«Կարծում եմ՝ բոլոր մարդասերներն էլ փոքր-ինչ խենթ են, որովհետեւ եթե այդպիսին չլինես, չես կարող ռիսկի գնալ եւ անել այն, ինչ մենք ենք անում համայնքներում»,- ասաց 2021 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի հիմնադիր Ջուլիեն Լուսենգեն՝ «Մերօրյա հերոսներ. խիզախումի պատմություններ «Ավրորայի» հերոսներից» խորագրով քննարկման ժամանակ։
Այս քննարկումը տեղի ունեցավ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրական ֆորումի ընթացքում՝ ներկայացնելով խիզախումի եւ նվիրումի ոգեշնչող պատմություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Ֆորումն անցկացվեց «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո 2025 թ․ մայիսի 7-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ ջանքերով։
Ողջույնի խոսքում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան, պրոֆեսոր Մայքլ Ուոթերսթոունը, դիմելով մասնակիցներին, ընդգծեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի դերը՝ որպես իրավապաշտպան-առաջնորդներին համախմբող գլոբալ հարթակ։ «Սա է այն, ինչ մենք անում ենք Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։ Մենք միավորում ենք առաջատար մտածողներին եւ մարդու իրավունքների ոլորտում փոփոխություններ իրականացնողներին»,- նշեց դեկան Ուոթերսթոունը։ Այնուհետեւ նա ներկայացրեց Լոս Անջելեսի շրջանի ղեկավարների խորհրդի (5-րդ շրջան) նախագահ Քեթրին Բարգերին, որը խոսեց իրենց շրջանի դիմակայունության եւ համայնքի կողմից ղեկավարվող մարդասիրական արձագանքի կարեւորության մասին։ «Սա պարզապես խիզախության փառաբանում չէ։ Սա գործողության կոչ է, հիշեցում է, որ երբ աշխարհը երես է թեքում, ինչ-որ մեկը պետք է ընտրի առաջ շարժվելը»,- ասաց Քեթրին Բարգերը։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Africa In the World գաղափարների փառատոնի հիմնադիր եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն սկսեց քննարկումն ընդգծելով, որ անգամ մութ ու դժվարին ժամանակներում դահլիճում ներկա մարդիկ մարմնավորում են անկոտրում հույսն ավելի լավ ապագայի հանդեպ․ «Մեր հավաքն այստեղ ինքնին բոցավառում է այն խիզախությունը, որն անհրաժեշտ է այս ժամանակներին դիմակայելու համար։ Եվ ո՞ւմ արժե շնորհակալություն հայտնել իրենց ներկայությամբ, աշխատանքով ու կյանքով մեզ այս քաջությունը փոխանցելու համար, եթե ոչ այս բացառիկ բանախոսներին, որոնց համախմբել ենք այստեղ ձեզ համար։ Այս օրերին շատ դժվար է հույսի նշույլներ գտնել, բայց պետք է մնալ հույսով լեցուն»։
2016 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն խոսեց միջազգային ֆինանսավորման կործանարար կրճատումների եւ դրա ծանր հետեւանքների մասին այն մարդկանց համար, որոնք կախված են այդ աջակցությունից։ «Կան մանուկներ, տարեցներ, 29․000 երեխա, որոնք պետք է դպրոց հաճախեն, եւ ջուրը հասանելի լինի նրանց, մինչդեռ ընդունվում են որոշումներ՝ առանց որեւէ բացատրության։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ, որպեսզի ասեմ ձեզ՝ սա միայն աֆրիկացի ժողովրդի կամ մյուսների տառապանքը չէ։ Մենք բոլորս մեկ ընդհանուր ընտանիք ենք»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն։ «Երբ մարդիկ դադարում են մարդ լինել, դա ողջ մարդկության ամոթն է»։
2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային անդրադարձավ մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության ոլորտում իր երկարամյա գործունեությանը՝ կարեւորելով փորձի վրա հիմնված հստակ տեսլական ունենալու անհրաժեշտությունը։ «Այն կարծես էներգիայի հավերժ աղբյուր լինի, որը կայծ է տալիս եւ առաջ մղում, ուղղորդում եւ օգնում որոշումներ կայացնել։ Քանի որ դու տեղում ես, հստակ գիտես, թե ինչ է պետք այդ տարածաշրջանին կամ համայնքին»,- բացատրեց Միրզա Դինային։ «Երբեմն ցավալի է, որ դու մեկ կամ երկու տարի առաջ ես հասկանում որոշ բաներ, երբ մյուսները դեռ չեն էլ սկսել այդ մասին մտածել։ Դա մի տեսակ խելագարության է նման, երբ հասնում ես այդ կետին, բայց դա անհրաժեշտ է»։
2021 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի հիմնադիր Ջուլիեն Լուսենգեն պատմեց, թե ինչպես են իրեն շրջապատող մարդիկ աջակցում արդարության եւ կանանց իրավունքների պաշտպանության իր ջանքերին, երբ նա շարունակաբար հորդորում է կառավարություններին քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվող պատերազմը։ Նա նաեւ նշեց, թե ինչպես է այդ աջակցությունն օգնում իրեն դիմանալու, հատկապես երբ տարակուսանքի մեջ է։ «Ամեն օր բազմաթիվ կանայք են ինձ դիմում, որոնք խնդրում են օգնել, ինչ-որ բան անել՝ կանգնեցնելու պատերազմը։ Երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ են նրանք կարծում, որ ես կարող եմ կանգնեցնել այս պատերազմը։ Ու ես պատասխանում եմ՝ քույր իմ, ես ուժ չունեմ, չեմ կարող։ Բայց նրանք միշտ ասում են՝ ոչ, դու կարող ես ինչ-որ բան անել։ Եվ ուրիշ ոչ ոք չկա այն կանգնեցնելու համար»։
Հարցին, թե ինչ է նշանակում կտրված լինել ողջ կյանքիդ գործից, «Ավրորայի» մերօրյա հերոս, իրավապաշտպան, բժիշկ, Աֆղանստանի նախկին փոխնախագահ ու կանանց գործերի նախարար Սիմա Սամարն ընդգծեց, որ ցանկացած տեղ մարդու իրավունքների խախտումները որպես նորմա ունենալը ողբերգություն է ողջ մարդկության համար, քանի որ այն կասկածի տակ է դնում մեր գոյության իմաստը։ «Ինձ համար անարդարությունն Աֆղանստանում անարդարություն է ամենուր։ Մարդասիրական ճգնաժամն Աֆղանստանում շարունակում է մնալ անտեսված՝ չնայած գրեթե բոլոր երկրների ներգրավվածությանը։ 20 տարվա պայքարից եւ երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու ջանքերից հետո մենք բոլորս ձախողեցինք»,- նշեց բժիշկ Սամարը։ «Մենք պետք է խթանենք հաշվետվողականություն եւ խուսափենք վրեժից, քանի որ վրեժը միայն ավելի մեծ խնդիրներ եւ ատելություն է ծնում։ Փոխարենը պետք է պայքարենք հանուն արդարության՝ ոչ թե բռնությամբ, այլ դիմադրելով անարդարությանը»։