«Իրականում մենք ականատես ենք դարձել պետությունների միջեւ համագործակցության աճի ոչ թե օրենքը պահպանելու համար, այլ այն ակտիվորեն շրջանցելու, փախստականներին պաշտպանելուց խուսափելու՝ փորձելով նրանց ետ պահել մարդու իրավունքների լուրջ խախտումների գնով, ինչպիսիք են անժամկետ կալանավորումը կամ ընտանիքների բաժանումն այստեղ՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանին, փախստականների հոսքը դեմոնիզացնելով եւ դա որպես զենք կիրառելով Արեւմուտքում եւ ոչ միայն»,- ասաց Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն Հաննա Գերին: Պրոֆեսորը բացման խոսքով հանդես եկավ «Լասկին» կոնֆերանսների կենտրոնում տեղի ունեցած Aurora Dialogues քննարկման ժամանակ Լոս Անջելեսում դեկտեմբերի 7-ին:
Պրոֆեսոր Գերին ընդգծեց, որ նման վարքագիծ դրսեւորվել է ի պատասխան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեւէ գրանցված փախստականների ամենամեծ թվին։ 1990-ականների կեսերին եղած մոտ 15 միլիոն փախստականների թիվն այսօր հասել է գրեթե 44 միլիոնի: Սա չի ներառում անգամ սեփական երկրներում տեղահանված 68 միլիոն մարդկանց, ինչը հաճախ սահմաններից այն կողմ ապաստան փնտրելու նախադրյալ է հանդիսանում: Այս թիվը չի ներառում նաեւ ներկայումս ապաստան փնտրող 7 միլիոն մարդկանց: Պրոֆեսոր Գերիի ներկայացրած վիճակագրությունն արտացոլված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին համաշխարհային զեկույցում:
«Կարեւորելով մարդու իրավունքները՝ փախստականների գլոբալ ճգնաժամի պայմաններում» խորագրով քննարկումը կազմակերպել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ: Նպատակն էր ուսումնասիրել փախստականների համաշխարհային ճգնաժամի հետ կապված բարդություններն ու հասկանալ, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նպաստել տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը: Քննարկմանը մասնակցում էին 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, Multifaith Alliance (Բազմակրոն դաշինք) կազմակերպության գլխավոր տնօրեն Շադի Մարտինին եւ Define American մեդիայի ժամանցային ծրագրերի պատասխանատու Դուլսե Վալենսիան: Այն վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը:
Արմինե Աֆեյանն անդրադարձավ շարունակվող ավերածություններին եւ նշեց.«ՄԱԿ-ի գնահատմամբ` ընդամենն այս շաբաթ բռնությունների վերջին սրացումների հետեւանքով տեղահանվել է եւս 280.000 սիրիացի: Վերջին 12 տարում տարին տարվա վրա տեղահանությունների թիվն աճել է, իսկ փախստականների երկու երրորդը տեղահանվել է մոտավորապես հինգ տարվա ընթացքում»: Աֆեյանը ներկայացրեց նաեւ իր անձնական մոտեցումը խնդրի վերաբերյալ. «Ես իմ ընտանիքում վերջին 100 տարում երեք սերունդներից առաջինն եմ, որ բռնի տեղահանված չեմ: Եվ այս փաստը հաշվի առնելով՝ ես մեծացել եմ երախտագիտության մեծ գիտակցումով»։
Multifaith Alliance (Բազմակրոն դաշինք) կազմակերպության գլխավոր տնօրեն Շադի Մարտինին պատմեց սեփական փորձառության մասին. «Սիրիան, ավանդաբար, վերջին 50 կամ 60 տարում այն երկիրը չէր, որտեղից շատ փախստական էր դուրս գնում: Եվ հանկարծ ես նույնպես դարձա փախստական: Ու հասկացա, որ անկախ նրանից, թե դու ով ես, ինչ կարգավիճակ ունես, հանկարծ կարող ես դառնալ փախստական»։
Նա հիշեց, թե ինչպես 2013 թ. անսպասելի հանդիպում ունեցավ իսրայելական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում էին օգնել փախստականներին: Ի սկզբանե լինելով թերահավատ՝ Մարտինին շուտով հասկացավ, որ նրանք եւս իր նման մարդասիրական աշխատանք են իրականացնում: «Անկեղծ ասած, մինչեւ այդ ես չէի հանդիպել Իսրայելից որեւէ մեկին։ Եվ դա փոխեց իմ մտածելակերպն այն մասին, որ պետք չէ մարդկանց մասին դատել՝ ելնելով նախապաշարմունքներից: Երբեմն շփումն այնպիսի մարդկանց հետ, որը չէիք սպասի, փոխում է ընկալումները»: Մարտինին այսօր էլ շարունակում է իր աշխատանքը շահույթ չհետապնդող Multifaith Alliance կազմակերպության շրջանակում: Այն օգնում է հաղթահարել տեղահանությունների հետեւանքով առաջացած ճգնաժամերը կրոնական եւ աշխարհիկ ավելի քան 100 գործընկերների հավաքական ջանքերով:
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց իր անցած ճանապարհի մասին՝ 1990-ականներին Բուրունդիի կոտորածներին ականատես լինելուց մինչեւ փախստականների իրավունքների անձնվեր պաշտպան դառնալը՝ շարունակելով հույս եւ ապաստան տալ մարդկանց: «Այն, ինչ փորձեցի անել Բուրունդիում, նոր սերունդ դաստիարակելն էր, որը կկարողանար կոտրել բռնության այս շղթան: Ես շատ բան արեցի իմ ժողովրդին արժանապատիվ կյանք տալու համար: Ցավոք սրտի, 2015 թ. ինձ դատապարտեցին, իսկ հետո փորձեցին սպանել։ Հետո ես դարձա փախստական, բայց երբեք չհանձնվեցի։ Հիմա ես աշխատում եմ Ռուանդայի փախստականների ճամբարներում, որպեսզի պարգեւեմ հույս եւ ձեւավորեմ նոր սերունդ, քանի որ մեր նվիրական գործն է այս աշխարհը դարձնել դրախտ»:
Define American մեդիայի ժամանցային ծրագրերի պատասխանատու Դուլսե Վալենսիան կարեւորեց լրատվամիջոցների ուժը ներգաղթյալների եւ փախստականների մասին ընկալումների ձեւավորման գործում. «Մենք մեդիա կազմակերպություն ենք, որն աշխատում է պատմությունների միջոցով մարդկայնացնել ներգաղթյալների մասին ընկալումները: Define American-ի հիմքում այն համոզմունքն է, որ մշակույթն առավել է քաղաքականությունից: Մենք չենք կարող փոխել քաղաքականությունը ներգաղթի վերաբերյալ, քանի դեռ չենք փոխել ներգաղթյալներին ընկալելու մշակույթը: Սա այն գործն է, որն անասելի անձնական նշանակություն ունի ինձ համար՝ որպես ներգաղթյալ, որը նախկինում իր կյանքի մեծ մասը փաստաթղթերի խնդիր է ունեցել, ինչպես նաեւ՝ որպես զուտ հեռուստատեսության երկրպագու»:
Ամփոփելով այս հետաքրքիր քննարկումը՝ մոդերատոր եւ «Ավրորայի» ղեկավար Արմինե Աֆեյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, այդ թվում՝ Հաննա Գերիին եւ Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտին՝ միջոցառումը հյուրընկալելու համար: «Անհատական ջանքերը վերաճում են համակարգային փոփոխության: Մենք ամենուրեք տեսնում ենք կանաչ ծիլեր։ «Ավրորան» հսկա ենթակառուցվածքի մի փոքր մասն է, բայց մենք ձգտում ենք ներկայացնել առանձին անհատների պատմություններ՝ որպես իրական լրացում մարդասիրական ինստիտուցիոնալ համակարգին՝ այն փոքր-ինչ ավելի մոտեցնելով մեզ, որպեսզի փոքր-ինչ ավելի պարզ դառնա՝ արդյոք կա՞ առաջընթաց»,- նշեց Արմինե Աֆեյանը։
Քննարկմանը հետեւեց 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի մասին վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Նա իր մարդասիրական բացառիկ առաքելությունը Բուրունդիում սկսեց այն բանից հետո, երբ ականատես դարձավ իր 72 ընկերների եւ գործընկերների սպանդին:
Գլխավոր լուսանկարում (աջից ձախ)՝ Արմինե Աֆեյան, Դուլսե Վալենսիա, Շադի Մարտինի, Մարգարիտ Բարանկիցե