«Փրկության քարտեզ»

«Փրկության քարտեզ»

«Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմում ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը քայլում է Հայոց ցեղասպանության հինգ հերոսուհի փրկիչների ուղիներով։ Սեփական անձը վտանգելով՝ այս մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայ որբերին ու գաղթականներին եւ փրկեցին հազարավոր կյանքեր։ Ներկայացնում ենք հինգ դրվագ այս լիամետրաժ վավերագրությունից։

1. Ալմա Յոհանսոն

Ալմա Յոհանսոնը Օսմանյան կայսրության Մուշ քաղաքում աշխատող շվեդ միսիոներուհի էր։ Նա տեսավ, թե ինչպես են տանջամահ անում կանանց ու երեխաներին, եւ այդ ոճրագործությունների մասին հաղորդեց գերմանական եւ ամերիկյան դիվանագետներին՝ հուսալով, որ Արեւմուտքը վերջ կդնի արյունահեղությանը։ Իբրեւ ականատես՝ Յոհանսոնը սեփական վկայությունները նկարագրում է հայերեն եւ ֆրանսերեն թարգմանված իր «Աքսորյալ ժողովուրդ. հայության կյանքի մեկ տարին» գրքում։


 

2. Մարիա Յակոբսեն

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին հազարավոր երեխաներ պարզապես «մամա» էին կանչում։ Մարիա Յակոբսենի՝ 1907-ից մինչեւ 1919թ. գրված 600 էջանոց օրագիրը, որը լի է նաեւ զգայացունց լուսանկարներով, հսկայական դեր է խաղացել Օսմանյան կայսրության մեջ կյանքի ու մահվան մասին ճշմարտությունը վերհանելու գործում։

 

3. Բոդիլ Բյորն

Հարուստ նավատիրոջ դուստր Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել էր արտոնյալ կյանքի համար։ Թուրքիայում հայերի կրած տառապանքների մասին գերմանացի եւ սկանդինավացի միսիոներների ելույթները լսելուց հետո նրա կյանքը կտրուկ փոխվում է: 1918թ. վերջին Բոդիլն արդեն փրկել էր հարյուրավոր հայ կանանց ու երեխաների։

 

4. Աննա Հեդվիգ Բյուլ

Հայոց ցեղասպանության տարիներին Աննա Հեդվիգ Բյուլն օգնել է փրկել հազարավոր հայ երեխաների։ 1911թ. մինչեւ 1916թ. էստոնացի միսիոներուհին իբրեւ ուսուցչուհի աշխատել է Կիլիկիայում, որտեղ էլ ականատես է դարձել ցեղասպանության սարսափներին։ Մարաշում, որը հետագայում կոչվել է «որբերի քաղաք», նրա ցուցաբերած քաջությունն ու անձնազոհությունը թույլ են տվել փրկել մի քանի հազար կանանց ու երեխաների կյանքը։
 

 

5. Քարեն Եփփե

Դանիացի Քարեն Եփփեն ուղղակիորեն եւ անուղղակիորեն ապահովել է հազարավոր հայերի գոյատեւումը, որոնք այլ կերպ պարզապես կկորչեին ցեղասպանության բովում։ Քչերը կգտնվեն աշխարհում, որ այդչափ նվիրումով տրվել են մարդասիրությանը՝ ինչպես Եփփեն։