Քիփ Հակոբյան

Քիփ Հակոբյան

Քիփ Հակոբյանը վաղ տարիքից գիտի քրտնաջան աշխատանքի արժեքը: Նա ամառներն անց էր կացնում իր հորեղբայր Սոքի ֆերմայում՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ հաստատվել էին Սոքի ծնողները՝ դարասկզբին արտագաղթելով Արեւմտյան Հայաստանից:

«Ես Սոքի հետ շրջում էի մեքենայով, երբ նա անհրաժեշտ գործեր էր անում ֆերմայում: Նա հաճախ ինձ հանձնարարում էր ֆիզիկական աշխատանք կատարել. ջրել բամբակի ու շաքարի ճակնդեղի դաշտերն ու այլ գործեր անել: Երբ ընդամենը 12 տարեկան էի, տրակտոր էի քշում, առվույտ հնձում ու դիզում: Ողջ օրը տրակտորի վրա անցկացնելը դժվար գործ է, բայց իմ տարիքի երեխայի համար դա զվարճալի էր: Այն ժամանակ երեխաների աշխատանքի վերաբերյալ ոչ մի օրենք գոյություն չուներ»,- ասում է Հակոբյանը:

Սոքն առվույտ էր աճեցնում, որ հողը հարստացնի ու ի վերջո կարողանա իրագործել խաղող աճեցնելու իր երազանքը: Տարիներ անց նա դարձավ Կալիֆորնիայի ամենախոշոր խաղողագործը: Մահվանից հետո, ի հիշատակ իր ծնողների, նա իր 15 միլիոն դոլար արժողության գույքը թողեց հավատարմագրային մի հիմնադրամի, որպեսզի այդ միջոցներով բարձրագույն կրթություն ապահովվի իր ծնողների բոլոր ժառանգների համար:

Սոքը ցեղասպանությունից փրկվել էր շնորհիվ իր ծնողների՝ Հայաստանից մեկնելու որոշման:

24 տարեկանում Հակոբյանի պապ Խաչիկն իր կնոջը՝ Աղավնիին, եւ իրենց մեծ ընտանիքն ու ընկերներին, ընդհանուր առմամբ 30 մարդու, տարավ իրենց գյուղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Սեւ ծովի ափ, որտեղ նրանք Ամերիկա ուղեւորվող բեռնատար նավ նստեցին:

Փախչելու որոշումը նրանք կայացրել էին 1915թ.-ին օսմանյան իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությանը նախորդած ջարդերի ժամանակ Խաչիկի հոր ու եղբոր, ինչպես նաեւ Աղավնիի հինգ եղբայրների սպանությունից հետո: «Նրանք բոլորը մեծագույն ռիսկի էին դիմել Ֆրեզնո ուղեւորվելով,- հիշում է Հակոբյանը,- երբ ընտանիքն այնտեղ էր հասել, նրանք որեւէ գումար չունեին: Դրամի վերջին մնացորդները ծախսել էին Էլիս կղզուց Կալիֆորնիա ուղեւորվող գնացքի տոմսեր գնելու համար»:

Հակոբյանի հայրը՝ Սոքի ավագ եղբայր Ռալֆը, Սոքի նման հավակնոտ էր ու ձեռնարկատիրական ջիղ ուներ: Ավագ դպրոցն ավարտելուց շատ ժամանակ չանցած նա սկսեց բեռնատար քշել եւ տքնաջան աշխատանքի տարիներից հետո բավարար գումար խնայեց՝ սկսելու բեռնատար մեքենաներով փոխադրումների իր սեփական բիզնեսը, որի միակ աշխատողը կինը՝ Խուանիտան էր: «1983 թվականին՝ իր մահից առաջ, նա մորս 1,5 մլն ԱՄՆ դոլար թողեց, ինչը, հավանաբար, այսօրվա 3 մլն ԱՄՆ դոլարին է համարժեք: Վատ չէր կրթություն չունեցող մի մարդու համար, որը մանկապարտեզ գնալիս անգլերեն խոսել չգիտեր»,- վստահ է Հակոբյանը:

ԴԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿՆ ԷՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՍՈՔԸ, ՌԱԼՖԸ ԵՎ ԽՈՒԱՆԻՏԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԿՅԱՆՔ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նա քրտնաջան աշխատում էր ու այդ ժամանակից ի վեր բարգավաճում է՝ 30 տարվա իր մասնագիտական աճը կառուցելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումներ կատարելով: Հակոբյանը համահիմնադրեց «Բրենթվուդ Ասոշիեյթս» (Brentwood Associates) վենչուրային կապիտալի եւ ուղղակի ներդրումների խումբը, որը բազմաթիվ դուստր ընկերություններ ունեցավ եւ այժմ մի քանի միլիարդ դոլարի շրջանառություն է ապահովում: Հակոբյանի ղեկավարության տակ «Բրենթվուդը» նաեւ «Apple» ընկերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ հաջողություն ունեցած մի քանի այլ ընկերությունների վաղ շրջանի ներդրողներից էր: 

Քիփ Հակոբյանը՝ իր աշխատասենյակում

Հակոբյանն ուժերը փորձել է նաեւ ֆիլմարտադրության մեջ՝ 1991թ. ձեւավորելով «Segue Productions Inc.» ընկերությունը, որը երկու ֆիլմ է արտադրել: Նա Ամերիկյան կինոակադեմիայի երկու մրցանակի արժանացած «Restoration» («Ռեստավրացիա» կամ, այլ թարգմանությամբ, «Թագավորական ողորմածություն») ֆիլմի գործադիր պրոդյուսերն էր (գլխավոր դերերում՝ Ռոբերտ Դաունի կրտսեր, Մեգ Ռայան եւ Հյու Գրանտ): Հակոբյանը նաեւ «Ransom» («Փրկագին») թրիլլերի պրոդյուսերներից մեկն էր (գլխավոր դերում՝ Մել Գիբսոն): Ժամանակին ֆիլմն աշխարհով մեկ ցուցադրվելուց հետո հավաքեց 250 մլն ԱՄՆ դոլար, ինչն այսօր համարժեք է 600 մլն ԱՄՆ դոլարի:

Առեւտրային (dot-com) կայքերի «բումի» առաջին օրերին Հակոբյանը համահիմնադրեց համացանցային ստարտափ ընկերություն եւ դարձավ այդ՝ իր եւ մյուս ներդրողների համար զգալի եկամուտ ապահոված ընկերության խորհրդի նախագահը: 

Քիփ Հակոբյանը՝ իր աշխատասենյակում

Հակոբյանի հետաքրքրվածությունն իր հայկական ժառանգությամբ ու նրա գործարար հաջողությունը թույլ են տալիս հայացքն ուղղել Հայաստանի տնտեսությանը. «Հայաստանը դժվարությունների մեջ գտնվող պետություն է, որի տնտեսական աճը միանգամայն անկանոն է,- խոժոռվում է նա,- մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շատ ցածր է՝ ընդամենը 6.200 դոլար, որը Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի ընդամենը մեկ ութերորդ մասն է: Խնդրի հիմնական պատճառներից է այն, որ երկիրը չափազանց ցածր արդյունքներ ունի տնտեսական ազատության ցուցանիշների առումով, ինչը սովորաբար նշանակում է կարգավորման չափազանց բարձր մակարդակ: Եթե Հայաստանում չկա իրական ազատ շուկայական տնտեսություն, ինչպե՞ս պետք է այն բարգավաճելու հնարավորություն ստանա»:
 
«Շատ են այն երիտասարդ հայերը, որոնք իրենց դժգոհությունը պարզապես խաչ քաշելով ու լքելով են արտահայտում: Հայաստանի ներկայիս բնակչությունը միայն երեք միլիոն է, իսկ սփյուռքը՝ ութ միլիոն: Այս իրավիճակը պետք է շտկել՝ հակառակը պիտի լինի, եթե երկիրը բարգավաճի»,- ավելացնում նա:  
 

ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ՀԱՅԵՐԸ ԲՆԱՏՈՒՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՋԻՂ ՈՒՆԵՆ

«Մենք շատ աշխատասեր ենք, մեզ հատուկ է դժվարին աշխատանքի, ձեռներեցության ու ոչ մեկից կախված չլինելու ոգին, մենք ինքներս մեզ ենք ապավինում եւ տոկուն ենք: Հավանաբար սա պատմության խորքից է գալիս: Մենք մեզ լիովին միայնակ ենք զգում աշխարհում ու պետք է սեփական ուժերին ապավինելով առաջ շարժվենք: Մենք հույսներս ուրիշի վրա չենք դնում»,- ասում է Հակոբյանը:

 

Քիփ Հակոբյանը կնոջ՝ Մերի Էնի հետ

ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՀԱՅԵՐՆ Ի ԾՆԵ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ

«Մենք շատ աշխատասեր ժողովուրդ ենք, ինքներս մեզ ենք ապավինում եւ տոկուն ենք: Հավանաբար սա պատմության խորքից է գալիս: Մեզ թվում է, թե լիովին միայնակ ենք այս աշխարհում ու պետք է սեփական ուժերին ապավինենք: Մենք հույսներս ուրիշի վրա չենք դնում»,- ասում է Հակոբյանը:

Արդյոք նա մտադի՞ր է իր գործարար ու տնտեսական փորձառությունն ու հմտությունները ներդնել կառավարությանն աջակցելու համար: Ի վերջո, նրա զբաղվածությունն այժմ կիսով չափ կրճատվել է, եւ որոշակի ազատ ժամանակ ունի: Նա ժպտում է. «Ոչ: Նրանց իրական տնտեսագետներ են անհրաժեշտ: Բազմաթիվ փայլուն տնտեսագետներ կան, նրանցից ոմանց ես ճանաչում եմ, ուստի գուցե այդպիսով կարող եմ օգտակար լինել: Բայց ե՛ս չեմ հենց այդ անհրաժեշտ մարդը: Հարկավոր է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունների սահմանները»:

*Լուսանկարները՝ 100 LIVES-ի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: