2024 թ. սեպտեմբերի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Նյու Յորքում մասնակցել է «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության տարեկան միջոցառման «Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ եղավ աշխարհում խոցելի իրավիճակում գտնվող բնակչության վրա ազդող գործոններին: Քննարկում ծավալվեց նաեւ դրանք հաղթահարելու նոր գաղափարների եւ լուծումների շուրջ: Մասնակիցների թվում էին «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Չելսի Քլինթոնը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը եւ Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիր, դոկտոր Իֆթիքեր Մահմուդը:
Քննարկման ընթացքում Արմինե Աֆեյանը հստակեցեց, թե որքան կարեւոր է «Ավրորայի» համար համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին աջակցելը: «[«Ավրորա» մրցանակն] իր տեսակով մասնակցային դրամաշնորհ է՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ ամենալավը հենց նրանք գիտեն, թե ինչպես տեղաբաշխել այդ կապիտալը լոկալ մակարդակում: Ըստ էության, մենք հենց տեղային մակարդակում աշխատող կազմակերպություն ենք, ու այդ տրամաբանությամբ էլ մրցանակը բաշխվում է: <…> Եվ ես կարծում եմ, որ հիմնական հետեւությունը, որ պետք է անել, «մարդն» է «մարդասիրության» մեջ: Ահա թե ինչի մասին է մեր գործունեությունը»,- ասաց Արմինե Աֆեյանը: Որպես դրա վառ ապացույց նա երկու օրինակ ներկայացրեց «Ավրորայի» մերօրյա հերոսներից: Առաջինը՝ բժիշկ Թոմ Քաթինայի ոգեշնչող պատմությունը, որը բժշկական օգնություն է ցուցաբերում Սուդանի Նուբա լեռների խոցելի բնակչությանը: Երկրորդը՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի պատմությունը, որը պայքարում է Պակիստանում պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելու համար:
Չելսի Քլինթոնը, կարեւորելով «Ավրորայի» մոտեցումը, ասաց. «Արդեն մեկ տասնամյակ դուք անցնում եք այս ճանապարհը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» մրցանակի շնորհիվ հնարավորություն եք ունեցել հանդիպելու բազմաթիվ արտասովոր մարդկանց, որոնց աջակցում եք՝ արժանացնելով ճանաչման եւ տրամադրելով ֆինանսական միջոցներ ու կապեր, այդ թվում՝ նաեւ դոկտոր Մահմուդին»: Ապա նա շարունակեց՝ հարց ուղղելով բժիշկ Մահմուդին՝ նրա նախագծի եւ այն առաջ մղող ուժի մասին:
Իֆթիքեր Մահմուդը Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամն ստեղծել է Ֆլորիդայում 1999 թ. մայիսին: Հիմնադրամի առաքելությունն է առողջապահական ծառայություններ մատուցել Բանգլադեշի առավել անապահով մայրերին եւ երեխաներին: «Երբ բժշկություն էի սովորում, ես անձամբ եմ տեսել տառապանք եւ կործանարար հետեւանքներ: Ուստի ես ուզում էի ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել, քանի որ այդ մահերը հիմնականում կարելի էր կանխել վաղ միջամտությամբ, նախածննդյան ստուգումներով եւ այլն»,- նշեց բժիշկ Մահմուդը: «Ես շատ փոքր քայլից սկսեցի. ես սկսեցի մեկ սենյակից եւ կես դրույքով բժշկից, որն աջակցում էր այստեղից [ԱՄՆ-ից], եւ կենտրոնացա մայրական առողջության վրա: Պատճառն այն է, որ ես հասկացա՝ եթե կարողանանք առողջ պահել մորը, դրանից կշահի ամբողջ ընտանիքը»։
2017 թ. Բանգլադեշն իր պատմության մեջ առաջին անգամ բախվեց փախստականների ամենամեծ ճգնաժամերից մեկին, երբ ավելի քան մեկ միլիոն ռոհինջա փախավ Մյանմայի էթնիկ բռնություններից եւ ապաստան գտավ Բանգլադեշի Քոքսի Բազար կոչվող քաղաքում: Ի պատասխան ռոհինջա փախստականների մեծ հոսքի՝ «Հույս» հիմնադրամն արագորեն արձագանքեց մարդասիրական այս խնդրին՝ տրամադրելով առողջապահական ծառայություններ տեղահանված բնակչությանը: Բժիշկ Մահմուդի խոսքով, դա հնարավոր դարձավ տեղական կարողությունների շնորհիվ:
«Երբ ես սկսեցի ծրագիրը, հասկացա, որ չունեմ գործիքներ, չունեմ մարդկային ռեսուրսներ այդպիսի ծառայություն մատուցելու համար: Այսպիսով, 2012 թ. մենք առաջիններից մեկն էինք Բանգլադեշում, որ հիմնեցինք մանկաբարձական դպրոց: Մենք ներգրավեցինք բազային կրթությամբ երիտասարդ կանանց տեղական համայնքից: Նրանց համար եռամյա վերապատրաստման դասընթաց անցկացրինք, որը դեռ շարունակվում է։ Եվ մինչ ռոհինջաների ճգնաժամը, մենք արդեն ունեինք վերապատրաստված գրեթե 100 մանկաբարձ»,- հստակեցրեց բժիշկ Մահմուդը:
Խոսելով տեւական փոփոխություններ իրականացնելու գործում մեկ անհատի ազդեցության մասին՝ Չելսի Քլինթոնը նշեց. «Ձեր պատմությունը ցույց է տալիս այն, ինչին մենք խորապես հավատում ենք, որովհետեւ ունենք բավականաչափ տվյալներ, որ սահուն եւ կայուն սերնդափոխությունն սկսվում է համայնքի մեկ անձից, որն զբաղվում է նրանով, ինչ գիտի: Հետո այդ լավատեսության եւ գործով արտահայտված երախտագիտության լույսը գրավում է մյուսներին, այնուհետեւ դուք իրական ազդեցություն եք գործում արտասովոր մասշտաբներով եւ ճգնաժամին արձագանքելու պատրաստակամությամբ, ինչը ոչ միայն աներեւակայելի ոգեշնչող է, այլեւ ուսանելի»:
Արմինե Աֆեյանն արձագանքեց` ասելով. «Նրանք, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ ուրիշներին փրկելու, ուրիշներին հնարավորություն տալու համար, այն մարդիկ են, որոնց փնտրում ենք, այն մարդիկ են, որոնց կողքին մենք պետք է լինենք: Ուստի՝ այն համայնքը, որն ստեղծվել է [«Ավրորա»] մրցանակի ընտրության գործընթացի արդյունքում, այդ մարդիկ իրենց ազդեցությունն են ունեցել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ամբողջ աշխարհում: <…> Մենք փնտրում ենք այսպիսի օրինակներ, մենք պետք է վստահ լինենք, որ հավաքում ենք պատմություններ ամբողջ աշխարհից, բայց որոնց հիմքը նույնն է»:
Ամփոփելով քննարկումը` դոկտոր Քլինթոնը կոչ արեց ներկաներին առաջադրել իրենց հերոսներին 2025թ. «Ավրորա» մրցանակին:
«Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության տարեկան միջոցառմանը մասնակցելուց բացի, «Ավրորան» անցկացրեց նաեւ «Լուծելով մարդասիրական խնդիրները. գլոբալ ռազմավարություններից մինչեւ լոկալ գործողություններ» խորագրով Aurora Dialogues քննարկում: Կարեւորելով Խաղաղության միջազգային օրը՝ այս միջոցառումն անցկացվեց Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որտեղ հավաքվել էին համաշխարհային առաջնորդները՝ բարձրաձայնելու միջազգային հրատապ խնդիրները:
«Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.