2024 թ. սեպտեմբերի 24-ին «Ավրորան» անցկացրեց «Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով Aurora Dialogues քննարկում: Այն անցկացվեց Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որտեղ հավաքվել էին համաշխարհային առաջնորդները՝ բարձրաձայնելու միջազգային հրատապ խնդիրները:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: Որպես առաջին սերնդի ամերիկահայ՝ նա ներկայացրեց իր անձնական կապն ու կարեւորեց «Ավրորայի» առաքելությունը, որը ներկայացնում է խոցելի մարդկանց եւ նրանց օգնող անհատների պատմությունները: «Ամեն առաջացած ճգնաժամի հետ, ամեն տեղահանված համայնքի հետ ձեւավորվում է նոր սփյուռք: Նրանք գալիս են տարբեր տեղերից, նրանք գնում են տարբեր տեղեր, նրանք ընդգրկում են աշխարհի բոլոր անկյունները եւ նրանք ունեն ընդհանուր մի բան՝ վերապրելու ունակություն: Ճգնաժամերի հետեւանքով ձեւավորվում է այն վերապրողների սփյուռքի համայնքներ: Նրանք ունեն հարմարվելու եւ կյանքը շարունակելու եզակի հմտություն ու շատ դեպքերում օգնում են ուրիշներին նույնն անել»,- ասաց տիկին Աֆեյանը:
«Աշխարհում տեղահանվածներից շատերը փախչում են հակամարտություններից, որոնք տեւում են տարիներ, նույնիսկ տասնամյակներ: Լինի դա Աֆղանստանում, թե Սիրիայում, թե Մյանմայում, թե Վենեսուելայում. սրանք ակնթարթային բռնկումներ չեն»,- նշեց Community Sponsorship Hub կազմակերպության գործադիր տնօրեն Էննի Նոլթ-Հենինգը: «Միլիոնավոր մարդկանց համար սա նշանակում է դիմանալ հարկադիր տեղահանման դանդաղ, տանջալից իրականությանը: Ու այսպիսի հակամարտությունների պայմաններում մարդասիրական ջանքերը կենսական նշանակություն ունեն կյանքեր փրկելու գործում, իսկ հովանավորելը միջոց է, որը հնարավորություն է տալիս մեզ մարդասիրական աշխատանքով զբաղվել մեր իսկ համայնքներում»: Նա նաեւ ընդգծեց մարդասիրական գործողությունների շղթայական ազդեցության կարեւորությունը եւ ներկայացրեց Welcome Corps ծրագիրը, որը տեղի բնակչությանը հնարավորություն է տալիս օգնել փախստականներին եւ կառուցել ներառական համայնքներ:
«Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով Aurora Dialogues անգլերեն քննարկումը՝ ստորեւ.