում էր ներկաներից յուրաքանչյուրը. «Պարզ է, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց մենք նաեւ հույս ունենալու հիմքեր ունենք»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով քննարկման բանախոսներին եւ լսարանին: