Վիրաբույժ Մուհամեդ Էլգազար

Վիրաբույժ Մուհամեդ Էլգազար

Որպես ռազմական վիրաբույժ՝ Մուհամեդ Էլգազարը կյանքեր է փրկում 30 տարեկանից։ Ծնվել է Եգիպտոսի Գարբիա քաղաքում 1965-ին, եւ այսօր հազարավոր ապաքինված մարդիկ երախտապարտ են նրան՝ իրենց առողջության եւ բարեկեցության համար։ «Մի մարդու կյանք փրկելով՝ Աստծո աչքում ողջ մարդկությունն ես փրկում։ Ահա թե ինչ է Ղուրանն ուսուցանում մեզ,- ասում է Մուհամեդը,- բոլորն իրավունք ունեն ապրելու եւ օգնություն ստանալու՝ անկախ կրոնից, ազգությունից կամ մաշկի գույնից»։

Անդադար տեղափոխվելով հակամարտության մի գոտուց մյուսը՝ Մուհամեդն այլեւս չի պատկերացնում այլ ապրելակերպ։ 1994-ին Արաբական բժշկական օգնության գործակալությունը Մուհամեդին ուղարկեց Եմեն, երբ այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվեց։

                                             Մուհամեդ Էլգազարը Եմենում, 1994թ․

1996-ին նա որպես ռազմական վիրաբույժ աշխատում էր Սիերա Լեոնեի արեւմտաաֆրիկյան նահանգում՝ Մաքենի քաղաքի արաբական հիվանդանոցում։ Սա առաջինն էր բազմաթիվ փորձառություններից, որոնք Մուհամեդը հետագայում հիշելու էր որպես իր կյանքի վատագույններ։ Երբ 2013-ին գործընկերների հետ փորձում էր վիրավորներին Հալեպից տարհանել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող դաշտային հիվանդանոց, ինտենսիվ ռմբակոծության դաշտում հայտնվեցին. «Ռումբերն ընկնում էին ամենուրեք՝ մեր առջեւ, hետեւում․․․ շտապօգնության մեքենայի վարորդի ձեռքերը վախից դողում էին։ Չգիտեր՝ որ կողմ գնար»։ Բժշկական անձնակազմը հրաշքով ողջ մնաց, սակայն կրկնվող «գորգային» ռմբակոծության ընթացքում զոհվեցին Մուհամեդի երկու գործընկերներ՝ վարորդ ու բուժքույր։

Մուհամեդ Էլգազարը վիրահատություն է անում Հալեպի հարեւանությամբ գտնվող հիվանդանոցում, Սիրիա

Նույն տարվա ընթացքում Մուհամեդը զանգվածային սպանությունների ականատես դարձավ Եգիպտոսում։ 2013-ի հուլիսին նախագահ Մուհամեդ Մորսիի տապալումից որոշ ժամանակ անց շարունակական ընդհարումներ սկսվեցին Եգիպտոսի անվտանգության ուժերի եւ Մորսիի հետ սերտ կապեր ունեցող Մահմեդական եղբայրության աջակիցների միջեւ։ Հակամարտության կիզակետն օգոստոսի 14-ին Կահիրեի Ռաբաա ալ Ադաուիյա հրապարակի վայրենի սպանդն էր, որի ժամանակ զոհվեցին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։ Եգիպտոսի բժշկական միավորման եւ Արաբական բժշկական միության օգնության գործակալությունները Մուհամեդին եւ նրա ընկերոջը՝ Սիրիայում դաշտային հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Ահմադ Համադին, ուղարկել էին Եգիպտոսի Ռաբաա կլինիկա: «Իրականում մենք Եգիպտոսում էինք՝ Հալեպի կռիվներից վերականգնվելու համար։ Երբ փողոցներում օգնում էինք վիրավորներին, Ահմադի վրա կրակեցին։ Այդ ամառ կորցրի իմ լավ ընկերոջը,- ասում է Մուհամեդը,- կյանքիս ամենացավագին իրադարձություններից էր»։

         Մուհամեդը միացավ Հարավային Սուդանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը 

2015-ին Մուհամեդը միացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) եւ ուղեւորվեց Հարավային Սուդան՝ Ջուբա, հետո՝ դեպի Սիրիայի եւ Հորդանանի սահման։ Նրա վերջին աշխատավայրը Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում գտնվող ՄԱԿ/ԱՀԿ եվրոպական գրասենյակն էր, որտեղ նա ղեկավարում էր վիրաբուԺական եւ վնասվածքաբանության բաժանմունքները:

Ղութայի վրա քիմիական հարձակումից անմիջապես առաջ Մուհամեդը Թուրքիայում սիրիացի բժիշկների համար քիմիական զենքի պատճառած աղետի կառավարման դասընթաց էր անցկացնում

Առաջին վիրաբուժական փորձը

«Փոքրուց գիտեի, որ ունեմ ամեն անհրաժեշտը՝ ռազմական վիրաբույժ դառնալու։ Մանկությունս զգալիորեն ազդել է իմ ձեւավորման վրա,- բացատրում է Մուհամեդը,- մայրս հավեր էր պահում, եւ ճտերը հաճախ փախչում էին։ Մի օր տուն դառնալով՝ հատակին ընկած արնահոսող ճուտիկ տեսա։ Ինչ-որ մեկն այնքան ուժգին էր հարվածել նրա ստամոքսին, որ մաշկը պատռվել էր, իսկ աղիքները դուրս էին թափվել։ Հուզվելու աստիճան խղճացի փոքրիկին»,- հիշում է նա։ Մուհամեդը վերցրել է թել ու ասեղ եւ, զգուշորեն ճուտիկին պահելով, հետ դրել աղիքներն ու կարել վերքը։ Վիրահատությունից հետո ճուտիկը որոշ ժամանակ քայլել է սենյակում, հետո վայր ընկել։ «Այսօր իմ վիրաբուժական գիտելիքները թույլ են տալիս պնդել, որ այդ ձեւով նման բան անել չի կարելի, հենց թեկուզ վարակի ռիսկի պատճառով, բայց այն ժամանակ…»,- հիշում է Մուհամեդը։

Կյանք փրկելու առաջին անհաջող փորձից հետո Մուհամեդի կյանքում ավելի մեծ ողբերգություն եղավ․ ընդամենը երկու տարի անց աղիքային քաղցկեղից մահացավ մայրը։ Ողջ ընթացքում նա տեսնում էր, թե ինչպես է մայրը տառապում։ Այդ շրջանը Մուհամեդը հիշում է այնպես, ասես երեկ լիներ։ «Միշտ ցանկանում էր, որ բժիշկ դառնամ»,- ասում է նա։

 

Մուհամեդը դասընթաց է անցկացնում սահմանափակ միջոցներով աշխատող բժշկական անձնակազմերի համար

1989-ին Ալեքսանդրիայի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Մուհամեդը մի քանի տարի որպես վիրաբույժ-օրդինատոր աշխատեց իր հայրենի քաղաքում։ Վիրաբուժության ասպարեզում հետբուհական աստիճան ստանալուց եւ 30 տարեկանում ամուսնանալուց հետո նա որոշեց վիրաբուժությամբ զբաղվել Սիերա Լեոնեում, ուր տեղափոխվեց հղի կնոջ հետ։
 

Կորուստ կորստի հետեւից

Երբ նրանք ժամանեցին երկրի մայրաքաղաք Ֆրիթաունից մոտ 80 մղոն հյուսիս-արեւելք գտնվող Մաքենի քաղաքը, Մուհամեդի մոտ հայտնվեցին մալարիայի ախտանշաններ։ Դեղերը չէին օգնում, իսկ տենդն ուժգնանում էր։ «Զրուցեցի կնոջս հետ եւ բացատրեցի՝ ինչ անի, եթե ես մահանամ։ Խոստացա, սակայն, որ եթե հրաշքով բուժվեմ, մենք երկու ամսից հետ կդառնանք»,- հիշում է նա։ Թեեւ հավանականությունը փոքր էր, սակայն Մուհամեդն ապաքինվեց, բայց խոստացված երկու ամիսը դարձավ երկու տարի: Այս ընթացքում նա կորցրեց իր առաջնեկին. դուստրը մահացավ ծննդաբերության ժամանակ: «Հիվանդանոցում եւ մի քանի մղոն շառավղով ես միակ վիրաբույժն էի: Թե՛ մեր բնակության պայմանները, թե՛ հիվանդանոցի սարքավորումները ծայրահեղ թշվառ էին: Էլեկտրականություն օրական ընդամենը երկու ժամ էինք ունենում, երեխայի ծնունդն ստիպված էի ինքնուրույն ընդունել մոմի լույսի տակ՝ չնկատելով, որ պորտալարը փաթաթվել է պտղի շուրջը»:

 

Մուհամեդի՝ պարզունակ կենսապայմաններով տունը եւ հիվանդանոցը Մաքենիի ջունգլիների հարեւանությամբ

Մուհամեդը խորապես սգում է այս կորուստը. նա երկար լռում է, ապա շարունակում դողացող ձայնով. «Առաջին մի քանի ամիսը շատ դժվար էր մեզ համար, բայց շուտով կինս կրկին հղիացավ: Փորձում էինք շատ չմտածել այդ մասին»: Երկրորդ երեխան՝ Օմար անունով որդին, առողջ ծնվեց: Այժմ 18-ամյա Օմարը քոլեջում ատամնաբուժություն է սովորում:

Սակայն երբ նա ընդամենը 6 ամսական էր, մի դիպված եղավ, երբ ծնողները խիստ վախեցել էին երեխայի եւ իրենց սեփական կյանքի համար: «Մենք ապրում էինք ջունգլիների հարեւանությամբ՝ Մաքենիի կենտրոնից բավական հեռու, այնպես որ՝ նորությունները միշտ ուշացումով էին մեզ հասնում: Երբ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեկնում էր երկրից, զգուշացրեց ինձ, որ ապստամբները շարժվում են դեպի Մաքենի, եւ խորհուրդ տվեց հավաքվել ու հեռանալ»: Մուհամեդը փորձեց մնացած անձնակազմին նույնպես համոզել հեռանալ, սակայն, երբ նրանք մերժեցին, որոշեց միայնակ գնալ:

Հաջորդ օրը ճամպրուկները տեղավորեց իր մեքենայում եւ երեխայի ու կնոջ հետ պատրաստվեցին մեկնել. «Շարժիչը գործի դնելուն պես մոտ 500 ֆուտ հեռավորության վրա զինված տղամարդկանցով լի մեքենա տեսա. մեր կողմն էին շարժվում: Նրանք բղավեցին՝ կանգնե՛ք, կանգնե՛ք, եւ զենքերն ուղղեցին մեզ վրա»: Մեքենան կորցնելը ճակատագրական կարող էր լինել ընտանիքի համար, այդ պատճառով Մուհամեդը պայքարի մեջ մտավ ապստամբների առաջնորդի հետ:

«Ճանաչեցի նրա դեմքը, քանի որ երկու օր առաջ բուժել էի նրան եւ կնոջը: Բարկացած հարցրի, թե ինչպես կարող է այսպես վարվել ինձանից բուժում ստանալուց հետո: Նա ինչ-որ բան ասաց, որը ես չհասկացա, բայց ընկերների սպառնալից շարժումներն ավելի քան խոսուն էին: Ապստամբները խլեցին իմ մեքենան, իսկ ներսում նաեւ փաստաթղթերս էին»,- հիշում է Մուհամեդը:
 

(Ոչ) բարեկամական կրակոցներ

«Մոտ 90 րոպե անց նոր կրակոցներ լսեցինք: Ես այլեւս ոչինչ չունեի, այնպես որ՝ ապստամբների նպատակը հավանաբար բռնաբարությունը կամ սպանությունն էր: Որդուս եւ կնոջս թաքցրի մահճակալի տակ, փակեցի սենյակ տանող դուռը, վերցրի աֆրիկյան դանակը, որն օգտագործում էի ճյուղեր կտրելու համար, եւ կանգնեցի դռան առջեւ: Միայն իմ դիակի վրայով նրանք կմտնեն այս սենյակ: Որքան ապստամբները մոտենում էին, այնքան ավելի խլացնող էին դառնում կրակոցների ձայները: Կյանքիս ամենազարհուրելի ակնթարթներից էր»,- հիշում է Մուհամեդը:

«Դուռը կտրուկ բացվեց, եւ ես լսեցի, թե ինչպես է արաբ տղամարդը գոռում. «Մենք ենք, բժիշկ Մուհամեդ, մի՛ վախեցեք»: Զինյալներն ազգային բանակի զինվորներն էին, որ Մուհամեդի հետեւից ուղարկվել էին արաբական համայնքի առաջնորդ Ալի Հասանի կողմից: Նրանց հրամայված էր Մուհամեդին ուղեկցել Ալիի տուն, որը գտնվում էր մայրաքաղաքում: «Տեսել էին մեքենաս քաղաքում եւ հասկացել, որ վտանգի մեջ եմ»,- բացատրում է Մուհամեդը:

Ալիի տուն հասնելով՝ Մուհամեդը հասկացավ, որ այն շրջապատված է ապստամբների կողմից, որոնք պահանջում են 13 հազար դոլար եւ Ալիի մեքենան: «Ալի Հասանը, որը մեծապես հարգված  մարդ էր, հրաժարվեց ենթարկվել: Նրանք սկսեցին կրակել, եւ փամփուշտներից մեկը սուրաց ականջիս կողքով: Հետեւումս կանգնած տղամարդն ընկավ: Ես աղաչեցի Ալիին հանձնվել, ինչը եւ նա, ի վերջո, արեց: Փոխարենը՝ նրան հաջողվեց համոզել ապստամբներին հին բեռնատարներով ուղեկցել մեզ Գվինեայի սահման՝ Կոնակրիի մոտ: Ավելի քան 100 փախստականներ էին ապաստան գտել Ալիի տանը: Բեռնատարը նստելու ընթացքում մեր դեմ արցունքաբեր գազ կիրառեցին, բոլորի աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Ամենը, ինչ կարող էի անել, նրանց աչքերը լվանալն էր»,- պատմում է Մուհամեդը:

Ջունգլիների միջով ուղեւորությունը դեպի Կոնակրի տեւեց երկու օր: Սնունդն ու ջուրը քիչ էին, բացի այդ՝ նրանց հաճախ էին կանգնեցնում ապստամբները: «Մենք քիչ գումար ունեինք, սակայն մեր ունեցածով գնել էինք մեր ազատությունը: Ծարավը հագեցնելու եւ սովը մեղմելու համար ծառերից նարինջ էինք քաղում: Հենց այդ ժամանակ թփուտների մեջ գտանք երկու կնոջ, որոնց կողոպտել ու բռնաբարել էին: Տարանք նրանց մեզ հետ: Պարզվեց՝ Action Contre la Faim (Գործողություն՝ սովի դեմ) ֆրանսիական կազմակերպությունից էին»,- հիշում է Մուհամեդը:

              Արաբական համայնքի բնակիչները հին բեռնատարներով փախչում են Կոնակրի

1998-ի այս ցավալի դեպքերից հետո ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան՝ վերականգնվելու: Մուհամեդի կնոջ մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում էր: Ամիսներ անց Մուհամեդը վերադարձավ Սիերա Լեոնե, որտեղ նրա կարիքն ունեին: Այս անգամ գնաց առանց կնոջ:

                                             Մուհամեդը կնոջ եւ որդու հետ Մոսկվայում

Հետագա տարիներին Հարավային Սուդանում, Սիրիայում եւ Եգիպտոսում Մուհամեդը վիրահատեց հարյուրավոր վիրավոր ու հիվանդ մարդկանց: «Հաճախ եմ կանգնել մահվանը դեմ-հանդիման, բայց դեռ ողջ եմ: Բոլորն էլ ունեն մեռնելու իրենց ժամանակը, եւ ես կմեռնեմ, երբ կգա իմը»,- ասում է նա: