Գործընկերներ

Գործընկերներ

«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues 2018 Բեռլինյան քննարկումները տեղի կունենան 2018 թ. դեկտեմբերի 11-12-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Միջոցառման կազմակերպիչներն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամը, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը, Ersnt&Young ընկերությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

«ԱՎՐՈՐԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը համընդհանուր մարդկայնությանը:

 «ԳԼՈԲԱԼ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունն աջակցում է Միացյալ ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակներին, որոնք միտված են 2030թ. աշխարհն ավելի արդար եւ ապահով դարձնելուն։

«Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը հավատացած է, որ պատասխանատվության ավելի բարձր մակարդակը հանգեցնում է ավելի մեծ թվով հնարավորությունների, իսկ վերջիններս ձեւավորում են ավելի լավ ապագա բոլորի համար։ Սա է պատճառը, որ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունն աջակցում եւ առաջ է մղում համաշխարհային կայուն եւ համակշռված զարգացման տրամաբանությունը՝ դրդելով Գերմանիային բազմապատկել միջազգային ասպարեզում իր պատասխանատվությունը համաշխարհային զարգացման գործընկերության ուղղությամբ։ Միավորելով քաղաքական, գործարար, լրատվական եւ քաղաքացիական դաշտի շահառուներին՝ նախաձեռնությունը քննարկում է համաշխարհային կայուն զարգացմանն ուղղված տարբեր մոտեցումները եւ շահագրգռում մարդկանց գործելու։

Ապագա ավելի արդար աշխարհի մասին համաշխարհային քննարկումներում «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունն իրեն տեսնում է ազգային հարթակի դերում։ Լինելով շահույթ չհետապնդող չեզոք հարթակ՝ նախաձեռնությունը ձեւավորում է նոր գաղափարներ, բարձրացնում իրազեկությունը համաշխարհային հասարակության հայեցակարգի հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ եւ ձեւավորում հանրային դիսկուրս Գերմանիայում։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն աջակցում է «Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումն Արեւելյան գործընկերության երկրներում եւ Ռուսաստանում» ծրագրին, որը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ այդ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս դառնալու կառավարության ծրագրերի ակտիվ դերակատար եւ գործընկեր, ինչպես նաեւ թույլ է տալիս աջակցել տարածաշրջանում ընթացող շարունակական փոփոխություններին։

«ՌՈԲԵՐՏ ԲՈՇ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը մասնավոր ընկերության հետ կապ ունեցող խոշորագույն հիմնադրամներից է Եվրոպայում։ Հիմնադրամի բարեգործական ջանքերը տարածվում են վաղ փուլերում սոցիալական հիմնախնդիրների վրա՝ օգնելով մշակել օրինակելի լուծումներ։ Այս նպատակով հիմնադրամը ծրագրում եւ իրագործում է սեփական նախագծեր։ Ավելին, այն օժանդակում է իրենից դուրս գործող այն նախաձեռնություններին, որոնք հետապնդում են համանման նպատակներ։ «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունն ակտիվ է առողջապահության, գիտության, հասարակության, կրթության եւ միջազգային հարաբերությունների ասպարեզներում, իսկ մոտ ժամանակներս իր գործունեությունն սկսելու է ուղղորդել դեպի երեք կիզակետային ոլորտներ՝ «Միգրացիա, ինտեգրացիա եւ ներառում», «Սոցիալական միաձուլում Գերմանիայում եւ Եւրոպայում» եւ «Կայուն զարգացող բնակելի տարածքներ»։ Հիմնադրված 1964թ.՝ «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունն արդեն իսկ 1.6 միլիարդ եվրո է ներդրել բարեգործական գործունեության մեջ։

«ՌՈԼԱՆԴ ԲԵՐԳԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Ռոլանդ Բերգեր» հիմնադրամն ստեղծվել է 2008թ., կառավարման հարցերով խորհրդատու, դոկտոր պրոֆեսոր Ռոլանդ Բերգերի կողմից։ «Մարդկային արժանապատվություն» մրցանակով հիմնադրամը մեծարանքի է արժանացնում մարդկային արժանապատվության բացառիկ ջատագովներին։ Հիմնադրամի կողմից տրամադրվող Գերմանական ազգային կրթաթոշակն աջակցում է անբարենպաստ ընտանիքներից ծագող տաղանդավոր երիտասարդներին։

ERSNT&YOUNG

Ernst&Young ընկերությունն աուդիտի, հարկերի, փոխանցումների եւ կառավարման ոլորտներում խորհրդատվության համաշխարհային առաջատարներից է։ Կուտակած փորձի, գիտելիքի եւ նվաճումների միջոցով ընկերությունը ձգտում է աշխարհով մեկ ամրապնդել տնտեսության եւ ֆինանսական շուկաների նկատմամբ վստահությունը։ Արդյունաբերական ոլորտները նոր արժեք եւ հնարավորություն են ստեղծում բիզնեսի համար, ուստի Ernst&Young ընկերությունը կազմակերպություններին օգնում է ճանաչել եւ օգուտ քաղել նորահայտ հնարավորություններից։ Ընկերության նպատակն է ստեղծել առաջընթաց՝ բարելավելով իրադրությունը մարդկանց, նրանց հաճախորդների եւ հանրության համար առհասարակ։ Սա է ընկերության «Կառուցելով ավելի լավ գործող աշխարհ» համաշխարհային կարգախոսի էությունը։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխարհով մեկ զբաղվում է երեխաների կյանքի փրկությամբ՝ պաշտպանելով նրանց իրավունքները եւ օգնելով կյանքի կոչել սեփական ներուժը մանկությունից մինչեւ չափահաս տարիք։  Կազմակերպությունը գործում է զարգացող երկրներում եւ հակամարտությունների գոտիներում, ինչպիսիք են Սիրիան, Եմենը կամ Հարավային Սուդանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գերմանական ազգային կոմիտեն հիմնադրվել է 1953թ. եւ համարվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարեւորագույն հիմնասյուներից մեկը երեխաների հետ տարվող գլոբալ աշխատանքում։