Տեսանյութ․ Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում

Տեսանյութ․ Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում

«Իրականում մենք ականատես ենք դարձել պետությունների միջեւ համագործակցության աճի ոչ թե օրենքը պահպանելու համար, այլ այն ակտիվորեն շրջանցելու, փախստականներին պաշտպանելուց խուսափելու՝ փորձելով նրանց ետ պահել մարդու իրավունքների լուրջ խախտումների գնով, ինչպիսիք են անժամկետ կալանավորումը կամ ընտանիքների բաժանումն այստեղ՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանին, փախստականների հոսքը դեմոնիզացնելով եւ դա որպես զենք կիրառելով Արեւմուտքում եւ ոչ միայն»,- ասաց Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն Հաննա Գերին: Պրոֆեսորը բացման խոսքով հանդես եկավ «Լասկին» կոնֆերանսների կենտրոնում տեղի ունեցած Aurora Dialogues քննարկման ժամանակ Լոս Անջելեսում դեկտեմբերի 7-ին: 

Պրոֆեսոր Գերին ընդգծեց, որ նման վարքագիծ դրսեւորվել է ի պատասխան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեւէ գրանցված փախստականների ամենամեծ թվին։ 1990-ականների կեսերին եղած մոտ 15 միլիոն փախստականների թիվն այսօր հասել է գրեթե 44 միլիոնի: Սա չի ներառում անգամ սեփական երկրներում տեղահանված 68 միլիոն մարդկանց, ինչը հաճախ սահմաններից այն կողմ ապաստան փնտրելու նախադրյալ է հանդիսանում: Այս թիվը չի ներառում նաեւ ներկայումս ապաստան փնտրող 7 միլիոն մարդկանց: Պրոֆեսոր Գերիի ներկայացրած վիճակագրությունն արտացոլված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին համաշխարհային զեկույցում: 

«Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում» խորագրով քննարկումը կազմակերպել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ: Նպատակն էր ուսումնասիրել փախստականների համաշխարհային ճգնաժամի հետ կապված բարդություններն ու հասկանալ, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նպաստել տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը: Քննարկմանը մասնակցում էին 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, Multifaith Alliance (Բազմակրոն դաշինք) կազմակերպության գլխավոր տնօրեն Շադի Մարտինին եւ Define American մեդիայի ժամանցային ծրագրերի պատասխանատու Դուլսե Վալենսիան: Այն վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: 

«Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում» խորագրով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ․