Մոռացված մարդիկ. խղճի այց դեպի Դարֆուր

Մոռացված մարդիկ. խղճի այց դեպի Դարֆուր

XX դարը մարդկայնության դեմ գործած ամենասոսկալի հանցագործությունների ականատեսն է. մի քանի ժողովուրդներ դարձան ցեղասպանության զոհ, եւ միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին իրենց բնակության վայրերից։ Նոր դարի գալուստը, այս առումով, քիչ հույս բերեց։ Սակայն նույնիսկ ամենածանր իրավիճակներում միշտ կան հույսի եւ լույսի նշույլներ, որ ստեղծում են այն մարդիկ, որոնք անձնվիրաբար տրվում են ուրիշներին օգնելու գործին՝ վտանգի տակ դնելով անգամ սեփական կյանքը։

Այդպես վարվեց նաեւ ԱՄՆ քաղաքացի Գաբրիել Սթորինգը, որը որոշեց թողնել Կալիֆորնիայի իր հարմարավետ տունն ու գնալ Դարֆուրի փախստականների ճամբարներ՝ օգնելու վերականգնել խաղաղությունն ու արդարությունը։ Սուդանի Դարֆուր նահանգում զինված բախումներն սկսվել են 2003 թվականին, երբ Սուդանի Ազատագրական Շարժումը եւ Արդարություն ու Հավասարություն Շարժումն ընդվզեցին Սուդանի կառավարության դեմ՝ մեղադրելով վերջինիս Դարֆուրի ոչ արաբ բնակչության դեմ իրականացվող խտրականության մեջ։ Ի պատասխան՝ երկրի կառավարությունն էթնիկ զտումներ սանձազերծեց Դարֆուրի ոչ արաբ ազգաբնակչության նկատմամբ։ Ըստ ՄԱԿ-ի գնահատականների՝ հակամարտությունը խլել է 450.000 մարդու կյանք եւ դարձել գրեթե երեք միլիոն մարդու տեղահանության պատճառ։ Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին մեղադրանք է ներկայացրել ցեղասպանության եւ մարդկայնության դեմ գործված հանցագործությունների համար։ Հակամարտությունը դեռեւս շարունակվում է։

Գաբրիել Սթորինգը հիմնել է iACT շահույթ չհետապնդող կազմակերպությունը (գրասենյակը՝ Լոս-Անջելեսում), որը մշակում է համագործակցային փոխհարաբերություններ եւ նորարար լուծումներ է առաջարկում փախստականների ճամբարներում վերարտադրելի եւ քիչ ծախսատար ծրագրեր ստեղծելու համար։ 2005թ.-ից, iACT-ը նախաձեռնել եւ կյանքի է կոչել կրթական, սպորտային եւ մարդու իրավունքների պաշտպանության զանազան ծրագրեր, որոնք իրագործվել եւ իրագործվում են փախստականների անմիջական մասնակցությամբ եւ միտված են բարձրացնելու Չադի արեւելյան շրջաններում հանգրվանած դարֆուրցի գաղթականների դիմադրունակությունն ու նպաստելու նրանց վերականգնմանը։

                             Գաբրիել Սթորինգը Դարֆուրի փախստականների ճամբարում

Մենք հիմնախնդրի մի մասն ենք

Համաշխարհային լրատվամիջոցների՝ 2004-ին Ռուանդայում իրագործված ցեղասպանության լայնածավալ լուսաբանումը լուրջ ազդեցություն ունեցավ Գաբրիելի վրա։ Միեւնույն ժամանակ նա իմացավ Դարֆուրում ստեղծած իրադրության մասին եւ եկավ այն եզրահանգման, որ հիմնախնդրի մի կարեւոր մասն էլ մարդու անգործությունն է։

«Դարֆուրի ճգնաժամում իմ ներգրավվելու որոշիչ խթաններից մեկը հենց մեղքի զգացումն էր։ Ես հասկացա, որ արդարացում չունեմ՝ գործել է հարկավոր։ Բայց դեռ չգիտեի՝ ինչպես. սկսեցի ինչքան եւ ինչպես կարող էի՝ տեղեկություններ հավաքել ու կապ հաստատել այն մարդկանց հետ, որոնք նույնն էին զգում։ Ես որոշեցի, որ պիտի այս ամենն ազդեցիկ դարձնելու ձեւ գտնեմ, դեմք հաղորդեմ թվերին, այնպես որ ուղեւորվեցինք Չադի եւ Սուդանի սահմանին գտնվող փախստականների ճամբարներ, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ստանա տեսնելու եւ լսելու իրական մարդկանց՝ Դարֆուրի զոհերին ու վերապրողներին»,– ասում է Գաբրիելը։

Այս ուղեւորությունը, որը ենթադրաբար պիտի լիներ առաջինն ու վերջինը,  փոխեց Գաբրիելի կյանքը։ Վերհիշելով իր տպավորությունները՝ նա ասում է. «Երբ ես ոտք դրեցի փախստականների ճամբարներից մեկը, որում ապաստանել էր մոտ 20.000 մարդ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ինձ հանգիստ չտվեց այն միտքը, որ այստեղ բոլորը վերապրել են այնպիսի վայրագություններ, որոնք ես պատկերացնել անգամ չեմ ուզենա։ Անապատի կենտրոնում վրանների մի ծով էր։ Միեւնույն ժամանակ իմ դիմաց մարդիկ էին, որ ողջ էին, ունեին նոր ապագայի հույսեր ու երազանքներ։ Նրանք երբեք չէին պատկերացնի, որ Դարֆուրից արտաքսվելուց մի տասնամյակ անց էլ նրանք դեռ ապրելիս են լինելու փախստականների ճամբարներում՝ ավելի անտեսված ու մոռացված, քան երբեւէ»։

                                      Երեխաներ՝ Դարֆուրի փախստականների ճամբարում

Մահից մեկ ոտնաչափ հեռու

Քանի որ ճամբարները հեռավոր շրջաններում են գտնվում, օգնության գործնական եղանակ գտնելը չափազանց դժվար մարտահրավեր է՝ բազմաթիվ ռիսկերով։ Տարիների ընթացքում Գաբիելը լրջագույն վտանգների է հանդիպել՝ նույնիսկ նրա կյանքն է սպառնալիքի տակ եղել։ «Տարածաշրջանը շատ բազմազան է։ Փախստականների ճամբարներ իմ այցելություններն սկսելիս Չադում շատ անկայուն վիճակ էր, եւ ապստամբները կանոնավոր հարձակումներ էին գործում ամբողջ երկրի տարածքով։ Մարդասիրական աշխատողները հաճախ էին բռնության զոհ դառնում։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ քիչ էր մնում ինքներս հայտնվեինք նման իրավիճակում։ 2008-ը հատկապես վտանգավոր էր. ապստամբության ընթացքում մենք ընկել էինք անելանելի դրության մեջ։ Քաղաքն ամբողջությամբ գրավված էր, մեր հյուրանոցը հարձակման թիրախ էր դարձել, եւ այդ ընթացքում արձակված մի փամփուշտ անցավ գործընկերներիցս մեկի՝ Քեթի Ջեյի (ներկայում՝ իմ կնոջ) երեսից մեկ ոտնաչափ հեռավորության վրա. մենք պառկած էի գետնին»,– հիշում է Գաբրիելը։

Թեպետ հարձակումները տեղի են ունեցել անցյալում, այժմ էլ բարդ իրադրություն է։ «Ցավոք, բռնություններից 13 տարի է անցել, իսկ Դարֆուրում իրադրությունը չի բարելավվել, եւ բռնությունների ալիքը տեղի մի շարք շրջաններում ավելի է սաստկանում։ Մոտ երեք միլիոն տեղահանված կա, իսկ Չադում՝ սահմանից այն կողմ, ապաստանել է 380.000 փախստական։ Ավելին՝ միլիոնավոր մարդկանց կարիքների հոգալուն ուղղված միջոցները գնալով նվազում են, իսկ այդ մարդիկ գոյության տարրական միջոցներն ապահովելու խնդիր ունեն, էլ չասած՝ կրթության ու մնացյալ ծրագրերը, որոնք հույս պիտի ներշնչեին ապագայի հանդեպ։ Մեր այցելած ճամբարներում սննդի օրական չափաբաժինը կրճատվել է 60 տոկոսով»,– ցավով նշում է Գաբրիելը։
 

Կարեւոր փոքր ալիքներ

Գաբրիել Սթորինգի հիմնած iACT-ը զբաղվում է երկու հիմնական ծրագրով. մեկը «Փոքր ալիքներն» է, որը կենտրոնանում է փախստական երեխաների զարգացման վրա՝ ճամբարների փախստական կանանց կրթելով ու աշխատանք տրամադրելով իբրեւ նախադպրոցական տարիքի երեխաների տնային ուսուցման մասնագետների, իսկ մյուսը՝ փախստականների «Դարֆուր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն է՝ երեխաների եւ պատանիների ֆուտբոլային ակադեմիան։ Ակումբն ապահով վայր է խաղալու, շարժվելու եւ կազդուրվելու համար։ Այն ղեկավարում են տղամարդիկ ու կանայք, եւ սովորեցնում ֆուտբոլ, խաղաղաշինության եւ առողջապահական հմտություններ։

                               Դարֆուրի փախստական երեխաներից մեկի նկարածը

Ամեն ինչ սկսվեց, երբ Դարֆուր կատարած իր առաջին այցի ընթացքում Գաբրիելը ֆուտբոլի գնդակ հանեց ու սկսեց խաղալ փախստականների հետ։ Այդ պահին նա ականատեսը դարձավ կտրուկ մի փոփոխության. դիմացն այլեւս փաստականներ ու զոհեր չէին՝ իր հետ խաղում էին ֆուտբոլիստներ։ Այդպես էր, որ նա ըմբռնեց դիմադրողականության ու կենսունակության զարգացման գործում սպորտի ունեցած դերի ամբողջ կարեւորությունը։ «Սպորտը կրթության լավագույն գործիքն է, երեխաների ու մեծահասակների համար տրավմայից վերականգնվելու հիմնական ձեւերից մեկը։ Սպորտը մենք օգտագործում ենք ուշադրություն, առաջնորդություն, թիմային աշխատանք, ֆիզիկական եւ հոգեւոր առողջություն ուսուցանելու համար։ Երեխաներին անչափ դուր է գալիս։ Այցելում են, խաղում են, սովորում եւ այդ հմտություններն ու առավելությունները տանում իրենց հետ՝ առօրյա կյանքում այդուհետ կիրառելու»,– բացատրում է Գաբրիելը։
 

Քաղաքացիները կարող են փոխել իրավիճակը

Նախքան իր 23-րդ ուղեւորությունը՝ Գաբրիելը մտորում է այն փոփոխության մասին, որը սովորական քաղաքացին կարող է բերել դժվարին իրավիճակներում. «Մասնակից դառնալը՝ քաղաքացիական հասարակության անունից, կարեւորագույն նշանակություն ունի հումանիտար աղետների հիմնախնդիրները լուծելու եւ ապագա ճգնաժամերը կանխելու գործում։ Ինչպես պատմության ընթացքում՝ նորից ու նորից համոզվում ենք, որ մեր առաջնորդները միշտ չէ, որ ճիշտ քայլեր են անելու։ Մենք պիտի դրդենք նրանց գործել մարդասիրության արժեքներից ու սկզբունքներից ելնելով»։

«Սովորական» մարդիկ եւս շատ բան ունեն առաջարկելու, եթե իրենք իրենց համար գործելու հնարավորություն ստեղծեն։ Ուսուցիչները, մարզիչները, ճարտարագետները, ծրագրավորողները եւ մյուսներն այնպիսի հմտություններ ունեն, որոնք ուղղակիորեն առնչվում են փախստականների ճամբարներում պահանջվող կարիքներին, ինչքան էլ դրանք հեռու լինեն։

Ըստ Գաբրիելի՝ iACT-ը հավատում է, որ եթե ուզում ենք կասեցնել բռնության, աղքատության ու անուշադրության նոր փուլերը, հարկավոր է մասնակցության նոր մշակույթ»։

Գաբրիելի ներգրավվածությունը մարդասիրական ոլորտում պատահական չէր։ Կալիֆորնիայի պետական համալսարանի շրջանավարտ լինելով՝ նա, նախքան իր կյանքը կնվիրեր Դարֆուրի փախստականներին օգնելուն, մասնագիտացել է վարքի մասին գիտություններում, աշխատել իբրեւ ընտանեկան խորհրդատու՝ ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաների եւ նրանց ընտանիքների հետ։

                              Գաբրիել Սթորինգը Դարֆուրի փախստականների ճամբարում

Գաբրիելը շարունակ մտածում է, որ մինչ օրս փախստականների ճամբարներում ապրող երեխաները կարող էին իր երեխաները լինել, ինչն էլ նրան դրդում է առավել մեծ եռանդով տրվել իր ազնիվ գործին։

«Հիմա աշխարհում ավելի քան 60 միլիոն փախստական կա, ինչը մեզ ստիպում է ավելի մեծ ջանքեր ներդնել եւ նոր լուծումներ գտնել այժմ արդեն աշխարհին առնչվող հիմնախնդիրներին։ Բռնությունների հետեւանքով տեղահանվածներին օգնելիս ամենակարեւորը նրանց ցավը կիսելն ու կարեկցելն է: Եթե ուզում ենք դրական քայլ կատարել ավելի հուսադրող ու խաղաղ աշխարհ ստեղծելու ուղղությամբ, ապա պետք է գիտակցենք, որ ամեն առանձին երեխայի բարություն բավարար է՝ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար, եթե միայն նրան թույլ տրվի այդ բարությունն իրացնել»,– հավատով նշում է Գաբրիելը։