Մենք խորապես ցավում ենք բացառիկ մարդասերներ, «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի եւ «Ավրորա» համայնքի անդամ Գաբրիել Սթորինգի ու նրա կնոջ՝ Քեթի-Ջեյ Սքոթի անժամանակ կորստով: Նրանք միասին ղեկավարում էին iACT հասարակական կազմակերպությունը, որն աշխատում է պատերազմի սարսափներով անցած համայնքներում, այդ թվում՝ նաեւ Արցախի: Ի հիշատակ Գաբրիելի եւ Քեթի-Ջեյի՝ մենք հանձնառու ենք աջակցելու նրանց առաքելությանը տարածաշրջանում եւս մեկ շրջափուլ` օգնելով «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) կազմակերպությանը, որպեսզի վերջիններս, համագործակցելով iACT փախստականների միացյալ ֆուտբոլային ակադեմիայի հետ, հիմնեն GOALS ակադեմիաներ:
Գաբրիել Սթորինգն «Ավրորա» համայնքի անդամ էր եւ iACT կազմակերպության հիմնադիրն ու ռազմավարության գծով տնօրենը: Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը, օգտագործելով նորարարական մտածողությունը, զարգացնում է համագործակցային հարաբերությունները՝ փախստականների ճամբարներում համատեղ ջանքերով ընդօրինակելի եւ ծախսարդյունավետ ծրագրեր ստեղծելու համար: Այսօր այն օգտագործում է սեփական փորձառությունը նաեւ 2020 թ. պատերազմից տուժած արցախցիներին օգնելու համար: Մենք զրուցել ենք պարոն Սթորինգի հետ՝ մարդասիրական օգնության վերաբերյալ iACT-ի մոտեցման մասին, որը ներառում է սերտ աշխատանք համայնքների հետ՝ օգնելու փախստականներին պահպանելու իրենց արժանապատվությունը:
– Ձեր կազմակերպությունը տպավորիչ արդյունքների է հասել: Որո՞նք են ձեր աշխատանքի հիմնական սկզբունքները:
Մեծ հաշվով, iACT-ի առաքելությունն է ոգեշնչել եւ աշխարհին դրդել ավելի գիտակցված մարդասիրական աշխատանքի, երբ ընդունում են հակամարտությունից տուժած մարդկանց արժանապատվությունը, մարդկային արժեքները եւ ինքնուրույնությունը, հաստատում դրանք եւ աջակցում: Մենք աշխատում ենք համայնքներում, որոնք անցել են պատերազմի սարսափներով՝ մարդիկ, որոնք բռնի տեղահանվել են եւ փախել Չադ-Սուդան սահման, Կամերուն, Տանզանիա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն եւ Հունաստան: Ներկա փուլում մենք աշխատում ենք Հայաստանում Արցախյան պատերազմից տուժած համայնքների հետ: Մենք աջակցում ենք ծրագրերի, որոնք ուղղված են կրթությանը, սպորտին, առաջնորդության զարգացմանը եւ մարդու իրավունքներին:
Եթե ավելի նեղացնենք պատկերը, մենք հավատում ենք, որ աշխատանքը պետք է շատ անձնական լինի: Մենք գործ ունենք կոնկրետ համայնքի մարդկանց հետ: Մենք քայլում ենք նրանց հետ կողք կողքի, լսում նրանց: Մեր ծրագրերը գալիս են՝ որպես շրջանակ, որը հետո տվյալ համայնքի մարդիկ իրենք են լցնում՝ այդպիսով այդ ծրագրերում արտացոլելով իրենց մշակույթը եւ արժեքները: Դրանք դառնում են իրենց ծրագրերը, ոչ թե մերը:
– Դուք անձամբ երկու տասնամյակ մարդասիրության ոլորտում եք գործունեություն ծավալում: Ի՞նչ փոփոխություններ եւ միտումներ եք նկատում Դուք հիմա՝ համեմատելով այն շրջանի հետ, երբ նոր էիք սկսում:
Առաջին ողբերգական միտումն այն է, որ հիմա բռնի տեղահանվող մարդկանց թիվն անասելի շատ է, քան այն ժամանակ, երբ նոր էի ոտք դնում մարդասիրության ոլորտ, եւ որ այդ թիվը շարունակում է տագնապալիորեն աճել: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ «Պատերազմներից, բռնությունից, հետապնդումներից եւ մարդու իրավունքների ոտնահարումից փախչող մարդկանց թիվն անցած տարի աճել է՝ հասնելով մոտ 82.4 միլիոնի»:
ՄԱԿ-ը եւ ավանդական հասարակական կազմակերպությունները հերոսական աշխատանք են կատարում՝ հասնելով առավել կարիքավորներին եւ նրանց ապահովելով հիմնական, կենսապահպան օժանդակություն եւ ծառայություններ: Իհարկե, դա երբեք բավարար չէ, իսկ ծառայությունները, որպես կանոն, նույնն են եւ անդեմ: Քսան տարի առաջ եւ մինչեւ այդ տասնամյակներ շարունակ փախստականների մեծ մասը հայտնվել են ճամբարներում, որոնք այնպիսի տեսք ունեին, ինչպես կպատկերացներ միջին վիճակագրական անձը՝ վրանների երկար շարքեր, սնունդ ստանալու երկար հերթեր եւ տեղում աշխատող միջազգային կազմակերպություններ: Շատ տեղեր աշխարհում պատկերը դեռ նույնն է: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում տեղաշարժ կա տեղահանվածներին հյուրընկալող համայնքներ ավելի նպատակաուղղված ինտեգրելու եւ տեղական ծառայությունների հասանելիություն ապահովելու ուղղությամբ, որոնց օժանդակում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ վերջինիս գործընկեր կազմակերպությունները:
Հիմնական խնդիրներից մեկը, որը մնացել է նույնը, այն է, որ մարդասիրական տիրույթում մարդիկ ամբողջությամբ տեսանելի չեն: Նրանք հիմնականում ընդգրկված չեն որոշումներ կայացնելու գործընթացում, որոնք հենց իրենց կամ իրենց համայնքի կյանքին են վերաբերում: Այդպիսով, բռնության ենթարկվելուց եւ տունը կորցնելուց հետո վտանգի տակ են հայտնվում նաեւ նրանց արժանապատվությունը եւ ինքնուրույնությունը: Բայց կան ոլորտներ, որտեղ իրավիճակն սկսում է բարելավվել: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ այլ ֆինանսավորողների ու իրագործողների նման ոչ ավանդական դերակատարների ի հայտ գալով՝ նոր էներգիա եւ ստեղծարար մոտեցում է առաջ գալիս: Սա թույլ է տալիս փնտրել եւ իրականացնել նոր գաղափարներ ու մոտեցումներ:
– Շատ մարդիկ իրենց ճնշված են զգում համաշխարհային մարտահրավերների պատճառով ու, թեեւ չցանկանալով, ընտրում են ոչինչ չանելը, քանի որ չեն հավատում, թե կարող են որեւէ բան փոխել: Ի՞նչ կասեիք նրանց՝ ոգեշնչելու եւ ոտքի ելնելու համար:
Մարդկային բնույթն է այդպիսին՝ ճնշվածություն զգալ, երբ բախվում ես մարդկային լայնամասշտաբ տառապանքների: Էվոլյուցիան մեզ չի նախապատրաստել դրան: Մենք մեր բնույթով այնպիսին ենք, որ հոգ ենք տանում մեր կողքին գտնվող մարդկանց մասին, որոնց հետ անձնական կապվածություն ենք զգում:
Ես ունեցել եմ այդ ճնշվածության զգացումը, սառել եմ ու ոչինչ չեմ արել: Երբ ես որոշեցի քայլ անել եւ մասնակից դառնալ, դա այն ժամանակ էր, երբ լսեցի 2004 թ. Դարֆուրում իրագործվող ցեղասպանության մասին. որոշեցի այն դարձնել անձնական: Զոհվածների եւ տեղահանվածների թիվը զարհուրելի էր, ու ես որոշեցի թվերը ցույց տալ դեմքերով եւ անձնական բնույթ հաղորդել: Պարտադիր չէ, որ բոլորը թողնեն իրենց գործերն ու այցելեն փախստականների ճամբարներ: Գտեք մի գործ, որը սրտամոտ է ձեզ, դարձրեք այն անձնական եւ ձեր ներդրումն արեք նույնիսկ ամենապարզ եղանակներով: Թույլ տվեք ձեզ հուզվել եւ կատարել այդ առաջին քայլը: Հաջորդը, հավանաբար, ինքնաբերաբար կհետեւի դրան:
– «Ավրորան» աջակցում է Ձեր նման մերօրյա հերոսներին՝ կարեւորելով համայնքներում նրանց կատարած կենսական աշխատանքը: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել այս համայնքի անդամ, ու ինչպե՞ս կարող են ուրիշները եւս օգնել Ձեզ:
«Ավրորա» համայնքի անդամ լինելն ինձ, առաջին հերթին, անգնահատելի հնարավորություն է տալիս սովորելու ուրիշների աշխատանքից եւ իմաստությունից: «Ավրորան» նաեւ բարձրացնում եւ ուշադրություն է հրավիրում իրավապաշտպանների եւ այլ դերակատարների աշխատանքին աշխարհով մեկ, որն այլ կերպ կարող էր աննկատ մնալ: Այս համայնքի անդամ լինելով զգացված եմ եւ ոգեշնչված։
Յուրաքանչյուր ոք ցանկացած տեղ կարող է աջակցել մեր աշխատանքին: Արե՛ք այդ առաջին քայլը: Մի փոքր ուսումնասիրեք հակամարտությունից տուժած համայնքն ու մարդկանց: Եթե դա հուզեց ձեզ, թույլ տվեք, որ այն դառնա անձնական հարց եւ գործ: Մեր գործունեության եւ մարդկանց մասին, որոնց հետ աշխատում ենք, կարող եք իմանալ http://iact.ngo կայքից: Ինչպես նշեցի, ներկայումս Հայաստանում ենք՝ մոտ Արցախի սահմանին, աշխատում ենք տեղացի հերոսների հետ՝ ամոքելու եւ ուրախություն պարգեւելու պատերազմից տուժած երեխաներին: