2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն այժմ ավարտված է: Այս մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2024 թ. մրցանակի առաջադրումների փուլն սկսել էր դեռ 2022 թ. հունիսի 1-ից՝ կոչ անելով համայն մարդկությանն առաջադրելու մերօրյա հերոսների: Ընդհանուր ստացվել է 732 հայտ 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից: Մրցանակի համար առաջադրվել է 675 եզակի թեկնածու:
«Կյանքում ինձ բախտ է վիճակվել հանդիպելու եւ ճանաչելու այնպիսի մարդկանց, որոնք, հավատարիմ իրենց հանձնառությանը, մշտապես ձգտում են օգնել մարդկանց: Եվ ես գիտեմ, որ ճանաչման արժանանալը կարող է վճռորոշ լինել՝ հնարավորություն տալով նրանց շարունակելու մարդկանց փրկելու նվիրական գործը: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանդիպելու 2024 թ. «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:
Մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը մանրամասն կուսումնասիրի բոլոր հայտերը եւ կկազմի վերջնացուցակ, որն էլ կներկայացնի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամներն արդեն կընտրեն 2024 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ հետո՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:
«Ուրախ եմ, որ «Ավրորան» շարունակում է միջոցներ տրամադրել աշխարհին՝ ճանաչելու եւ հարգանքի տուրք մատուցելու մարդասերներին՝ օգնելով նրանց կապ հաստատել միմյանց հետ եւ միասին պայքարել ընդդեմ բռնության եւ անարդարության»,- նշեց «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին:
«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ եզակի հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
Լուսանկարում՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ԿԴՀ Գոմայի շրջան կատարած այցի ժամանակ. սեպտեմբեր 2022 թ.