logo
ՓԱԿԵԼMenu
Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների

Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների

2022 թ. «Ավրորայի» միջոցառումները Վենետիկում մեկնարկեցին «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» խորագրով 2022 թ. Aurora Dialogues  քննարկումով, որը տեղի ունեցավ Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Քննարկմանը ներկայացվեց 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Հադի Ջումանի, Մահինուր էլ-Մասրիի խիզախ գործունեությունը: Քննարկումը վարում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն եւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսեգեն:

Դելե Օլոջեդեն եւ Ջուլիեն Լուսենգեն ողջունում են «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» խորագրով Aurora Dialogues քննարկման մասնակիցներին: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Մինչ «Ավրորայի» հերոսներին ներկայացնելը Դելե Օլոջեդեն ողջունեց հյուրերին եւ ընդգծեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի եզակիությունը, որի առաքելությունն է զորացնել մերօրյա հերոսներին եւ օգնել կարիքի մեջ գտնվողներին: «Գոնե ինձ համար «Ավրորա» մրցանակի լավագույն կողմն այն է, որ դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է օգտագործել՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու կազմակերպություններին, որոնք  օգնում են կարիքավորներին: Դա ուղղակի հրաշալի է»,- ասաց Դելե Օլոջեդեն: 

Ջուլիեն Լուսենգեն, որը շատ հուզված էր կրկին Վենետիկում լինելու համար՝ այս անգամ իբրեւ հարգելի հյուր եւ մոդերատոր, ամենաճիշտ մարդն էր վկայելու Դելեի խոսքերի ճշմարտացիությունը. «Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ այդպիսի աջակցության եւ ճանաչման կարեւորությունը: «Ավրորան» հնարավորություն է տալիս ակտիվիստներին առաջ մղելու իրենց աշխատանքը, որպեսզի արդյունքն ավելի մեծ լինի»: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի ելույթը «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» խորագրով Aurora Dialogues քննարկման ժամանակ: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Իր ելույթում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը զուգահեռներ տարավ այն խնդիրների, որոնց առնչվում են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն այսօր, եւ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի միջեւ: «Այսօր մենք արժանին ենք մատուցում 2022 թ. «Ավրորայի» հերոսներին: Նրանք բացառիկ մարդիկ են, որոնք ամեն օր խիզախորեն վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն ուրիշների։ Դա գերագույն զոհաբերություն է, ու դա նաեւ նրանց մարդասիրության գերագույն վկայությունն է: Բախվելով լրջագույն մարտահրավերի՝ նրանք աներեւակայելի դժվար ընտրություն են կատարել: Առաջնորդվելով արդարության եւ կարեկցանքի զգացումով՝ նրանք մնում են հավատարիմ ամենակարիքավորներին օգնելու եւ պաշտպանելու գործին»,- նշեց դոկտոր Աֆեյանը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին բեմ բարձրացավ՝ արժանին մատուցելու մարդու իրավունքների երեք խիզախ պաշտպաններին, որոնք բացառիկ հերոսություն եւ կարեկցանք են ցուցաբերել իրենցից պակաս բախտավորների նկատմամբ: «Սա վայրիվերումներով տարի էր աշխարհի համար: Կորոնավիրուսին, որն այդքան սարսափելի տառապանքներ պատճառեց աշխարհին եւ շարունակում է դա անել, հաջորդեց 70 տարվա մեջ առաջին պատերազմը Եվրոպայում, էներգետիկ ամենավատ ճգնաժամը եւ կյանքի թանկացում մի ողջ սերնդի համար: Սրանից տուժել են բոլոր երկրները եւ բոլոր մարդիկ, բայց միշտ ամենից շատ տուժում են աղքատներն ու չքավորները: Ո՞վ կգա նրանց օգնության նման դժվարին պահին»,- ասաց Լորդ Դարզին՝ ակնարկելով, որ դա հենց «Ավրորայի» հերոսների նման անհատներն են: Իր ելույթում նա նաեւ հարգանքի տուրք մատուցեց 2021 թ. «Ավրորայի» հերոս Փոլ Ֆարմերի եւ  «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին, որոնք կյանքից հեռացան 2021 թվականին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին փառաբանում է «Ավրորայի» հերոսներին եւ հարգանքի տուրք մատուցում «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի եւ 2021 թ. «Ավրորայի» հերոս Փոլ Ֆարմերի հիշատակին: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Չնայած բոլոր ջանքերին՝ Ջամիլա Աֆղանին եւ Մահինուր էլ-Մասրին չկարողացան գալ Վենետիկ: 2022 թ. «Ավրորայի» միջոցառումներին ներկա էր միայն Հադի Ջումանը: Նրա անվեհեր աշխատանքը ներկայացրեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին. «Հադի Ջումանը հանդես է գալիս իբրեւ միջնորդ՝ հակամարտող կողմերի հետ բանակցում, որպեսզի թույլ տան մարդասիրական օգնություն հասցնել եւ կազմակերպել ռազմագերիների փոխանակում: Նա նաեւ առաջնագծի դժվար հասանելի հատվածներից դուրս է բերում զոհվածների մարմինները՝ նրանց հանձնելով ընտանիքներին: Սա վտանգավոր աշխատանք է, որը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում»: 

Հադի Ջումանը պատմեց հոգնատանջ ու երկար ճանապարհի մասին, որ ստիպված էր անցնել Իտալիա հասնելու համար: Երեք օր պահանջվեց, որպեսզի տեղից տեղ անցնի, գնա վտանգավոր ճանապարհներով եւ լքի Եմենի սահմանները: Չնայած դրան ու նաեւ այն հանգամանքին, թե ընդհանուր որքան ուժասպառ է իրեն զգում աշխատանքի ծանրությունից, նրա մտքով անգամ չի անցնում թողնել այդ գործը: «Ամեն օր դու բախվում ես մահին, եւ ես գրեթե հասնում եմ հիասթափության, կոտրվում, հուսահատվում, երբեմն նույնիսկ դառնում անկարող շարունակելու այս գործը: Բայց միշտ կա շատ մարդկային մի  զգացում․ երբ մայրը, հայրը, եղբայրը, քույրը կամ որդին դիմում են քեզ՝ խնդրելով գտնել իրենց կորած հարազատին: Ու ես չեմ կարող մերժել»,- ասաց Հադին՝ անկարող զսպել արցունքները: 

Հադի Ջումանը պատմում է իր գործունեության մասին, ինչը չափազանց հուզիչ է: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Նա նաեւ իր երախտագիտությունը հայտնեց «Ավրորային»՝ մեդալի եւ ճանաչման համար. «Այս ճանաչումը գալիս է երկնքից։ Դա վերեւից է գալիս: Սա կարող է լինել նաեւ հարգանքի տուրք այն երկու մարդկանց, որոնք աջակցել են ինձ եւ եղել իմ կողքին՝ չնայած բոլոր տառապանքներին: Առաջինը մայրս է, որին նվիրում եմ այս մեդալը, եւ երկրորդը պարտական եմ կնոջս, որը ինձ հետ կիսել է այս տարիների տառապանքը։ Այս ճանաչումը բոլոր այն մարդկանցն է, որոնք աջակցել են ինձ»։

2022 թ. «Ավրորայի» հերոս Ջամիլա Աֆղանիի ձեռքբերումները ներկայացրեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: «Ջամիլա Աֆղանիի աշխատանքը միշտ էլ կարեւոր է եղել, իսկ այսօր այն ավելի կարեւոր է, քանի որ թալիբների ռեժիմի նպատակներից մեկը կանանց ճնշելն է: Տիկին Աֆղանին կանգ չի առել եւ գտնվելով արտասահմանում՝ արտաքսման մեջ, շարունակել է իր աշխատանքը»,- ասաց պարոն Սեդիլյոն: 

Երբ 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթեցին թալիբները, Ջամիլա Աֆղանին դարձավ փախստական՝ ոչ առաջին անգամ: Ու այս կարգավիճակով պայմանավորված՝ նա չկարողացավ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր Վենետիկ մեկնելու համար:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Էռնեստո Սեդիլյոն ներկայացնում է 2022 թ. «Ավրորայի» հերոս Ջամիլա Աֆղանիին: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Այդուհանդերձ, Ջամիլան տեսաուղերձ էր հղել՝ դիմելով հանդիսատեսին. «Ես հավատում եմ, որ կրթությունը նման է մոմի լույսի, որը կարող է ցրել խավարը: Եվ կրթությամբ ստեղծված բազմաթիվ մոմերի լույսը կցրի խավարը մեր հասարակությունից: Իսկ այսօր, առավել քան երբեւէ, ես չունեմ այլ ընտրություն, քան պայքարելու եւ շարունակելու իմ գործունեությունը՝ երիտասարդ սերնդի համար ավելի լավ ապագա կերտելու հույսով»: 

2022 թ. «Ավրորայի» հերոս, փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր էլ-Մասրիին արգելել էին լքել Եգիպտոսի սահմաններն ու ճանապարհորդել: Իսկ նրա գործունեությունը հանդիսատեսին ներկայացրեց Նոբելյան դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, իրավապաշտպան եւ Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադին: «Մահինուրի վերջին ձերբակալությունը տեղի է ունեցել 2019 թվականին՝ կրկին հակակառավարական ցույցերին մասնակցելու պատճառով։ Ակտիվիստն ազատ է արձակվել 2021 թվականի հուլիսին: Մահինուր էլ-Մասրին շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն սոցիալական արդարության եւ պայքարել ոստիկանության դաժանությունների դեմ: Չնայած բոլոր մարտահրավերներին՝ նա շարունակում է իր պայքարը եւ լավատեսորեն է տրամադրված իր երկրի ապագայի հանդեպ»,- բացատրեց տիկին Էբադին: 

«Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» խորագրով Aurora Dialogues քննարկումը: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

«Շատ դժվար է լինել փաստաբան ավտորիտար երկրում. դու պետք է կիրառես օրենքը մի երկրում, որտեղ այն չի հարգվում: Լավ ապագայի հույսն է, որ ինձ ստիպում է աշխատել, եւ այն հավատը, որ բոլոր մարդիկ արժանի են ավելի լավ ապագայի»,- ասաց Մահինուր էլ-Մասրին իր տեսաուղերձում:

Մահինուրին էր ուղղված նաեւ Մարիամ Գրիգորյանի խոսքը, որն էլ հենց առաջադրել էր նրան «Ավրորա» մրցանակին: «Լինելով երիտասարդ կին եւ գործելով ավանդական հասարակությունում՝ նա իր ուրույն ուղին է կերտում: Մահինուրն առաջնորդող լույս է աշխարհի հազարավոր համախոհների համար: Եվ նա լիովին գիտակցում է նման միասնականության ուժը»,- ասաց Մարիամ Գրիգորյանը։

Մարիամ Գրիգորյանը խոսում է Մահինուր էլ-Մասրիի մասին, որի թեկնածությունն ինքն է առաջադրել «Ավրորա»  մրցանակին: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ միմյանց վստահող մարդկանց ցանցի ստեղծման կարեւորությանը, խոսեց այն մասին, թե ինչպես է «Ավրորան» համախմբում մարդկանց, որոնք կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը եւ բարեփոխել աշխարհը: «Դուք ինձ ուժ եք տալիս հասկանալու համար, թե ինչ պետք է անեմ: Ահա թե ինչու տեղափոխվեցի Արցախ: Աչքի առաջ ունենալով ձեր օրինակը՝ ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք իմ օգնության կարիքն ունեն: […]  Կարեւոր է շարունակել ձեւավորել վստահություն եւ շարունակել «Ավրորայի» գործունեությունն՝ անկախ բոլոր մարտահրավերներից, որոնց բախվում ենք Հայաստանում եւ Արցախում։ Սա շատ կարեւոր ուղերձ է այն մասին, որ թեեւ մենք բոլորս գործ ունենք բացարձակապես այլ իրականության հետ, մենք միասին ենք եւ կարող ենք անել հնարավոր ամեն բան՝ փրկելու աշխարհը, փրկելու մարդկանց եւ հույս տալու հաջորդ սերնդին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնում «Ավրորայի» հերոսներին անձնազոհ աշխատանքի համար: Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.

Հանդիպման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմ «Ավրորայի» գործունեության վերաբերյալ, որտեղ ներկայացված յուրաքանչյուր թվի հետեւում իրական մարդիկ են: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակ՝ շարունակելու նվիրատվության անխափան շղթան: Դա հնարավոր է «Ավրորայի» աջակիցների շնորհիվ։ Նրանց առատաձեռնության շնորհիվ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերջին վեց տարում իրականացրած իր ծրագրերի միջոցով արդեն օգնել է ավելի քան 2.7 միլիոն մարդու: 

Գլխավոր լուսանկարում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին մեդալ է շնորհում 2022 թ. «Ավրորայի» հերոս Հադի Ջումանին:  Վենետիկ, Իտալիա: Հոկտեմբերի 15, 2022 թ.