logo
ՓԱԿԵԼMenu
2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցառմանը

2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցառմանը

2023 թ. սեպտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում կայանալիք «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (Clinton Global Initiative) միջոցառման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհայտարարի «Ավրորայի» հերոսների՝ 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդների անունները: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունը համախմբում է հանրային, մասնավոր եւ բարեգործական ոլորտների առաջնորդների՝ քայլեր ձեռնարկելու եւ դիմագրավելու ամենահրատապ գլոբալ   մարտահրավերները:

«Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ ճանաչման արժանացնելով եւ աջակցելով աշխարհի անհայտ հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ օգնելու նրանց, ովքեր տուժել են մարդասիրական ճգնաժամերի եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով: Շարունակելով նվիրատվության շղթան՝ դափնեկիրը մրցանակի միջոցներն ուղղում է նրանց, ովքեր օգնում են առավել խոցելի խմբերին: «Ավրորան» հիմնադրվել է 2015 թվականին եւ այս ութ տարում զգալի ազդեցություն է ունեցել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Այն աջակցել է ավելի քան 400 նախագծի 56 երկրում՝ մինչ օրս օգնելով ավելի քան 2.7 միլիոն մարդու:

««Ավրորա» մրցանակը նորարարական մոդել է, որը դիմակայում է մարդասիրական ճգնաժամերին՝ աջակցելով ու առաջ մղելով անհայտ հերոսների ջանքերը եւ խթանելով նվիրատվության համաշխարհային շարժում», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: – «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը  «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության հետ, քանի որ այն եւս նպատակ ունի ստեղծելու տեղում գործունեություն իրականացնող մարդկանց համայնք, որը ձեռնարկում է քայլեր՝ դիմագրավելու ամենահրատապ մարտահրավերները»: 

«Մեզ համար պատիվ է, որ «Ավրորայի» հերոսների անունները հայտնի կդառնան «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության 2023 թ. միջոցառմանը»,– ասաց «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Միլնը: – ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջինն ստեղծեց նվիրատվության այնպիսի մոդել, որը ճանաչման է արժանացնում եւ խթանում մարդասիրության ոլորտի առաջատարներին, որոնք գործում են տեղում՝ օգնության ձեռք մեկնելով մարդկանց: Մենք անհամբեր սպասում ենք այդ հերոսների ոգեշնչող պատմություններին, որոնց կծանոթանանք հաջորդ ամիս»: 

Հիմնադրվելով 2005 թվականին ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն ստեղծել է համայնք, որի անդամները ձեռնարկում են քայլեր՝ շոշափելիորեն փոխելու մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում: Այս համայնքը ներառում է կառավարական, բիզնես եւ քաղհասարակական կազմակերպություններ, արդեն ճանաչում ունեցող եւ նոր առաջնորդների, ակտիվիստների, իրավապաշտպանների եւ ամենահրատապ խնդիրների դեպքում առաջնագծում գործող համայնքային աշխատողների: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն աշխատում է գործընկերների հետ՝ մշակելու «Հանձնառություններն ի գործ» (Commitments to Action) ռազմավարություն, որն առաջարկում է նոր, հստակ եւ չափելի լուծումներ: 2005 թվականից ի վեր «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցով գործարկվել է ավելի քան 3.900 «հանձնառություն»: 

Անցած ամիս Քլինթոնները նշեցին, որ այս տարվա միջոցառման նպատակն է քննարկել, թե ինչպես շարունակել առաջ շարժվել՝ անկախ դժվարություններից, եւ կառուցել ավելի կայուն ապագա բոլորի համար:

2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտվել է 2023 թ. մայիսի 1-ին: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 700 հայտ 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից: 

«Ավրորա» մրցանակի ութերորդ դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ.: