logo
ՓԱԿԵԼMenu
Էրիկ Բոգոսյան

Էրիկ Բոգոսյան

Թեպետ Բոգոսյան ընտանիքում անցյալի մասին չեն խոսում, սակայն 1915-1923թթ. իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել Էրիկի վրա, որն ընդունում է դետեկտիվ պատմություններով ու գաղտնիքների բացահայտմամբ իր տարվածությունը։ 
 

Աշխարհահռչակ դերասան եւ պերֆորմանսի վարպետ Էրիկ Բոգոսյանին հիմնականում ճանաչում են «Օրենք եւ Կարգ» (Law and Order) դետեկտիվ հեռուստասերիալից, որտեղ նա մի շարք դրվագներում  կատարում է հրամանատար Դենիել Ռոսի դերը։ Նա հեղինակել է վեց պիես, խաղացել իր գործերից շատերում, ներառյալ` «Talk Radio»-ն եւ «subUrbia»-ն։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Վոբուրնում (Մասաչուսեթս), որտեղ էլ ավարտել է ավագ դպրոցը։ Ապա տեղափոխվել է Օհայո նահանգ` ուսանելու Օբերլին քոլեջում։

Բնակություն հաստատելով Նյու Յորքում՝ Բոգոսյանը գործի է անցնում Մանհեթենի հարավային Սոհո (SoHo - South of Houston) թաղամասի «The Kitchen» (խոհանոց) արվեստանոցում։ Այստեղ նա ծանոթանում է բազմաթիվ արվեստագետների, կոմպոզիտորների եւ պարային բեմադրողների հետ, որոնք մեծապես ազդում են նրա մտածողության ձեւավորման վրա։ Շուտով նա սկսում է ստեղծել սեփական «գործերը», որոնք վստահ քայլերով  մուտք են գործում պերֆորմանսի արվեստի ու թատրոնի աշխարհ։ 1982թ. Էրիկին նկատում է Ջո Փեպը եւ սկսում բեմադրել նրա գործերը Հանրային թատրոնում (The Public Theater)։ 1987թ. Էրիկ Բոգոսյանը գրում է «Talk Radio» պիեսը, սեփական դերակատարությամբ բեմադրում այն Հանրայինում: Այստեղ էլ Փեպի միջնորդությամբ Բոգոսյանը ծանոթանում է պրոդյուսեր Էդ Փրեսմանի հետ, որն, իր հերթին, ծանոթացնում է նրան Օլիվեր Սթոունի հետ։

35 տարի է՝ Էրիկն ամուսնացած է ռեժիսոր Ջո Բոնիի հետ։ Նրանք ապրում են Նյու Յորքում՝ իրենց երկու երեխաների հետ։

 

Էրիկ Բոգոսյան
Լուսանկարը՝ Բոգոսյանի անձնական արխիվից

Բոգոսյանն ապրում է անկախ կյանքով՝ եռանդուն աշխատանքով տարված. «Ես հաճախ պոկեր եմ խաղում, կարդում եմ, հետեւում եմ թռչունների թռիչքին, շատ ժամանակ եմ անցկացնում Նյու Ջերսիի հյուսիսում, որտեղ տուն ունեմ։ Նախքան այս գարնանն իմ «Գործողություն «Նեմեսիս»» գիրքը հրատարակելը կասեի, որ իբրեւ արվեստագետ իմ հիմնական ձեռքբերումները թատրոնի ասպարեզում են եղել»:

«Գործողություն «Նեմեսիսը»» պատմում է մի խումբ հայերի մասին, որոնք հետապնդել եւ մահապատժի են ենթարկել Օսմանյան կայսրության 1,5 միլիոն հայ քաղաքացիների կյանք խլած Հայոց ցեղասպանության իրագործման պատասխանատուների՝ երիտթուրք պարագլուխների մեծ մասին։ Երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության այս առաջնորդներն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից եւ դրանում Օսմանյան կայսրության պարտությունից հետո մահվան էին դատապարտվել Կոստանդնուպոլսում տեղի ունեցած դատավարության ընթացքում, սակայն նրանց հաջողվել էր փախչել Գերմանիա, Ռուսաստան եւ այլ երկրներ՝ խուսափելով դատավճռի իրականացումից։ Վրեժխնդրությամբ տոգորված հայերն այդ գործողությունն անվանել էին Նեմեսիս՝ հին հունական հատուցման աստծո անվամբ։ Ուշագրավ է, որ գերմանական դատարանը հետագայում արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին, որը Բեռլինի կենտրոնում սպանել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության հիմնական մտահղացողներից ու կազմակերպիչներից մեկին։

 

Էրիկ Բոգոսյանի «Գործողություն «Նեմեսիս»» գրքի շապիկը
 

Բոգոսյանի պապերը Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են։

«Ես գիտեմ, որ իմ ընտանիքում այսպես կոչված «փրկիչներ» կային։ Երկու պապերս հայ եկեղեցու սարկավագ են եղել։ Մկրտիչ պապս փրկվեց ցեղասպանությունից, բայց չգիտեմ, թե ինչպես։ Հոր սպանությունից հետո նա փրկեց նաեւ մորը։ Կյանքի մնացած մասը մայրը նրա հետ ապրեց Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում՝ անգլերեն ոչ մի բառ չիմանալով։ Գիտեմ միայն, որ 1915 թվականին Միացյալ Նահանգներ ուղեւորվելիս պապս անցել է Հավրով (Le Havre)։ Ենթադրում եմ՝ մոր հետ շոգենավով է կտրել այդ ճանապարհը։ Նրանք Խարբերդից էին (ներկայիս Արեւելյան Թուրքիայի Էլազըղ քաղաքը)։ Ուոթերթաուն տեղափոխվելուց քիչ անց զորակոչվել է Միացյալ Նահանգների բանակ, սակայն չեմ կարծում, որ բացի զորավարժություններից, որեւէ այլ գործողության մասնակցած լինի։ Պատերազմից հետո աշխատանքի է անցել «Boston Transit System» ընկերությունում»,- պատմում է Բոգոսյանը:

 

Խարբերդ, Վերին թաղ, «Եփրատ» քոլեջ եւ հարակից հաստատություններ

Աղբյուրը՝ Վահէ Հայկ, «Խարբերդ Եւ Անոր Ոսկեղէն Դաշտը – Յուշամատեան Պատմական, Մշակութային Եւ Ազգագրական», Նիւ Եորք, 1959թ.
 

Ինչպես բազմաթիվ հայ ընտանիքներում, Բոգոսյանների տանը եւս իրադարձությունն ինքնին հազվադեպ է քննարկվել։

«Ընդհանրապես, իմ ընտանիքում շատ չեն խոսում ցեղասպանությանից կամ Թուրքիայում տեղի ունեցածից՝ համարելով դա բացասական մտածողության դրսեւորում։ Ու չնայած ծնվել եմ ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. 1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունների կողմից հարյուրավոր հայ մտավորականներ եւ ազգային գործիչներ ձերբակալվեցին եւ ապա սպանվեցին կամ աքսորվեցին Սիրիայի անապատներ), սակայն այդ իրադարձությունը երբեք չի քննարկվել մեր տանը,-ասում է Բոգոսյանը,-ինձ երբեք չեն ասել, թե սա ինչ-որ յուրահատուկ օր է։ Հետագայում, երբ դերասան դարձա, չցանկացա բնութագրվել իմ հայկական ինքնությամբ կամ ընկալվել իբրեւ «էթնիկ» դերասան»:

Այդուհանդերձ, այս ամենը չխանգարեց, որ Էրիկն իմանա իր նախնիների ճակատագրական եւ ողբերգական դեպքերի մասին. «Ես շատ վաղ տարիքում իմացա, թե ինչերի միջով է անցել Մկրտիչը Թուրքիայում։ Գուցե չորս տարեկանո՞ւմ: Հայոց ցեղասպանությունը ես ուսումնասիրել եմ իմ ամբողջ կյանքում, բայց վերջին տասը տարիներին՝ ավելի ակտիվորեն... Ցավոք, հին երկրի մեր հայրենի քաղաքից՝ Խարբերդից, ոչ մի իր կամ հիշատակ չունենք պահպանված»:

Թեպետ Բոգոսյան ընտանիքում անցյալի մասին չեն խոսում, սակայն 1915-1923թթ. իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել Էրիկի վրա, որն ընդունում է դետեկտիվ պատմություններով ու գաղտնիքների բացահայտմամբ իր տարվածությունը.

 

«Իհարկե, իմ ընտանեկան պատմության կապը ցեղասպանության հետ միշտ էլ հետաքրքրել է ինձ։ Ի վերջո, դա հանգեցրել է վերջին տասը տարիների իմ աշխատանքին, որի արդյունքն էլ «Գործողություն «Նեմեսիս»» գրքիս լույս ընծայումն էր՝ իբրեւ կուտակածս գիտելիքի մարմնավորում։ Իմ տարվածությունն այդ դեպքերի խորհրդավորությամբ եւ այն բանով, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, ինչպես նաեւ դետեկտիվի իմ դերը «Օրենք եւ Կարգ» հեռուստասերիալում, իհարկե, կապված է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ»:

*Գլխավոր լուսանկարը՝ Էրիկ Բոգոսյանը՝ «Օրենք եւ Կարգ» ֆիլմի ընթացքում

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: