2024 թ. սեպտեմբերի 24-ին «Ավրորան» անցկացրեց «Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով Aurora Dialogues քննարկում: Այն անցկացվեց Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որտեղ հավաքվել էին համաշխարհային առաջնորդները՝ բարձրաձայնելու միջազգային հրատապ խնդիրները:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: Որպես առաջին սերնդի ամերիկահայ՝ նա ներկայացրեց իր անձնական կապն ու կարեւորեց «Ավրորայի» առաքելությունը, որը ներկայացնում է խոցելի մարդկանց եւ նրանց օգնող անհատների պատմությունները: «Ամեն առաջացած ճգնաժամի հետ, ամեն տեղահանված համայնքի հետ ձեւավորվում է նոր սփյուռք: Նրանք գալիս են տարբեր տեղերից, նրանք գնում են տարբեր տեղեր, նրանք ընդգրկում են աշխարհի բոլոր անկյունները եւ նրանք ունեն ընդհանուր մի բան՝ վերապրելու ունակություն: Ճգնաժամերի հետեւանքով ձեւավորվում է այն վերապրողների սփյուռքի համայնքներ: Նրանք ունեն հարմարվելու եւ կյանքը շարունակելու եզակի հմտություն ու շատ դեպքերում օգնում են ուրիշներին նույնն անել»,- ասաց տիկին Աֆեյանը:
«Աշխարհում տեղահանվածներից շատերը փախչում են հակամարտություններից, որոնք տեւում են տարիներ, նույնիսկ տասնամյակներ: Լինի դա Աֆղանստանում, թե Սիրիայում, թե Մյանմայում, թե Վենեսուելայում. սրանք ակնթարթային բռնկումներ չեն»,- նշեց Community Sponsorship Hub կազմակերպության գործադիր տնօրեն Էննի Նոլթ-Հենինգը: «Միլիոնավոր մարդկանց համար սա նշանակում է դիմանալ հարկադիր տեղահանման դանդաղ, տանջալից իրականությանը: Ու այսպիսի հակամարտությունների պայմաններում մարդասիրական ջանքերը կենսական նշանակություն ունեն կյանքեր փրկելու գործում, իսկ հովանավորելը միջոց է, որը հնարավորություն է տալիս մեզ մարդասիրական աշխատանքով զբաղվել մեր իսկ համայնքներում»: Նա նաեւ ընդգծեց մարդասիրական գործողությունների շղթայական ազդեցության կարեւորությունը եւ ներկայացրեց Welcome Corps ծրագիրը, որը տեղի բնակչությանը հնարավորություն է տալիս օգնել փախստականներին եւ կառուցել ներառական համայնքներ:
ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով օգնական Ջուլիետա Վալս Նոյեսը պատմեց Կուբայից արտագաղթած իր ընտանիքի եւ շատ ուրիշների պատմություններ: Նա խոսեց Welcome Corps ծրագրի ազդեցության մասին, որն ամեն օր ոգեշնչում է ամերիկացիներին մարդասիրական ջանքեր գործադրել: «Աշխարհում բազմաթիվ են վայրերը, որտեղ շատ մարդիկ աջակցության կարիք ունեն: Տառապանքը շատ է: Սակայն փախստականների վերաբնակեցումն իսկապես երկարաժամկետ լուծում է այս մարդկանց համար: Եվ դա հույսի աղբյուր է, ու դուք այդ լուծման մի մասն եք։ Երբեմն դժվար է գտնել լույսի շողեր մեր այս բարդ աշխարհում, բայց այսօրվա հանդիպումն, ըստ իս, դրանցից մեկն է. շատ շնորհակալ եմ բոլորիդ»:
Այնուհետեւ քննարկումը շարունակեցին Community Sponsorship Hub կազմակերպության փոխտնօրեն Բասմա Ալավին, Փախստականների օգնության միջազգային ծրագրի տնօրեն եւ համահիմնադիր Բեքքա Հելերը, «Սամբուրուի աղջիկներ» հիմնադրամի հիմնադիր Ջոզեֆին Կուլեան եւ Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիր, բժիշկ Իֆթիքեր Մահմուդը: Նրանց հետ քննարկումը վարում էր Devex մեդիահարթակի գործընկերությունների գծով փոխնախագահ Ջենի Քարդամոնը:
«Սամբուրուի աղջիկներ» հիմնադրամի հիմնադիր Ջոզեֆին Կուլեան ընդգծեց համայնքային առաջնորդներին, մասնավորապես կանանց եւ աղջիկներին աջակցելու կարեւորությունը՝ տրամադրելու հարթակներ իրենց գաղափարները ներկայացնելու համար, ինչպես նաեւ ապահովելու ուժեղ գործակցություն միջազգային կազմակերպությունների հետ: «Երբ դու դրսից ես, չես կարող լուծումներ առաջարկել: Մեր խնդիրների լուծումները մենք գիտենք, ձեռք մեկնեք մեզ եւ միասին մենք կարող ենք լուծել դրանք»,- ասաց տիկին Կուլեան։ «Ցույց մի տվեք մեզ հարցերի լուծման ձեր նորացված ճանապարհները, քանի որ դրանք տեղական մակարդակում չեն աշխատի։ Վստահեք մեզ, որպեսզի անենք այն, ինչ ամենալավն ենք անում, եւ մենք միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»:
Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիր, բժիշկ Իֆթիքեր Մահմուդը համաձայնվեց նրա հետ՝ կարեւորելով տեղում աշխատող կազմակերպությունների ֆինանսավորման եւ հնարավորությունների ընդլայնման խիստ անհրաժեշտությունը, հատկապես երբ միջազգային մարդասիրական օգնության ուղղությունը փոխվում է ճգնաժամերի ժամանակ: «Մարդասիրական միջազգային կազմակերպությունների աշխատողների հեռանալուց հետո մնում են մեզ նման տեղական կազմակերպությունները: Թեեւ մեր ֆինանսներն ու ռեսուրսները սահմանափակ են, մենք շարունակում ենք հոգ տանել տեղահանվածների մասին: Լուծումը տեղական ներուժի զարգացումն է՝ աջակցելով նրանց, ովքեր տեղում են, որպեսզի կարողանանք միասին առաջ շարժվել»,- պարզաբանեց բժիշկ Մահմուդը:
«Ես իսկապես զգում եմ, որ մենք անհրաժեշտ չափի ներդրումներ չենք անում խաղաղության կառուցման գործում կամ իսկապես ներգրավում դիվանագիտական ջանքեր, որոնց համար առաջին տեղում մարդն է, եւ որոնք իսկապես ներգրավում են մարդկանց, որոնց վրա առաջնահերթ ազդում են այս խնդիրները: <…> Այլատյացությունը, վախը եւ այլոց նախապաշարմունքներն իսկապես խնդիր են, որին մենք շարունակում ենք բախվել»,- մատնանշեց Community Sponsorship Hub կազմակերպության փոխտնօրեն Բասմա Ալավին: Նա շարունակեց՝ խոսելով այն մասին, թե որքան կարեւոր է, որպեսզի համաշխարհային առաջնորդները լուծում տան այս հիմնական պատճառներին եւ շարունակեն փախստականներին ընդունելու աշխատանքը:
Փախստականների օգնության միջազգային ծրագրի տնօրեն եւ համահիմնադիր Բեքքա Հելերը միգրանտների խնդիրները լուծելու գործում կարեւորեց այն անհատների գիտելիքների եւ անհրաժեշտ հմտությունների կիրառումը, որոնք կյանքի փորձով են դրանք ձեռք բերել: «Մեկ այլ տեսակի գիտելիք էլ, որ անհրաժեշտ է, հմտություններն են: Մանկաբարձներ, ներեցեք ինձ սա ասելու համար, բայց նաեւ իրավաբաններ, այնպես չէ՞: Կարծում եմ՝ շատ մարդիկ ունեն խնդիրներ, որոնք հիմնականում հանգում են իրավական հարցերի, եւ մենք ներկայումս դեռ ապրում ենք մի համակարգում, որտեղ դուք փաստաբանի կարիք ունեք, որպեսզի լուծի այդ հարցերը ձեր փոխարեն, հատկապես այն մարդկանց համար, որոնք ունեն հույս եւ ունեն գաղափարներ»,- նշեց տիկին Հելերը:
Եզրափակելով քննարկումը՝ Devex մեդիահարթակի գործընկերությունների գծով փոխնախագահ եւ մոդերատոր Ջենի Քարդամոնը շնորհակալություն հայտնեց բանախոսներին եւ քաջալերեց բոլոր ներկաներին արձագանքել գործողության կոչին: «Մենք բոլորս կարող ենք կատարել մեր բաժին գործը: Դա է այսօրվա հիմնական եզրահանգումը: Իմացեք ավելին, կատարեք նվիրատվություն, դարձեք մասնակից: Ներդրումը չափազանց փոքր չի լինում»,- նշեց տիկին Քարդամոնը: ««Ավրորա» մրցանակին առաջադրեք թեկնածուի, որը ոգեշնչել է ձեզ: Առաջադրումների փուլն այժմ բաց է կայքում։ Եվ, ի վերջո, երբ մտածում եք տեղում գործողությունների եւ դրանք միավորելու մասին, գտեք ԱՄՆ-ում ձեր տեղական համայնքը եւ ներգրավվեք աշխատանքներին Community Sponsorship Hub կազմակերպության միջոցով»:
Միջոցառումն ավարտվեց առաջին հորիզոնականներ զբաղեցրած, «Գրեմմիի» առաջադրված երաժիշտ Ալոե Բլեքի ելույթով, որը մի քանի երգ կատարեց, այդ թվում՝ իր նոր SHINE ստեղծագործությունը: Սոցիալական հարցերի ջատագով Բլեքը վերջերս է սկսել համագործակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: Նրա SHINE երգի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել «Ավրորայի» հերոսներն իրենց համառությամբ եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: «Ինձ համար պատիվ էր փորձել փոխանցել այն աշխատանքի խորությունը, որն անում են դափնեկիրները, որն անում են «Ավրորաի» հերոսներն ամբողջ աշխարհում: Ես գիտեմ ճշմարիտ մի բան, որ մարդիկ, որոնք պատրաստ են դեմ առ դեմ դուրս գալ մահացու վտանգին, որպեսզի փրկեն ուրիշների կյանքը, իրենց ուրույն ճանապարհն են անցնում: Նրանք ռիսկի են դիմում, որպեսզի մյուսները չդիմեն»,- ասաց Ալոե Բլեքը:
«Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով Aurora Dialogues անգլերեն քննարկումը՝ ստորեւ.