2024 թ. սեպտեմբերի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Նյու Յորքում մասնակցել է «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության տարեկան միջոցառման «Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ եղավ աշխարհում խոցելի իրավիճակում գտնվող բնակչության վրա ազդող գործոններին: Քննարկում ծավալվեց նաեւ դրանք հաղթահարելու նոր գաղափարների եւ լուծումների շուրջ: Մասնակիցների թվում էին «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Չելսի Քլինթոնը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը եւ Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիր, դոկտոր Իֆթիքեր Մահմուդը:
Քննարկման ընթացքում Արմինե Աֆեյանը հստակեցեց, թե որքան կարեւոր է «Ավրորայի» համար համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին աջակցելը: «[«Ավրորա» մրցանակն] իր տեսակով մասնակցային դրամաշնորհ է՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ ամենալավը հենց նրանք գիտեն, թե ինչպես տեղաբաշխել այդ կապիտալը լոկալ մակարդակում: Ըստ էության, մենք հենց տեղային մակարդակում աշխատող կազմակերպություն ենք, ու այդ տրամաբանությամբ էլ մրցանակը բաշխվում է: <…> Եվ ես կարծում եմ, որ հիմնական հետեւությունը, որ պետք է անել, «մարդն» է «մարդասիրության» մեջ: Ահա թե ինչի մասին է մեր գործունեությունը»,- ասաց Արմինե Աֆեյանը: Որպես դրա վառ ապացույց նա երկու օրինակ ներկայացրեց «Ավրորայի» մերօրյա հերոսներից: Առաջինը՝ բժիշկ Թոմ Քաթինայի ոգեշնչող պատմությունը, որը բժշկական օգնություն է ցուցաբերում Սուդանի Նուբա լեռների խոցելի բնակչությանը: Երկրորդը՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի պատմությունը, որը պայքարում է Պակիստանում պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելու համար:
«Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.