«Իմ աշխատանքը միշտ եղել է քաոսի մեջ։ Այն երբեք դյուրին չի եղել։ Երբեք ֆինանսապես կայուն չի եղել։ Եվ միակ բանը, որ ինձ օգնել է առաջ շարժվել, իմ համայնքն է»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն։
Այս մասին նա խոսեց «Լոկալ գործողություններ՝ գլոբալ ազդեցություն» խորագրով քննարկմանը՝ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումին։ Ֆորումը տեղի ունեցավ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում մայիսի 7-ին՝ «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո։ Այն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի համատեղ ջանքերով։
Քննարկումը բացեց «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սուիթսերը՝ ներկայացնելով Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ղեկավար Հուլիո Ֆրենկին։ Վերջինս ողջունեց ֆորումի մասնակիցներին եւ բանախոսներին՝ ընդգծելով, թե այս գլոբալ անկայունության պայմաններում որքան մեծ խիզախություն է անհրաժեշտ մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար։ Նա նաեւ կարեւորեց համալսարանների դերը՝ որպես կապը, բազմազանությունը, երկխոսությունը եւ սկզբունքային առաջնորդությունը խթանող հարթակ՝ աճող բեւեռացման դեմ։
«Դուք կապում եք իրավագիտությունը, հանրային առողջապահությունը, պետական գործերը, հումանիտար գիտությունները, ճարտարագիտությունը եւ շատ այլ ոլորտներ։ Դուք գլոբալ տեսանկյունից եք մոտենում տեղական խնդիրներին՝ հիշեցնելով մեզ, որ ամեն ինչ միաժամանակ ե՛ւ լոկալ է, ե՛ւ գլոբալ», - ասաց Հուլիո Ֆրենկը։
Քննարկումը, որը վարում էր «Լոս Անջելես Թայմս» պաբերականի հոդվածագիր Սքոթ Քրաֆթը, ընդգծեց տեղում աշխատող անհատների եւ կազմակերպությունների կարեւոր դերը՝ որպես փոխակերպող ազդեցությունը խթանող ուժ։ Քրաֆթը նշեց․ «Մեր երեք բանախոսներն այսօր ներկայացնում են աշխարհի տարբեր անկյունները, բայց նրանք ունեն մեկ ընդհանուր գերուժ՝ մեծ գաղափարներն իրական, կայուն փոփոխությունների վերածելու կարողություն։ Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է առողջպահական հավասարությանը, խաղաղության համար պայքարին, թե հանուն սոցիալական արդարության համագործակցությունների ձեւավորմանը, նրանք ունեն ամենադժվար փորձությունները հաղթահարելու թե՛ տեսլականը, թե՛ հաստատակամությունը»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնն ընդգծեց համայնքային առաջնորդության եւ կայուն զարգացման կարեւորությունը․ «Մեզ համար չափազանց կարեւոր է, որ համայնքը մշտապես լինի կենտրոնում, եւ որ մենք մշտապես աշխատենք այնպես, որ մի օր այլեւս մեր կարիքը չլինի, որպեսզի հետո տեղական պետական գործընկերները, համայնքային գործընկեր կառույցները կամ մասնավոր հատվածի տեղական գործընկերները կարողանան ստանձնել այդ աշխատանքը»,- ասաց Չելսի Քլինթոնը։
Խոսելով մարդասիրության ոլորտի ֆինանսավորման ներկա վիճակի մասին՝ Քոնրադ Ն. Հիլթոն հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Լոհարնը նշեց, որ ֆինանսավորման կրճատումները կործանարար ազդեցություն են ունենում աշխարհի աղքատ եւ խոցելի համայնքների վրա։ Նա ընդգծեց, որ տեղական համայնքի զարգացմանն աջակցելը պետք է դիտարկել որպես կայուն փոփոխությունների հիմնական շարժիչ ուժ։
«Կարեւոր են տնտեսությունները, համայնքները եւ պետական մարմինները, որոնք աշխարհում մարդկանց բարեկեցության ապահովման հիմնական դերակատարներն են», — պարզաբանեց պարոն Լոհարնը։ «Համայնքների հզորացումն օգնում է այդ գործին եւ շարունակելու է ուղիներ որոնել՝ դրան նպաստելու համար։ Որպես հիմնադրամ՝ մեր հանձնառությունը միշտ եղել է տեղական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այլ շահառուներին օգնելը, որովհետեւ հենց նրանք են, որ տեղում երկարաժամկետ կաշխատեն»։
Այս քննարկման հիմնական ուղերձներից մեկն այն էր, թե որքան կարեւոր են տեղական առաջնորդներին աջակցելուն ուղղված ներդրումները, ազնիվ պայքարը ապատեղեկատվության դեմ եւ երկարատեւ համագործակցության ձեւավորումը՝ վստահության եւ համերաշխության հիմքով։ Բանախոսները բացահայտ զայրույթ արտահայտեցին մարդկությանը շարունակ սպառնացող մարտահրավերների վերաբերյալ՝ հստակ ընդգծելով, որ քննարկումը դեռ հեռու է ավարտված լինելուց, եւ որ հրատապ ու անհրաժեշտ են շարունակական երկխոսություններն ու գործնական քայլերը։