Տեսանյութ. Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բացում. Էրիկ Էսրայիլյանի եւ Մայքլ Միլքենի զրույցը

Տեսանյութ. Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բացում. Էրիկ Էսրայիլյանի եւ Մայքլ Միլքենի զրույցը

2024 թ. մայիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը  նախաձեռնել էին Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը՝ ուշադրություն հրավիրելու գլոբալ ամենահրատապ միտումների վրա եւ խթանելու խոստումնալից լուծումներ:

Ֆորումն անցկացվեց Կալիֆորնիայի համալսարանի «Լասկին» համաժողովների կենտրոնում եւ ներկայացրեց մի շարք զրույցներ եւ քննարկումներ Կալիֆորնիայի համալսարանի, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի եւ «Ավրորայի» համայնքի համաշխարհային առաջնորդների եւ տեղում ամենօրյա աշխատանքով փոփոխություններ իրականացնող հերոսների մասնակցությամբ՝ անդրադառնալով մարդու իրավունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրներին, գլոբալ առողջապահական ճգնաժամին, կրթության իրավունքին, կլիմայի փոփոխությանը, արհեստական ​​բանականությանը, բարեգործությանն ու գենդերային հավասարությանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն եւ Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը: «Մեր սրտերը լցված են երախտագիտության խորը զգացումով այն ամենի համար, ինչ ներկայացնում է այս ամբողջ շարժումը, եւ երախտագիտությունը, ինչպես ձեզանից շատերը գիտեն, «Ավրորայի» էության անբաժան մասն է», - ասաց դոկտոր Աֆեյանը: «Ես իմ առօրյա կյանքում՝ որպես կենսատեխնոլոգիական ձեռնարկատեր, մտածում եմ ԴՆԹ-ի եւ երկու ուղղությունների մասին, որոնք անքակտելիորեն կապված են եւ փոխանցում են տեղեկատվությունը: Մեզ համար այդ երկու ուղղությունները ներկայացված են երախտագիտությամբ եւ գործով»։

Բացման խոսքերին հաջորդեց Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի առաջին քննարկումը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանի եւ Միլքենի ինստիտուտի նախագահ Մայքլ Միլքենի միջեւ: Էրիկ Էսրայիլյանը հարցեր ուղղեց Միլքենին՝ ինստիտուտի գործունեության եւ վերջերս` մայիսի 5-8-ը, Լոս Անջելեսում տեղի ունեցած Միլքենի ինստիտուտի միջազգային կոնֆերանսի մասին:

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բացման եւ Էրիկ Էսրայիլյանի ու Մայքլ Միլքենի զրույցի տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.