«Մենք բոլորս թաքնվում ենք այս բետոնե բաստիոններում, որոնք կոչում ենք «Լոս Անջելես» կամ ուրիշ մի բան»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը «Կլիմայի փոփոխություն եւ բնապահպանական արդարություն» թեմայով քննարկմանը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում: Բանախոսներն այնտեղ քննարկում էին գլոբալ տաքացման եւ բնապահպանական այլ խնդիրների հետեւանքով առաջացած ամենասուր մարտահրավերները՝ պատասխանելով ներկաների հարցերին: Քննարկումը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում, Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում։
Քննարկման բանախոսներն էին նաեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր եւ Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտ-ֆակուլտետի համաղեկավար Ուիլյամ Բոյդը, Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական Քեւին Ջոն Հելլերը:
Քննարկումը վարում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Քեյթ Մեքինթոշը: Նա բացեց քննարկումը՝ հնարավորություն տալով ներկաներին մտորելու այն մասին, թե ինչու են բնապահպանական հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ ընկալվում որպես միջազգային հանցագործություններ: «Միջազգային հանցագործությունն, ըստ էության, մի բան է, որը մենք՝ որպես միջազգային հանրություն, որոշել ենք, որ այնքան ահավոր է, որ չենք կարող թողնել առանձին պետությունների հայեցողությանը, որպեսզի կարգավորեն խնդիրը»,- նկատեց տիկին Մեքինթոշը: «Մենք դա վերցրել ենք առանձին պետությունների ձեռքից եւ ասել՝ «մենք բոլորս կարծում ենք, որ սա միջազգային հանցագործություն է»: Եվ մենք նաեւ ասում ենք, որ այս արարքները, որտեղ էլ կատարվեն, հանցագործություն են բոլորիս դեմ»։
«Կլիմայի փոփոխություն եւ բնապահպանական արդարություն» թեմայով քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.