«Մենք բոլորս թաքնվում ենք այս բետոնե բաստիոններում, որոնք կոչում ենք «Լոս Անջելես» կամ ուրիշ մի բան»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը «Կլիմայի փոփոխություն եւ բնապահպանական արդարություն» թեմայով քննարկմանը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում: Բանախոսներն այնտեղ քննարկում էին գլոբալ տաքացման եւ բնապահպանական այլ խնդիրների հետեւանքով առաջացած ամենասուր մարտահրավերները՝ պատասխանելով ներկաների հարցերին: Քննարկումը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում, Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում։
Քննարկման բանախոսներն էին նաեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր եւ Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտ-ֆակուլտետի համաղեկավար Ուիլյամ Բոյդը, Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական Քեւին Ջոն Հելլերը:
Քննարկումը վարում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Քեյթ Մեքինթոշը: Նա բացեց քննարկումը՝ հնարավորություն տալով ներկաներին մտորելու այն մասին, թե ինչու են բնապահպանական հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ ընկալվում որպես միջազգային հանցագործություններ: «Միջազգային հանցագործությունն, ըստ էության, մի բան է, որը մենք՝ որպես միջազգային հանրություն, որոշել ենք, որ այնքան ահավոր է, որ չենք կարող թողնել առանձին պետությունների հայեցողությանը, որպեսզի կարգավորեն խնդիրը»,- նկատեց տիկին Մեքինթոշը: «Մենք դա վերցրել ենք առանձին պետությունների ձեռքից եւ ասել՝ «մենք բոլորս կարծում ենք, որ սա միջազգային հանցագործություն է»: Եվ մենք նաեւ ասում ենք, որ այս արարքները, որտեղ էլ կատարվեն, հանցագործություն են բոլորիս դեմ»։
Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական Քեւին Ջոն Հելլերը խոսեց իրավական համակարգում առկա բացերի մասին, որոնք կանխում կամ սահմանափակում են շրջակա միջավայրին վնասող գործունեության իրավական հետեւանքները համաշխարհային մակարդակով: «Բնապահպանական հանցագործությունների միջազգային հետապնդման կարիք կա։ Բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարում բազմաթիվ ջանքեր են գործադրվում ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում, բայց դա առայժմ բավարար չէ, հուսանք, որ այն կբարելավվի՝ վերածվելով ավելի ուժեղ համակարգի»,- մեկնաբանեց պրոֆեսոր Հելլերը: «Շատ քիչ նահանգներ ունեն շրջակա միջավայրի ոչնչացումը կարգավորող ուժեղ քրեական օրենսդրություն: Ոմանք շրջակա միջավայրի ոչնչացումն անգամ անօրինական չեն համարում, առավել եւս՝ հանցավոր»:
Ներկայացնելով իր տեսակետը խնդրի մասին՝ Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր եւ Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտ-ֆակուլտետի համաղեկավար Ուիլյամ Բոյդն ընդգծեց բնապահպանական հանցագործությունների փոխկապակցվածությունն այլ՝ ավելի ծանոթ հանցագործությունների հետ: «Արեւադարձային անտառները եւ արեւադարձային սահմանները վաղուց դարձել են յուրացման, տեղահանման, հանցավոր գործունեության եւ բռնության վայր: Որոշ տեղերում՝ հատկապես Ամազոնի որոշ հատվածներում, իրավիճակը գնալով վատանում է, ոչ թե լավանում»,- ասաց պրոֆեսոր Բոյդը: «Վերջին տարիներին զգալի աճ է նկատվել այն բանի, ինչը ոմանք անվանում են «կոնվերգենտ բնապահպանական հանցագործություններ», կրկին, մասնավորապես Ամազոնի որոշակի հատվածներում, որտեղ կազմակերպված հանցավոր խմբերը, թմրամիջոցների առեւտրով զբաղվողները եւ ուրիշներ դիվերսիֆիկացնում են դրանք տարբեր հանցագործությունների՝ թմրանյութեր, ածուխի ապօրինի արդյունահանում, փողերի լվացում. այս ամենը կապված է տարբեր ձեւերով»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, որն անմիջական մասնակցություն ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մշակմանը, նշեց, որ ժամանակակից հասարակության բնապահպանական խնդիրներից շատերն սկիզբ են առնում բնական ամեն ինչի հետ մեր կապի խզումից: «Սովորական երեխան մոռացել է, թե որտեղ է աճում բանանը կամ թե որն է վարունգի եւ սմբուկի տարբերությունը: Մենք հեռացել ենք բնությունից»,- ասաց պարոն Փոլմանը։ «Մենք հեռացել ենք իրարից՝ թե ով ենք մենք միմյանց համար, մենք հեռացել ենք բնությունից, որի անբաժանելի մասն ենք: Եթե մենք դա չշտկենք, չենք լուծի խնդիրը: Այդ իրազեկումը շատ ավելի կարեւոր է, քան որոշ լուծումներ»։
«Կլիմայի փոփոխություն եւ բնապահպանական արդարություն» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.