Հրաժեշտ փառահեղ մարդուն

Հրաժեշտ փառահեղ մարդուն

2021 թ. ապրիլի 24-25-ը Հայաստանում անցկացվեցին մի շարք միջացառումներ՝ նվիրված Վարդան Գրեգորյանի կյանքին ու անցած ուղուն: Ապրիլի 15-ին կյանքից հեռացավ «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահ Վարդան Գրեգորյանը: Հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Մատենադարանում, Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցում եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ապրիլի 24-ին հատուկ միջոցառում տեղի ունեցավ Մատենադարանում, որին մասնակցում էին «Ավրորայի» համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը (որը Բոստոնից առցանց միացավ մասնակիցներին), «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նրանք ջերմ հիշողություններով անդրադարձան Վարդան Գրեգորյանի անցած ուղուն եւ նշանակալի առաքելությանը: Ավանդույթի համաձայն՝ միջոցառման ընթացքում հայտարարվեցին նաեւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները: 

Խոսելով օրվա խորհրդի կարեւորության մասին՝ Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց. «Այս օրը դարձել է խավարը լույսով հակադրելու օր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ այստեղ՝ Մաշտոցյան մատենադարանում, ամեն տարի հայտարարում ենք «Ավրորայի» հերոսներին, եւ այսօր այստեղ գտնվելու մի հավելյալ պատճառ եւս կա: Մեզնից հեռացել է «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, ու սա հարգանքի տուրք է նրա կյանքին ու անցած ուղուն: Անձամբ ինձ համար եւ շատերի համար Վարդան Գրեգորյանը եղել է օրինակ. համաշխարհային մակարդակի օրինակ՝ մշակույթին, գիտությանը, կրթությանն ու բարեգործությանն՝ իր նվիրվածությամբ»:

 

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որը տասնամյակներ շարունակ ճանաչում է Վարդան Գրեգորյանին, ակնհայտորեն հուզված էր, երբ խոսեց այն մասին, թե ինչ  նշանակություն ունի այս կորուստն իր համար. «Նա մի մարդ էր, որից ես շատ բան եմ սովորել: Նրա հետ ծանոթությունը ես համարում եմ իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը: Նա մեծ մենթոր էր, ուսուցիչ, մարդ, որին բոլորը սիրում էին եւ հարգում: Ես դեռ չեմ հանդիպել նրա նման մեկին: Վարդանի անունը, Վարդանի դերն Ամերիկայում եւ աշխարհում ամենուր հզոր ներկայություն էր եւ մեծ ուժ»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:  

«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը մեծ ափսոսանք հայտնեց, որ առաջին անգամ ապրիլի 24-ին չէր կարող ներկա գտնվել Հայաստանում, եւ կարեւորեց Վարդան Գրեգորյանի ոգին. «Վարդանը մեզ ուղեկցող լույս էր: Թե ինչն էր նրան դարձնում այդքան երեւելի եւ ազդեցիկ, պատասխանը պարզ է՝ հենց ինքն ու ամենն, ինչ նա ներկայացնում էր: Լինելով գիտական՝ ես պատրաստվում եմ մի փոքր չարաշահել մաթեմատիկայի կանոնները: Վարդանը պարզապես որոշ հատկանիշների հանրագումար չէր, այլ դրանցից ծնված մի ողջ ստեղծագործություն: Վերցրեք իմաստությունը, կարեկցանքը, հետաքրքրասիրությունը եւ նվիրվածությունը, բազմապատկեք դրանք ու կստանաք Վարդան Գրեգորյանին: Այս աշխարհում ես շատ մարդկանց հետ եմ գործ ունեցել, բայց չկա մեկը, որ կներկայացներ «արտասովոր» բառի նշանակության մի նոր մակարդակ, ինչպես Վարդանը: Եվ, ըստ էության, ինչպես սպորտում, ինչպես արվեստում, սերունդը մեկ անգամ, 100 տարին մեկ գալիս է մեկը եւ համեմատության նոր նշաձող սահմանում: Վարդանն այդ նշաձողն էր»: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին շարունակեց՝ ասելով. «Մենք եւ աշխարհը կորցրինք լեգենդի: Հայաստանն ու հայերն ամենուր կորցրին իրենց մեծագույն առաջնորդներից մեկին: Ես սա ասում եմ առանց երկմտելու: Ես իմ կյանքում հանդիպել եմ թե մեծագույն, թե բարի մարդկանց. Վարդանն ուրիշ էր: Թեեւ նա հեռացավ մեզնից, ես դեռ շարունակում եմ զգալ նրա շունչը, ու չեմ կարծում, թե նա երբեւէ կլքի մեզ: Նա մեծ գիտնական էր, մեծ բարերար, նա հոգատար էր ու բարի»: 

 

Վարդան Գրեգորյանն իր կյանքում երկու մեծ տարերք ուներ՝ գիտությունն ու բարեգործությունը: Ինչպես նկատեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այս երկու աշխարհներում էլ կկարոտեն նրան. «Վարդան Գրեգորյանը ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էր, նրա մահը մեզ համար մեծ կորուստ էր: Իմ կյանքի տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ առիթ է ընձեռվել հանդիպելու եւ զրուցելու Վարդան Գրեգորյանի հետ: Նրա գործունեությունը բազմաբնույթ էր: Վարդանն, ինչպես գիտենք, բազմակողմանի զարգացած մարդ էր, համալսարանական կրթությունն ստանալուց հետո աշխատել էր տարբեր համալսարաններում: Նա արեւելքի պատմության փայլուն մասնագետ էր: 

Հուզիչ էր հատկապես «Ավրորայի» գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի խոսքը. «Մենք գալիս ենք այս աշխարհ, բայց մենք չենք ընտրում ժամանակը: Եվ մենք, լավ, թե վատ, ապրում ենք այն ժամանակը, որը տրված է մեզ՝ լինելով քիչ, թե շատ սիրված: Բայց կան բացառիկ ընտրյալներ, որոնք անժամանակ են, նրանք հավերժության որդիներ են: Իմ կարծիքով՝ Վարդան Գրեգորյանն այդ հավերժության որդիներից էր: Մեր բոլորի բախտը բերել է, որ հնարավորություն ենք ունեցել նրա հետ ոչ միայն շփվելու, նրանից ոչ միայն սովորելու, այլ նույնիսկ համագործակցելու»:

Հաջոդ օրը՝ ապրիլի 25-ին, Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցում կիրակնօրյա պատարագ մատուցվեց, որին ներկա էին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին: Պատարագից հետո Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի: Բոլոր ներկաներն աղոթեցին նրա հոգու հանգստության համար: 

 

Նույն օրն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի հիշատակի երեկո կազմակերպեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Վարդան Գրեգորյանի կյանքին եւ ժառանգությանը նվիրված երեկոյին մասնակցում էր «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը ներկայացրեց Կոմիտասի, Օլա Ելոյի, Անդրեյ Բրուքների եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Վարդան Գրեգորյանի սիրած երգերից մեկը՝ Մարինե Ալեսի «Պատրանքի թեւով» ստեղծագործությունը:

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնեցին կազմակերպել հիշատակի միջոցառումներն ու իր երախտագիտությունը հայտնեց «Հովեր» պետական կամերային երգչախմբին՝ նրանց սրտառուչ կատարման համար. «Շատ դժվար է Վարդանի մասին խոսել անցյալ ժամանակով: Նա մտադիր էր Հայաստան տեղափոխվել եւ այստեղ խթանել կրթությունը: Մենք շատ ծրագրեր ունեինք: Սա մեծագույն կորուստ է աշխարհի եւ մեզ համար»: