1994 թվականից ի վեր՝ «Ավրորա» համայնքի անդամ, բժիշկ Մուհամեդ Էլգազարը հակամարտության մի գոտուց մյուսն է գնում՝ փրկելու մարդկանց: Ծնվել է Եգիպտոսում, որպես ռազմական վիրաբույժ՝ իր առաքելությունն սկսել է 30 տարեկանից: Երբ Եմենում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Արաբական բժշկական օգնության գործակալությունը նրան ուղարկեց այնտեղ: Սա նրա առաջին գործուղումն էր: Դրանից հետո նա աշխատել է հակամարտության տարբեր գոտիներում՝ Սիերա Լիոնեից, Գվինեայից մինչեւ Սիրիա, Եգիպտոսից մինչեւ Հարավային Սուդան: Այսօր պրոֆեսոր Էլգազարն ապրում եւ աշխատում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
– Կարո՞ղ եք մեզ ներկայացնել ձեր ներկա աշխատանքը, դոկտոր Էլգազար:
Հիմա ես ապրում եմ Ստամբուլում՝ Թուրքիայում, դասախոսում եմ Եդիթեփեի համալսարանի բժշկության ֆակուլտետում: Այստեղ եմ եկել ՄԱԿ/ԱՀԿ առաքելությամբ՝ որպես պատերազմական վնասվածքների վիրաբուժության փորձագետ: Հետո համալսարանից աշխատանքի հրավեր ստացա: Այստեղ ես միայն սովորեցնում եմ․ վիրահատում եմ, երբ արձակուրդ եմ մեկնում իմ հայրենիք, որտեղ կլինիկա ունեմ:
– Լինել ռազմական վիրաբույժ, առաջին հերթին, նշանակում է մեկ ուրիշին փրկելու համար վտանգել սեփական կյանքը եւ ընտանիքը: Ինչո՞ւ դուք գնացիք այդ ռիսկին, եւ ի՞նչն է ձեզ ուժ տալիս՝ առաջ շարժվելու:
Նախ՝ ես սիրում եմ վիրաբուժությունը: Վիրահատելու իմ առաջին փորձը երեխա ժամանակ էր [ծիծաղում է]: Մանկուց սիրահարված եմ եղել բժշկությանը: Եվ ինձ խրախուսել են մտնել այս ոլորտ: Երբ ուսանող ես, սովորաբար, կարող ես ընտրություն կատարել մասնագիտությունների մեջ, բայց ես ընտրել եմ միայն վիրաբուժությունը, որովհետեւ բժշկության մեջ միայն վիրաբուժությունն եմ սիրում: Նույնիսկ մինչեւ օրդինատուրան ավարտելն ինձ հրավիրեցին Եմեն՝ առաքելություն իրականացնելու 1994 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ես անմիջապես շտապեցի այնտեղ: Թիմում ամենաերիտասարդը ես էի:
Առաջին անգամ էի գործ ունենում պատերազմական գործողությունների հետեւանքով առաջացած վնասվածքների հետ: Ամենից շատ ինձ ոգեւորեց այն, որ կարող էի փրկել մարդկանց: Սովորաբար պատերազմի դաշտում ստացած վերքերը կրիտիկական են, վիրավորներին բերում են շատ վատ վիճակում՝ մահվան շեմին, հենց այդ պահին է, որ կարող ես միջամտել եւ փրկել նրանց: Սա քաջալերեց ինձ՝ հատկապես որպես ռազմական վիրաբույժի: Օրդինատուրան ավարտելով՝ ես մեկնեցի իմ հաջորդ առաքելությանը Սիերա Լիոնե եւ Կոնակրի՝ Գվինեա, քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հետո հաջորդ առաքելությունն էր դեպի Հարավային Սուդան, ապա՝ Սիրիա, Հորդանան՝ աշխատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Արաբական բժշկական միության նման կազմակերպությունների հետ եւ այլն: Հիմա էլ ես պատրաստ եմ միանալու մարդասիրական ցանկացած կազմակերպության՝ որպես ռազմական վիրաբույժ:
– Այս երկար եւ ցավոտ ճանապարհին դուք շատ ընկերներ եք կորցրել, շատ տառապանք տեսել: Երբեւէ զղջացե՞լ եք այս ուղին ընտրելու համար:
Երբեք: Միակ որոշումը, որ կայացրել եմ՝ ընտանիքիս նորից ինձ հետ չտանել հակամարտության գոտի: Առաջին անգամ Արեւմտյան Աֆրիկայում ընտանիքիս հետ էի՝ շատ մոտ պատերազմական գործողություններին: Ինձ համար ցավոտ էր, քանի որ ընտանիքս՝ կինս ու որդիս, որն այդ ժամանակ մոտ չորս ամսական էր, տառապանքների միջով անցան: Սիերա Լիոնեում էր, ապստամբները մեզ վրա հարձակվեցին, եւ մենք երեք օր թփուտներում էինք՝ առանց փաստաթղթերի ու տրանսպորտի:
– Մարդասիրական բազմաթիվ ճգնաժամերի եք ականատես եղել: Ինչպե՞ս է աշխարհը փոխվել այն օրից, ինչ սկսել եք աշխատել:
Ցավոք, հակամարտությունները երբեք չեն ավարտվում: Մարդիկ կռվում են իրար դեմ, երկրներն են կռվում իրար դեմ, եւ հակամարտություններն անընդհատ են: Ըստ իս՝ մարդու իրավունքներն ու ցանկացած տեսակի իրավունքներն են երկրների միջեւ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու բանալին: Եթե լիներ մի կազմակերպություն, որ կարողանար հոգալ այս մասին... Բայց, ցավոք, այդպիսի որեւէ կազմակերպություն ես չեմ տեսնում հորիզոնում:
– «Ավրորան» աջակցում է մերօրյա հերոսներին՝ կարեւորելով համայնքներում նրանց կատարած կենսական աշխատանքը: Ի՞նչ է ձեզ համար նշանակում լինել այս համայնքի անդամ, ու ինչպե՞ս կարող են ուրիշները եւս օգնել ձեզ:
Համայնքում կամ աշխարհում որեւէ գործ չանելը եւ որեւէ դերակատարում չունենալն ինձ համար հավասարազոր է մահվան, կարծես՝ անպետք իր լինես: Ես հումանիտար աշխատանք եմ կատարում եւ դա իմ կյանքի կարեւոր մասն եմ համարում: Անդրադառնալով թիմային աշխատանքին՝ կարծում եմ, որ այն շատ կարեւոր է: Ես չեմ կարող իմ աշխատանքն անել մենակ: Ամեն մեկն իր փորձն ունի, որ կարող է փոխանցել, եւ մենք կարող ենք համագործակցել մեկս մյուսի հետ, կարող ենք աջակցել իրար: Ոլորտների եւ մասնագիտությունների բազմազանությունը, որ գոյություն ունի «Ավրորա» համայնքում, կարող է շատ օգտակար լինել: