Նախաձեռնող գործընկերներ

Նախաձեռնող գործընկերներ

«Ազդեցության ապագան» խորագրով 2018թ. Aurora Dialogues-ը Մոսկվայում համատեղ կազմակերպում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, PHILIN-ը եւ ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն: Այն ութ տարվա հանձնառություն է (2015-2023թթ.)՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության ութ տարիների (1915-1923թթ.): Նախաձեռնությունն առաջ է շարժվում «Երախտագիտությունն՝ ի գործ» կարգախոսով՝ շարունակելով մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են մի քանի տասնյակ աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

PHILIN

PHILIN-ը (Philanthropy Infrastructure – Բարեգործական հարթակ) ռեսուրսների հարթակ է մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, դոնորների եւ բարերարների համար: Հարթակը հիմնադրվել է սոցիալական ներդրող եւ գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից եւ ներկայումս ծառայում է ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների, ովքեր պատրաստվում են միմյանց կապել շուրջ 100-ից ավելի նոր գործընկերների առաջիկա երեք տարիների ընթացքում: Հարթակի հիմնական մասնագիտացման ուղղություններն են զարգացման ցանկացած փուլում պատրաստի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքային լուծումները հասարակական կազմակերպությունների համար, դոնորների շահերի պաշտպանությունը, հոգաբարձուների, հիմնադիրների, պատվո դեսպանների եւ մասնագիտական հանրության համար հասարակական կազմակերպությունների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը, նրանց ռազմավարական խորհրդատվության տրամադրումը, համակարգային ռիսկերի կառավարումը՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիական խելացի ծառայությունների վրա:

ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոց

ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցը Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածքի առաջատար մասնավոր բիզնես դպրոցներից է: Այն հիմնադրվել է 2006թ. բիզնես համայնքի ներկայացուցիչների կողմից: Դպրոցի հիմնադիրները 8 ռուսական եւ միջազգային ընկերություններ եւ 11 անհատներ են, որոնցից յուրաքանչյուրը ռուսական բիզնեսում առաջատար է: ՍԿՈԼԿՈՎՈ Մոսկվայի կառավարման դպրոցն առաջարկում է ցանկացած տիպի եւ չափի բիզնես նախագծեր՝ ստարտափներից մինչեւ մեծ միջազգային կորպորացիաներ: