«Միշտ նպատակ եմ ունեցել հայ ազգը ներկայացնել այլ ազգերի՝ անպայման հիշելով նաեւ Մեծ Եղեռնը», - ասում է լիբանանցի գիդ-էքսկուրսավար Սիլվիա Ունջյան-Թաթարյանը: Երկար տարիներ ընդգրկված լինելով հայկական տարբեր կազմակերպությունների գործունեության մեջ՝ արդեն 16 տարի է, ինչ նա Լիբանանում իրենց շրջագայությունների ժամանակ ուղեկցում է զանազան բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահների, դեսպանների, բարերարների, մշակութային գործիչների:
«Մորս հայրը չափազանց բծախնդրությամբ է պահպանել դրոշմաթղթերի տետրակները, որոնք ինքն իր ձեռքով էր պատրաստել»,- ասում է տիկին Ունջյան-Թաթարյանը: Ընտանեկան պատմության համաձայն՝ դրոշմանիշերի իրենց հավաքածուն ուսումնասիրելու համար նրանց այցելած մի ֆիլատելիստ հայտնել է, որ Հայոց ցեղասպանությունից առաջ տպագրված դրոշմանիշերից մեկը հայերին վերահաս աղետի մասին զգուշացնող օսմաներեն գրություն ունի: Ընտանիքում մտածում են, որ զգուշացումն ուղարկած պաշտոնյան, հասցնելով փրկել մի քանի ընտանիք, շուտով մատնութամբ կախաղան է հանվել։
Օսմանյան կայսրությունում թողարկված դրոշմանիշ՝ Սիլվիա Ունջյան-Թաթարյանի պապիկի անձնական հավաքածուից |
Էրզրումից մինչեւ Հալեպ
Սիլվիայի մորական պապիկը՝ Օնիկ Տեր-Աստվածատրյանը, Էրզրումից էր: Նրա հայրը՝ Արթին (Հարություն) աղան, վաճառական էր: «Ազնվական ընտանիք էին: Ասում են, թե Էրզրումում մի քանի հարկանի միակ գրանիտե տունն իրենց էր պատկանում, որ Եղեռնի օրերին թողեցին այնպես, ինչպես կար»,- պատմում է Սիլվիան:
1895թ. Արթին աղայի թուրք ընկերներից մեկը՝ զինվորական բարձրաստիճան մի պաշտոնյա, գալիս եւ զգուշացնում է, որ մեծ փորձանք է սպասվում հայերին եւ խորհուրդ է տալիս ընտանիքի հետ մեկ շաբաթվա ընթացքում լքել քաղաքը: «Մեծ մայրս հաջողել է մի քանի զարդեր վերցնել՝ ճանապարհին իբրեւ արժեքավոր իր օգտագործելու համար», - տատիկի պատմածներն է հիշում Սիլվիան: Զինվորականի հետ օր եւ ժամ են պայմանավորվում, որ անցակետում հանդիպեն: Պայմանավորվում են, որ Արթինը պետք է ցույց չտա, որ ճանաչում է այդ ընկերոջը եւ չզարմանա երբ նա կոպիտ խոսի իրենց հետ: Որոշված օր ու ժամին նրանք հասնում են սահման, եւ թուրք զինվորականն օգնում է, որ Արթինը, նրա կին Հյուլիանեն եւ տասը հոգուց բաղկացած ողջ ընտանիքը, այդ թվում՝ սպասավորը, անցնեն սահմանը:
Տեր-Աստվածատրյանների ընտանիքը. մեջտեղում՝ Արթինը, ճերմակ զգեստով Հյուլիանեն, նրա կողքին՝ 6-7 տարեկան Օնիկը, ձախ կողմում՝ սպասավորը՝ Օնիկի փոքր քույրը գրկին |
Թե ինչպես են հասնում Հալեպ՝ ընտանեկան պատմությունը լռում է, միայն գիտեն, որ Հալեպ հասնելուն պես երեխաներից երեքը մահանում են՝ ճանապարհին ձեռք բերած հիվանդություններից:
«Երբ մեծ մորս հարցնում էի այդ օրերի մասին, միայն պատասխանում էր՝ օղուլ (երեխա), հին ցավերս մեջտեղ կելլան»,- հիշում է Սիլվիայի մայրը՝ Սեդան:
Հալեպում է ծնվում Օնիկը: Նա տաղանդավոր վարպետ էր, յուրացրել էր զանազան արհեստներ, որոնցից էր նաեւ եկեղեցական պարագաների արծաթապատումը: Օնիկը մոտ քառասուն տարի աշխատել է Հալեպի էներգետիկ ոլորտի գերմանական ընկերություններից մեկում՝ որպես փոխտնօրեն: Գերմաներեն լեզվի փայլուն իմացությունը նրան թույլ էր տալիս տեղի աշխատողների համար թարգմանել մեխանիկական հսկայական սարքերի օգտագործման կարգը եւ, այդպիսով, անփոխարինելի դառնալ ընկերության օտարերկրյա ղեկավարների համար:
Սեդայի մայրը՝ Վերոնիկան, ծնվել է 1909 թվականին: Ուներ հինգ քույր եւ մի եղբայր՝ Հմայակը, որը ծնվել էր ապրիլի 24-ին: «Մեծ մայրս՝ Գյուլիզարը, միշտ հոգեճաշ էր մատուցում այդ օրը՝ ի հիշատակ 1915թ․ ապրիլի 24-ին զոհված Հմայակ անունով մեկի»,-ասում է Սեդան: Գյուլիզարն ու իր ամուսինը՝ Արշակ Չալյանը, կիլիկյան ծովեզրյա Մերսինից էին եւ, ամենայն հավանականությամբ, Հալեպ էին հասել ծովով: «Մեծ հայրս Հալեպում ֆրանսիական երկաթգծում էր աշխատում»,- հիշում է Հալեպում ծնված Սեդան: Նրա երկու քույրերից մեկը՝ Աիդան, մինչ այժմ այնտեղ է բնակվում:
Սիլվիան մոր՝ Սեդայի հետ |
1940-ական թվականներին 12 տարեկան Սեդան հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Նուբարին, որն աշխատանքի բերումով 3 օրով Հալեպ էր եկել՝ միաժամանակ Հալեպում կազմակերպված հայտնի սպորտային մրցախաղեր դիտելու:
Ադանա-Հունաստան-Սիրիա-Լիբանան
Սիլվիայի հոր՝ Նուբարի ընտանիքն Ադանայից էր։ Նուբարի հայրը՝ Միհրան Ունջյանը, կոսմետիկ նյութերի եւ պարագաների վաճառական էր, իսկ մայրը՝ Գյուլենյա Քեշիշյան-Ունջյանը պանդոկապանի ընտանիքից էր: «Ես հաճախ էի հետաքրքրվում՝ «մե՛ծ մամա, պապադ ի՞նչ կաշխատեր», եւ նա պատասխանում էր. «Հայրս Ադանայում խան ուներ՝ հյուրանոցի նման մի վայր, ուր ճամփորդները գալիս եւ ապաստանում էին իրենց ձիերով կամ ավանակներով»», - հիշում է Սիլվիան:
1900-ականների սկզբին, երբ Օսմանյան կայսրությունում քաղաքական անհանգիստ իրավիճակ էր, ընտանիքը որոշում է մեկնել Հունաստան: Որոշ ժամանակ անց լուրեր են հասնում, որ իրավիճակը հանդարտվել է, նրանք վերադառնում են Ադանա, որտեղ սկսվում է կոտորածը: Այդ սոսկալի տեսարանների ականատեսն են դառնում նաեւ Ունջյանները:
«Երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմն սկսվեց, մեծ մայրս ետ նորոգվեցավ իր երիտասարդության այդ հիշատակներով եւ խենթացավ: Միայն պատմում էր, թե ինչպես էին քայլում դիակների վրայով, իսկ նրանց մեկ օրական աղջիկն այդպես էլ չլուսացրեց գիշերը եւ մահացավ այդ դաժան պայմաններում»,- պատմում է Սիլվիան:
Իրենց երկու որդիների՝ Սարգսի եւ Մերուժանի հետ հասնելով Մերսինի նավահանգիստ՝ նրանք ուղեւորվում են հունական կղզիներից մեկը։
Սիլվիայի հորական պապիկն ու տատիկը՝ Միհրանն ու Գյուլենյան, թոռների հետ |
Տարիներ անց, երբ զավակները մեծանում են, իսկ կյանքի պայմանները՝ դժվարանում, Միհրանը որոշում է տեղափոխվել Դամասկոս, որտեղ նա աշխատում է որպես երկաթագործ ֆրասիական fer forgé ոճում: «Սիրիայի Սայդնայա (Սիրիայի հարավ) քաղաքի նշանավոր ուխտատեղի համարվող Սուրբ Աստվածամոր տաճարի մուտքի երկաթյա դարպասները մեծ հորս ձեռքի աշխատանքն են»,- ասում է տիկին Ունջյան-Թաթարյանը:
Ստանալով Լիբանանում բնակվող իրենց ազգականների նամակը՝ Ունջյանները մեկնում են Զահլե, որտեղ 1924թ․ծնվում է Սիլվիայի հայրը՝ Նուբարը, իսկ 1930-ականներին ընտանիքը վերջնականապես հաստատվում է Բեյրութի Զոքակ Էլ Բլաթ թաղամասում. «Հայրս մի վաճառականի մոտ սկսեց աշխատել եւ իր ուժերի մեջ ավելի վստահ դառնալով՝ սեփական փոքրիկ խանութը բացեց»:
1946-1947թթ՝ Խորհրդային Հայաստան զանգվածային ներգաղթի տարիներին, Նուբարը հստակ որոշում է կայացնում մնալ Լիբանանում՝ ասելով. «Ես հոս սիրեցի, հոս կմնամ»: Կարճ ժամանակ անց նա դառնում է գերմանական, շվեյցարական, իտալական կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Բորսալինո» եւ «Կալենդարիա» ընկերությունների ներկայացուցիչը Բեյրութում եւ մեծ հեղինակություն վայելում՝ սպասարկելով բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ գործում Նուբարին է միանում նաեւ Մերուժանը:
Երբ գործով Հալեպ մեկնելու առիթ է լինում, Գյուլենյան ասում է որդուն, թե այնտեղ բարեկամներ ունեն: Ադանայի կոտորածի ժամանակ ընտանիքը ցրվել էր, եւ մի մասը գնացել էր Հալեպ: «Մորս մայրը եւ հորս մայրը մորաքրոջ զավակներ են»,- ասում է Սիլվիան:
Այստեղ է, որ Նուբարը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Սեդային, եւ սիրահարվում: Նրանց մայրերը պայմանավորվում են, որ Նուբարը կվերադառնա 2 տարի անց, եւ իրենց զավակները կամուսնանան։
Սեդա եւ Նուբար Ունջյաններն իրենց պսակադրության օրը |
«Բախտ եղավ,- ասում է տիկին Սեդան,- ամուսինս խելացի, նվիրված, կատարյալ տղամարդ էր՝ իր տարիքից ավելի հասուն եւ կազմակերպված»:
Այդ երջանիկ ամուսնությունից ծնվում են Սիլվիան եւ նրա երկու եղբայրները՝ Պերճն ու Շահանը:
Փոքրիկ Սիլվիան հոր՝ Նուբար Ունջյանի հետ |
Անհնար է նկարագրել այն հպարտությունն ու ջերմությունը, որով Սիլվիան հիշում է իր հորը։ Հոր օրինակին հետեւելով է նա ներկայանում՝ իբրեւ հայ, իբրեւ մեկը, ով իր աշխատանքով նպաստում է հայի անունը բարձր պահելուն եւ հային աշխարհի մարդկանց ճանաչելի դարձնելուն: Այդ մասին են վկայում այն բոլոր նամակներն ու դրական անձագանքները, որ տիկին Ունջյան-Թաթարյանն ստանում է զբոսաշրջիկներից, որոնց համար հայը դառնում է մի նոր բացահայում:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: