2025 թ․ «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես ավարտվեց մայիսի 8-ին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Այն շարունակում է լույս սփռել այն բացառիկ անհատների վրա, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ աշխարհի տարբեր անկյուններում բռնության, դաժանությունների եւ ճնշումների ենթարկվող մարդկանց կյանքը փրկելու համար։
Մեկնարկելով 2024 թ․ մայիսին Լոս Անջելեսում կայացած 2024 թ․ «Ավրորայի» միջոցառումներից հետո` առաջադրումների այս փուլը համաշխարհային աննախադեպ արձագանք գտավ՝ մարդասիրական կարիքների աճի եւ դոնոր կառավարությունների կողմից ֆինանսավորման նվազման համատեքստում։ Այսպիսով, ընդհանուր ստացվել է 868 հայտ՝ ներկայացնելով 800 եզակի թեկնածու, որոնք գործունեություն են ծավալում 120 երկրում եւ տարածքում:
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչ է անում մարդկանց ամբողջ աշխարհից արժանին մատուցել մերօրյա հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն եւ նվիրվածություն մարդկային տառապանքները մեղմելու գործին: Այս տարին հատկապես նշանակալից է, քանի որ լրանում է «Ավրորայի» գործունեության 10-ամյակը։ Տասը տարի շարունակ այն մեծարում է նրանց, ովքեր, անկախ դժվարություններից, պայքարում են այլոց համար։ Այս տարին նշանավորվում է մի շարք միջոցառումներով, որոնց թվում են վերջերս Լոս Անջելեսում կայացած Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, սեպտեմբերին Նյու Յորքում սպասվող 2025 թ․ «Ավրորայի» հերոսների հայտարարումը, իսկ նոյեմբերին արդեն Էլիս կղզում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:
««Ավրորա» մրցանակը կոչ է անում ստանձնել համընդհանուր պատասխանատվություն՝ բացելու դռներ, ստեղծելու հնարավորություններ եւ գործելու խիզախությամբ։ Այն հիշեցնում է մեզ, որ մարդ լինել չի նշանակում պարզապես գոյատեւել, այն արժանապատիվ կյանքի հնարավորություն է, երբ մենք միասնական ենք ընդդեմ անարդարությունների։ Եկեք միասին վառ պահենք հույսի փարոսը՝ սերմանելով կարեկցանք եւ արժանապատվություն»,- նշեց աշխարհում հայտնի գինեկոլոգ-վիրաբույժ, իրավապաշտպան, 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Դենիս Մուկվեգեն։
Առաջադրման բոլոր հայտերը մանրամասնորեն կհետազոտի «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են մարդասիրության ոլորտի հայտնի մասնագետներ։ Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, որը կազմված է մարդասիրության ոլորտում հայտնի համաշխարհային առաջնորդներից, Նոբելյան եւ Պուլիցերյան մրցանակների դափնեկիրներից, կընտրի 2025 թ․ «Ավրորայի» հերոսներին (մրցանակի հավակնորդներին), իսկ հետո նրանցից մեկը կդառնա 2025 թ․ դափնեկիր: 2025 թ․ առաջադրումների փուլն ավարտվելուց հետո պաշտոնապես սկսվել է «Ավրորա» մրցանակի հայտերի ընդունման հաջորդ փուլը։
«Այն, ինչ մենք տեսնում ենք այս մարդասերների դեպքում՝ պատերազմական գոտիներից մինչեւ փախստականների ճամբարներ, մոռացված գյուղերից մինչեւ մեծ քաղաքներ, ավելին է, քան հերոսությունը։ Այս մարդիկ պարզապես չեն խոսում փոփոխությունների մասին, նրանք հենց իրենք են այդ փոփոխությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ «Չոբանի» ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Համդի Ուլուկայան։ «Իսկ ամենագեղեցիկ այն է, որ սա միայն նրանց մասին չէ։ Սա վերաբերում է նրանց համայնքներին, մարդկանց, որոնց նրանք ծառայում են, եւ մեզ բոլորիս, ովքեր ականատես են լինում նրանց խիզախությանը։ Նրանց փառաբանելը հիշեցում է այն մասին, որ աշխարհում դեռ շատ հույս կա»։
2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի 2025 թ․ նոյեմբերի 6-ին Նյու Յորքում՝ մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Դափնեկիրը կստանա 300․000 ԱՄՆ դոլար պարգեւ՝ իր խիզախ եւ կարեւոր գործունեությունը շարունակելու համար։ Դրանից բացի, նա կստանա նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 600․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացնելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին կամ կազմակերպություններին։ Մրցանակին հավակնող «Ավրորայի» մյուս երկու հերոսները կստանան 50․000-ական ԱՄՆ դոլար դրամաշնորհ իրենց կատարած ազդեցիկ աշխատանքի համար։
Լուսանկարում՝ քույր Անժելիկը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, հեղինակ՝ ՄԱԿ ՓԳՀ. Ջոն Ուեսելս