Նասրին Սոթուդե` 2024թ. «Ավրորայի» հերոս

Նասրին Սոթուդե` 2024թ. «Ավրորայի» հերոս

Իրանցի փաստաբան եւ իրավապաշտպան Նասրին Սոթուդեն 20 տարի շարունակ իր երկրում պաշտպանում է ընդդիմադիր ակտիվիստների եւ քաղբանտարկյալների շահերը՝ հաճախ վտանգելով սեփական ազատությունն ու բարեկեցությունը: Նասրինի ընտանիքը եւս բարձր գին է վճարում նրա խիզախ գործունեության համար, իսկ փաստաբանն ինքը բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ հայտնվել մենախցում: 2018 թվականից սկսած` նրան առաջադրվել է ինը մեղադրանք, որոնց հիման վրա վերջինս դատապարտվել է ընդհանուր 38 տարի ազատազրկման եւ մտրակի 148 հարվածի։ Չնայած այդ ամենին՝ իր գործի նվիրյալ ու կարեկից այս խիզախ կինը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի ժողովրդի համար խաղաղություն եւ արդարություն հաստատելու առաքելությանն ու այդ ամենն օրենքի ուժով իրականացնելու սկզբունքին: