Aurora Dialogues առցանց քննարկումը՝ «Խոցելի լինելուց մինչեւ առաջնորդ դառնալը. կանայք կերտում են ապագան՝ անտեսելով խոչընդոտները» խորագրով, տեղի ունեցավ 2023 թ. մայիսի 15-ին` ներկայացնելով կին առաջնորդների ամբողջ աշխարհից: Քննարկումը վարում էր Common Purpose եւ Women Emerging կազմակերպությունների հիմնադիր Ջուլյա Միդլթոնը, բանախոսներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը, «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ընկերակցության հիմնադիր եւ ղեկավար Շադ Բեգումը, Ամերիկյան միջազգային համալսարանի նախագահ Մարջի Էնսայնը եւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն:
Բացման խոսքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը խոսեց մարդասիրական այս շարժման եւ կանանց զորացման միջեւ եղած սերտ կապի մասին: ««Ավրորան» անվանակոչվել է ի պատիվ մի կնոջ, որը, չնայած բոլոր դժվարություններին, համառորեն ներկայացրեց իր պատմությունն ու ոգեշնչեց նախաձեռնելու Ամերիկայի առաջին բարեգործական շարժումը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում մենք հավատում ենք, որ ամեն օր մարդիկ բացառիկ գործ են անում: Դրա նախապայմանը պարզապես տեղում լինելն է, իսկ կանայք, ըստ անհրաժեշտության, միշտ տեղում են»,- նշեց Արմինե Աֆեյանը՝ մինչեւ այդ ներկայացնելով նաեւ, թե ինչպես է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր գոյության առաջին ութ տարիների ընթացքում բարեփոխել հարյուր հազարավոր կանանց կյանքեր ամբողջ աշխարհում:
Մասնակիցները քննարկեցին նաեւ այլ կանանց դերն իրենց՝ առաջնորդ դառնալու ճանապարհին, ու թե ինչպես են իրենք ոգեշնչվել իրենց ընտանիքներից: Խոսելով այն մասին, թե ինչ է մանուկ հասակում իր մորից սովորել 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն՝ հիշեց. «Ամեն անգամ, երբ նա գնում էր որպես միջնորդ օգնելու տեղացիներին եւ եվրոպացի միսիոներներին, չէր մոռանում հոգալ մեր մասին: [Նա ինձ ցույց տվեց, որ] կանայք կարող են լինել հակամարտություններ կարգավորող անձինք եւ կարող են առաջնորդել ու նպաստել երկրում խաղաղության հաստատմանը»:
«Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ընկերակցության հիմնադիր եւ ղեկավար Շադ Բեգումն ընդգծեց ճանաչման արժանանալու կարեւորությունը, ու թե ինչպես է այն օգնում շարունակելու այդքան ծանր աշխատանքը. «Ամեն անգամ իմ համայնքում կամ որեւէ այլ մակարդակում հաջողության հասնելիս, նույնիսկ եթե ճանաչման եմ արժանացել այլ համայնքների, խմբերի կամ կազմակերպությունների կողմից, ազգային կամ միջազգային մակարդակում, ես միշտ գիտակցում եմ, թե որքան մեծ է իմ կատարած աշխատանքի կարիքը: Ու ես պետք է հիշեմ այն փոփոխության մասին, որը ցանկանում եմ իրականացնել մեր համայնքներում»,- ասաց Շադ Բեգումը:
Մեկ այլ կարեւոր գործիքի եւ դերակատարի՝ կրթության մասին բարձրաձայնեց Ամերիկյան միջազգային համալսարանի նախագահ Մարջի Էնսայնը, երբ խոսքը վերաբերում է սոցիալական փոփոխությունների իրականացմանը: Նա խոսեց իր փորձի մասին՝ դեպի փոքրիկ Յոլա քաղաք ներքին տեղահանվածների ներհոսքի ժամանակ, երբ նախագահում էր Նիգերիայի ամերիկյան համալսարանը: «Համալսարանները պետք է ներգրավված լինեն սոցիալական փոփոխություններում: Յուրաքանչյուր գլոբալ, տեղական եւ ազգային մարտահրավերի դեպքում, որին բախվում ենք մեր օրերում, համալսարանները պետք է խորապես ներգրավված լինեն դրական սոցիալական փոփոխությունների իրականացման մեջ»:
Բանախոսները հույս ունեին ոգեշնչելու կին առաջնորդների նոր սերնդին` ներկայացնելով սեփական պատմությունները ձեռքբերումների, մարտահրավերների եւ անհաջողությունների մասին: Եվ նրանց օրինակն, անշուշտ, մեծ արձագանք ունեցավ UWC Դիլիջանի միջազգային դպրոցի երեք երիտասարդ ուսանողների մոտ, որոնք միացել էին քննարկմանը` ներկայացնելու իրենց մտորումները:
Այս տարի ավելի վաղ 2022-2023 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող ճանաչված «Կոմբիլի» թիմի անդամ Ալդա Աֆլաթունին ներկայացրեց նախագծի վրա աշխատելիս իր արած բացահայտումները: «Այդ ընթացքում ես իսկապես հասկացա, որ պետք չէ լինել այն ուժեղ եւ անկախ կինը, որն ամեն ինչ անում է միայնակ եւ բոլորին պետք է ապացուցի, որ, այո, ես պետք է պայքարեմ եւ կարող եմ անցնել այդ ամենի միջով, եթե պարզապես փոքր-ինչ ավելին պայքարեմ, ու, ի վերջո, ամեն ինչ հրաշալի կլինի: Փորձելով այդպես անել՝ ես ուղղակի շատ հոգնածություն էի զգում»,- բացատրեց Ալդա Աֆլաթունին:
Որպես երիտասարդ առաջնորդ՝ UWC Դիլիջանի ուսանողուհի Սեյնաբու Գորգուի Ֆայեի համար չափազանց կարեւոր էր բարությանը բարությամբ պատասխանելու գաղափարը՝ օգնելու այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են քեզ. «Դա շատ կարեւոր բան է, քանի որ դու ապրում ես եւ մեծացել ես մի համայնքում, որտեղ մարդիկ քեզ ուժ են տվել հասնելու այնտեղ, որտեղ հիմա կանգնած ես: Ես իսկապես կցանկանայի դա անել ապագայում: Բայց ես նաեւ կարծում եմ, որ իմ համայնքը միայն այն երկիրը չէ, որտեղ ծնվել եմ՝ Սենեգալը, այլ ամբողջ աշխարհը»:
Նրա հետ համակարծիք էր նաեւ UWC Դիլիջանի ուսանող եւ «Կոմբիլի» թիմի անդամ Քեյթլին Իփը: Նա շեշտեց, որ անձնական վախերի պատճառով հետ կանգնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ մեծ պատկերի վրա, որից շահում են մյուսները: «Երբեմն կարող ես խճճվել քո առաքելության մեջ: Դու միշտ փորձում ես ձգտել կատարելության՝ հասնելու նրան, որը, կարծում ես, կլինի լավագույն արդյունքը: Եվ երբեմն դու կորցնում ես սկզբնական նպատակը, որն իր ազդեցությունը կունենար քո համայնքի մարդկանց վրա: Այն, ինչ անում ենք, համայնքի համար է, ոչ թե մեզ համար», - նշեց Քեյթլին Իփը:
Ամփոփելով քննարկումը՝ Common Purpose եւ Women Emerging հիմնադիր Ջուլյա Միդլթոնը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ խրախուսեց կին առաջնորդներին գործել՝ փորձելով իրենց իբրեւ թուլությունները վերածել ուժեղ կողմի: «Թող ինձ մոտ, որքան հնարավոր է, երկար ձգվի ինքնակոչի սինդրոմը, եթե այլընտրանքը մտածելն է, թե ամեն ինչ գիտեմ: Ավելի լավ է միշտ ունենալ ինքնակոչի սինդրոմ, եթե այն օգնում է լինել համեստ, չկտրվել իրականությունից, լսել ուրիշներին, մոտ լինել քո համայնքին, կրթել մարդկանց»,- ասաց Ջուլյա Միդլթոնը:
Ամբողջական քննարկման անգլերեն տարբերակը կարող եք դիտել ստորեւ: