«Եթե ցեղասպանության ժամանակ Դանիել մեծ պապիկը չփրկվեր, մենք ընդհանրապես չէինք լինի: Նրա փրկությունը մեր կյանքն է»,- ասում է հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Քույր ու եղբայր Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների մեծ պապը՝ Դանիել Խաչատրյանը, Կարսից էր: Նրա մասին քիչ բան գիտեն ծոռները՝ իրենց մանկության տարիներին Դանիել պապն արդեն ողջ չէր: Բացի այդ, նրանք ենթադրում են, որ Դանիելը քիչ է պատմել կորցրած հայրենիքի ու իր փրկության մասին անգամ որդուն՝ Սերգեյ Խաչատրյանին՝ Լուսինեի ու Սերգեյի պապիկին:
Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների մեծ պապը՝ Դանիել Խաչատրյանը Լուսանկարը՝ Խաչատրյանների ընտանեկան արխիվից |
Ընտանիքը գիտի միայն, որ Դանիելը ծնվել է Կարսում, եղել է բազմանդամ ընտանիքի 9 զավակներից (7 տղա, 2 աղջիկ) մեկը: Խաչատրյանները Կարսում զբաղվել են հացագործությամբ. ունեցել են ցորենի արտեր, մեծ թոնրատուն, հաց են թխել, վաճառել: Իրենց մեծ պապի անունը տալիս ծոռները պատկերացնում են ցորենի լայնարձակ արտեր, թոնրի շուրջը խմբված համերաշխ ընտանիք, հացի բույրով լի խաղաղ համակեցություն. նրանց երեւակայության մեջ այսպիսին է Դանիել պապի կորցրած հայրենիքը:
Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները Լուսանկարը՝ Մարկո Բորգրեւի |
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու նրա քույրը՝ անվանի դաշնակահարուհի Լուսինեն, 22 տարի է ծնողների հետ բնակվում են Գերմանիայում: Նրանք երախտապարտ են, որ ծնողներն ամեն կերպ փորձել են օտար երկրում պահպանել իրենց ազգային արժեքները: «Այսօր ենք հասկանում, թե ինչ մեծ բան են նրանք արել մեզ համար: Մեծացել ենք Գերմանիայում, բայց մեր տունը Հայաստանն է: Հասարակ օրինակ է, գուցե, բայց նրանք երբեք թույլ չտվեցին, որ տանը գերմաներեն խոսենք: Նրանք փրկեցին մեր մայրենին՝ մեր ինքնության ամենակարեւոր մասնիկը»,- ասում է Լուսինեն:
Սերգեյը վստահ է՝ օտար երկրում շատ ավելի զգայուն ես դառնում ինքնությանդ հարցում, ավելի հաճախ մտածում, թե ով ես ու որտեղից ես գալիս.
«Միշտ գիտես, որ ապրում ես ոչ քո միջավայրում, միշտ ես զգում քո եւ նրանց մտածելակերպի տարբերությունը: Սկիզբ է առնում վերաարժեւորման, ինքնաճանաչողության գործընթաց, երբ սկսում ես տեսնել ու գնահատել այն, ինչ պայմանավորված է քո ինքնությամբ: Մեր ընտանիքն ինքնության հետ կռիվ չի ունեցել. մենք որքան հնարավոր է պահպանել ենք այն, ինչ մերն է, ազգային է, ավանդույթ կամ աշխարհընկալում: Փորձել ենք չնմանվել ուրիշներին, այլ մնալ ինքներս մեզ նման»:
Նկարի տղամարդիկ՝ Դանիել Խաչատրյանը եւ իր եղբայր Գրիգորը (աջից) Լուսանկարը՝ Խաչատրյանների ընտանեկան արխիվից |
Արմատներով կարսեցի Խաչատրյանների ընտանիքի կրտսեր անդամները, ցավոք, քիչ բան գիտեն իրենց նախնիների մասին, եւ ասես հենց նաեւ այդ պատճառով ավելի նախանձախնդիր են իրենց ինքնությունը պահպանելու հարցում: Միայն այդպես կարող են վառ պահել ցեղասպանությունից փրկված Դանիել պապիկի հիշատակն ու վերաիմաստավորել նրա կյանքի փրկությունը: Կցկտուր տեղեկություններ կան միայն, որ Խաչատրյանների ընտանիքը թուրքական հարձակումների ժամանակ ինքնապաշտպանվել է, սակայն կոտորածից փրկվել են միայն երկու զավակները՝ Դանիելն եւ իր եղբայր Գրիգորը: Փախել են Գյումրի, Դանիելը մնացել է այնտեղ, իսկ եղբայրը՝ գնացել Թիֆլիս, ու նրա հետքը կորցրել են: Որոշ ժամանակ անց Դանիելը տեղափոխվել է Երեւան, բնակություն հաստատել Կոնդում: Նրա միակ ժառանգ Սերգեյ Խաչատրյանը (Սերգեյի ու Լուսինեի պապը, որն ապրել է մինչեւ 2014 թվականը) ունեցել է երեք որդի՝ Վլադիմիր, Արտաշես, Դանիել:
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Վլադիմիրի որդին, կարսեցի Դանիել մեծ պապի միակ տղա շառավիղն է:
Սերգեյ Խաչատրյանը՝ «24/04» համաշխարհային նվագախմբի համերգին, Երեւան 2015թ. |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Սերգեյի ու Լուսինեի համար յուրահատուկ տարի է՝ հագեցած ոչ միայն աշխատանքով, այլեւ խտացած զգացողություններով ու պատասխանատվության զգացումով: Աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմերում (Քյոլն, Վիեննա, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Սան Ֆրանցիսկո) ի հիշատակ Հայոց ցեղասպանության կայացած բազմաթիվ համերգները, համատեղ եւ առանձին նախագծերը, միջոցառումները մի նպատակ ունեին. «Երաժշտության լեզվով հնչեցնել, որ իրենց հայրենիքից բռնի տեղահանված, կոտորածների ու գաղթի ենթարկված ժողովուրդը 100 տարի անց ապրում ու արարում է, իր հազարամյա մշակույթը պահպանում ու աշխարհի հետ ի՛ր մայրենի լեզվով, ի՛ր երաժշտությամբ, ի՛ր մշակույթով է խոսում»,- ասում է Լուսինե Խաչատրյանը:
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ նրանց տրիոն համերգների առաջին բաժնում նվագում էր Բեթհովեն ու Ռախմանինով, իսկ երկրոդում՝ Կոմիտասի 7 պարն ու Բաբաջանյանի տրիոն: Երկրորդ բաժնից առաջ հնչում էր Լուսինեի խոսքը. «Ես հայտարարում էի, որ մենք համերգի երկրորդ բաժինը նվիրում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որ 100 տարի անց Թուրքիան դեռ չի ընդունել իր կատարած ոճիրը: Եվ մենք չենք դադարեցնելու պայքարը, որովհետեւ մարդկության ու մարդու ապրելու իրավունքի դեմ ամեն հանցանք իր արժանի պատիժը պիտի ստանա: Ես կոչ էի անում միանալ այդ պայքարին, պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում, որ հետագայում այլեւս նման ոճիր չկրկնվի: Մանավանդ որ՝ ժամանակակից աշխարհում նույնպես մեր աչքի առջեւ սարսափելի բաներ են տեղի ունենում: Վերջում ասում էի, որ մեր հարստությունը մեր մշակույթն է, եւ Կոմիտասի նման մարդկանց շնորհիվ է, որ այսօր կանք: Ու քանի դեռ կպահպանենք մեր մշակույթը, մեզ երբեք հնարավոր չի լինի բնաջնջել»,- պատմում է Լուսինեն:
Լուսինե Խաչատրյանը՝ «Կարոտ» դաշնամուրային ներկայացման ժամանակ |
Քյոլնում համերգը հեռարձակվել է նաեւ տեղական ռադիոյով, եւ համերգից անմիջապես հետո բազմաթիվ գերմանացիներ զանգահարել ու շնորհակալություն են հայտնել ոչ միայն կատարումների, այլեւ հնչած խոսքերի համար: «Ասում էին, որ հիմա շատ բան ավելի պարզ է իրենց համար, ու ավելի լավ են ընկալում մեր ցավն ու մեզ հետ պատահածը: Շեշտում էին, որ առավել կարեւոր է այս մասին լսել արվեստագետի շուրթերից, եւ որ եթե ես քաղաքական գործիչ լինեի, իմ խոսքը, հավանաբար, նման ազդեցություն չէր ունենա»,- ասում է Լուսինեն:
«Միշտ էլ պիտի գտնել դժվար բաների մասին խոսելու խիզախություն, ճիշտ ձեւ ու ժամանակ»,- շարունակում է Սերգեյը:
Կարոտ
Սերգեյն ու Լուսինեն այս տարի թողարկելու են MY ARMENIA (Իմ Հայաստան) խորագրով նոր ձայնասկավառակ, որում բացառապես հայկական երաժշտության կատարումներ են: Սկավառակը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Մեր համերգների ընթացքում օտարին հատկապես հուզող գործը Կոմիտասի «Կռունկն» է: Կապ չունի, թե «Կռունկից» առաջ ինչ գործեր ես նվագել. եթե դու վերջում ծրագրից դուրս «Կռունկ» ես նվագում, բոլորը մոռանում են քո նախորդ կատարումները, որքան էլ որ դրանք լավը եղած լինեն: Կոմիտասի «Կռունկը» մարդկանց տակնուվրա է անում՝ ինչ ազգության էլ որ նրանք լինեն»,- ասում է ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
«Ես ապշած էի: Ռադիոյով «Կռունկը» հնչեցնելուց հետո չեք կարող պատկերացնել՝ որքան շատ մարդ ինձնից խնդրեց նոտաները»,- ավելացնում է Լուսինեն:
Ձայնասկավառակից բացի, քույր եւ եղբայր Խաչատրյաններն այս տարի մի ինքնատիպ նախագիծ էլ ունեն. դաշնամուրային եւ թատերական արվեստի միաձուլումից ստացված հետաքրքիր ու անսպասելի դաշնամուրային միստիկ ներկայացում՝ «Կարոտ»: Այստեղ յուրօրինակ կերպով միախառնված են անցյալն ու ներկան՝ երաժշտության, խաղի ու տեսապատկերների օգնությամբ, իսկ Լուսինեն ե՛ւ դերասանուհի է, ե՛ւ դաշնակահարուհի: Սերգեյ Խաչատրյանը նախագծի պրոդյուսերն է եւ Լուսինեին օգնել է նաեւ շարժա-տեսապատկերների ձեւավորման հարցում: Երեւանյան պրեմիերան կլինի սեպտեմբերի 5-ին՝ Երեւանի Համազգային թատրոնի բեմում:
Վերածնունդ
Ներկայացման մեջ տեսապատկերում երեւում է մի ավերված եկեղեցի, որն ասես սկսում է վերածնվել՝ խորհրդանշելով կործանված հայրենիքի նորոգումը. «Այս նախագծի շրջանակում մենք վիրտուալ պտտվեցինք ամբողջ պատմական հայրենիքով: Փնտրում էինք, գտնում, տեղեկանում. շատ ծանր ու հուզումնալից պահեր ենք ապրել, անընդհատ մեր մտքում նաեւ մեր Դանիել մեծ պապիկի հետ ենք զրուցել»,- ասում է Լուսինեն՝ շարունակելով, որ այդ ժամանակ է շատ ավելի խորը զգացել կորստի ցավը՝ Թուրքիայի տարածքում ավերված տեսնելով մեր եկեղեցիները:
Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները Լուսանկարը՝ Մարկո Բորգրեւի |
Սերգեյն ու Լուսինեն մինչ այժմ Թուրքիայում չեն եղել: Բազմաթիվ հրավերները մերժել են՝ ասելով, թե Թուրքիայում չեն նվագում: «Եվ հիմա առաջին անգամ ես իսկապես ցանկություն ունեցա այդ ամենը տեսնել իմ աչքերով, շոշափել, ձեռք տալ, քայլել հայրենիքի ճանապարհներով, գտնել իմ պապիկի կորցրած հայրենիքը... տեսնել մեր ավերված եկեղեցիները, որոնք ասես սպասում են վերածննդի: Դրա համար իմ ներկայացման վերջում ես փորձեցի կենդանություն տալ նրանց»,- նշում է Լուսինեն:
Խաչատրյանները վստահ են, որ հայերը պարտված ազգ չեն. «Նայում ես պատմությանն ու ապշում, թե ինչերից հետո ինչպես ենք գոյատեւել: Դա միայն հիացմունքի է արժանի»,- ասում է Լուսինեն:
«Այս բոլոր համերգների, նախագծերի մեջ մեզ համար ամենակարեւորը ոչ թե հարցի ողբերգական կողմն է, այլ ավելի շատ այն, որ այդ սարսափից հետո մենք կանք, մեր մշակույթը կա, ու մենք ապրելու, շարունակվելու, արարելու ամուր կամք ունենք: Ամենակարեւոր ասելիքը սա է»,-ավելացնում է Սերգեյը:
*Գլխավոր նկարում՝ Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները, լուսանկարը՝ Մարկո Բորգրեւի
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: